Մատչելիության հղումներ

«Միասնության» ղեկավարը հայտարարում է, որ խորհրդարանում կատարվածը «դրսի ուժերի» պատվերն էր





Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի մեծամասնությունը անցած նստաշրջանի վերջին եռօրյայի իրադարձությունները համարում են խորհրդարանական ճգնաժամի դրսեւորում: Այդպես չի համարում, սակայն, «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Խորհրդարանական մեծամասնության ղեկավարի խոսքերով, նախորդած երեք օրերին խորհրդարանում կատարվածը «պատվիրված էր դրսի ուժերի կողմից»: Գալուստ Սահակյանը վերլուծություններ է կատարել, որոնց արդյունքում հանգել է նրան, թե ընդդիմադիր պատգամավորների կողմից ամբիոնը գրավելը Հարավային Կովկասի նկատմամբ գերտերությունների վարած քաղաքականության դրսեւորումն է: Սահակյանը գտնում է, որ գերտերություններին «պետք չէ» քաղաքական կայունությունը Հայաստանում: Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը, սակայն, հրաժարվեց ճշտել, թե գերտերություններից որին նկատի ունի:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հրապարակեց հայտարարություն, որով խմբակցությունը Ազգային ժողովի ղեկավարությանը եւ հանրապետության նախագահին կոչ է անում «իրենց լիազորությունների շրջանակում քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակի պատճառները վերացնելու, երկրի հեղինակությունը անօրինական գործողություններից պաշտպանելու ուղղությամբ»:

Աղվան Վարդանյանը ընդունելով, որ խորհրդարանում ճգնաժամ է առաջացել, այդուհանդերձ, հավելեց, որ իրենց հայտարարությունը խորհրդարանը լուծարելու կոչ չէ:

«Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը կարծիք հայտնեց, որ եթե Սեւանա լճի հարցով կազմավորված ժամանակավոր հանձնաժողովն էլ նախագահի իմփիչմենթի հարց հարուցեր, ապա այն պիտի դառնար օրակարգի սեփականություն: «Այդպիսին է կանոնակարգի պահանջը», - հայտարարեց նա:

Ագրոարդյունաբերողների խումբը ներկայացնող պատգամավոր Հենրիկ Գրիգորյանը «անհեթեթ» որակեց նման պնդումները: Այն, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի այդ դրույթը անհեթեթ է, ընդունում են շատերը: Սակայն նույն Ագրոարդյունաբերողների պատգամավորական խումբը, ինչպես լրագրողների հարցերին ի պատասխան, ընդունեց Հենրիկ Գրիգորյանը, ժամանակին կողմ էր քվեարկել ԱԺ նոր կանոնակարգին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG