Մատչելիության հղումներ

Ստամբուլում Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի Վարդան Օսկանյանը


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը, հունիսի 25-ին Ստամբուլում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Գագաթնաժողովը հոբելյանական է՝ նվիրված Սեւծովյան տնտեսական համագործակցության ստեղծման 10-ամյակին: Առայժմ պաշտոնական հայտարարություններ չեն արվել Ստամբուլում Հայաստան-Թուրքիա, ինչպես նաեւ Հայաստան - Թուրքիա - Ադրբեջան հանդիպումները շարունակելու մասին:

Երեք երկրների արտգործնախարարները առաջին անգամ հանդիպեցին անցած մայիսին Ռեյկյավիկում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրերին: Երկկողմ հանդիպումները նախապատրաստող դիվանագետների բանակցությունների մասին նույնպես նորություններ չկան: Գաղտնի համարվող այս բանակցություններին հայկական կողմից մասնակցում է արտգործնախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության ղեկավար Կարեն Միրզոյանը: Նա դեռեւս Երեւանում է, ոչ մի տեղ չի մեկնել: Ըստ թուրքական մամուլի, մեկշաբաթյա գաղտնի բանակցությունները անցկացվելու են Վիեննայում կամ ժնեւում:

Թեեւ արտգործնախարարների երկկողմ եւ եռակողմ հանդիպումների մասին պաշտոնապես չի ասվում, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք տեղի կունենան:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG