Մատչելիության հղումներ

Խորհրդարանն անցավ ձեռնամարտի ու հայհոյանքների





Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին եռօրյայի երկրորդ նիստն էլ այսօր տապալվեց: Նախագահ Քոչարյանի պաշտոնանկությանը դեմ հանդես եկող պատգամավորները, հարցը օրակարգում չընդգրկելու նպատակին հասնելու համար չխորշեցին անգամ ընդդիմադիրներից մեկի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելուց:

Նիստի սկզբից խորհրդարանական մեծամասնությունը որոշել էր ամբիոնը չթողնել նախագահի պաշտոնանկության հարցը օրակարգում ընդգրկել պահանջող ընդդիմությանը, ուստի մինչ Արամայիս Բարսեղյանը, Ղուկաս Ուլիխանյանը եւ ընդդիմադիր այլ պատգամավորները կհասցնեին գրավել ԱԺ կենտրոնական ամբիոնը, այն արդեն զբաղեցրել էր բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, իսկ Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ պատնեշել ու թույլ չէր տալիս, որ ընդիմադիրները բարձրանան ամբիոն:

Աստիճանաբար նախագահության առջեւ հավաքվեց դահլիճում ներկա պատգամավորների մեծամասնությունը՝ բացառությամբ Դաշնակցություն եւ Հայկոմկուս խմբակցություններից: Հավաքվածները հիմնականում պաշտոնանկության գործընթացը սկսելուն դեմ պատգամավորներն էին, որոնց մի մասը սոսկ ցուցադրում էր իր դեմ լինելը, մյուսների նպատակը ընդդիմադիր պատգամավորներին ամբիոնի մոտից հեռացնելն էր, երրորդներինը՝ ընդդիմադիրների նկատմամբ ուժի գործադրումը կանխելը:

Ֆիզիկական ուժ, այդուհանդերձ, գործադրվեց: «Ժողովրդական պատգամավոր» խումբը ներկայացնող Լեւոն Սարգսյանը բռունցքով հարվածեց ընդդիմադիր պատգամավորներից Արամայիս Բարսեղյանին: Դժվար է ասել, թե դրան ինչ կհաջորդեր, եթե տեղի չունենար հետեւյալը. «Հայաստան» խմբից պատգամավոր Հակոբ Հակոբյանը ամենաթունդ հայհոյանքները տեղաց պատգամավորների հասցեին: Բոլորն անշարժացան տեղերում, ոչ ոք, սակայն, ոչինչ չպատասխանեց, իսկ Հակոբ Հակոբյանը, քայլերն ուղղելով դեպի ելքի դուռը, գոռաց, թե վայր է դնում պատգամավորական մանդատը՝ այն նետելով Ազգային ժողովի նախագահության ուղղությամբ:

Հայտարարված ընդմիջումից հետո եղավ անգամ մի պահ, երբ թվաց, թե կողմերը հանգել են փոխզիջման՝ պաշտոնանկության հարցը օրակարգում ընդգրկել հրաժարվող Արմեն Խաչատրյանի գործողությունների օրինականությունը պարզելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան: Քիչ անց, սակայն, ակնհայտ դարձավ, որ կողմերը համաձայնության չեն եկել:

Դրանից հետո Արմեն Խաչատրյանը մի քանի անգամ փորձեց շարունակել խորհրդարանի աշխատանքը, բայց ամեն անգամ, երբ զեկուցողը սկսում էր խոսել, զուգահեռ բարձրախոսով նրան խանգարում էին ընդդիմադիր պատգամավորները: Այսպիսով ԱԺ այս նստաշրջանի վերջին եռօրյայի երկրորդ նիստը նույնպես խափանվեց:

Այսօր էլ Ազգային ժողովի շենքի մոտ հավաքվել էին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց համախոհները:

«Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող Արտակ Զեյնալյանը հավաքվածներին ասաց, որ երեկ եւ այսօր խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանը խախտել է ԱԺ կանոնակարգ-օրենքը. պաշտոնազանցություն թույլ տալով նախ հայտարարել է նիստի հետաձգումը մինչեւ հաջորդ օրը, ապա՝ 16.30-ին փորձել է շարունակել նիստը:

«Կուսակցությունների համագործակցությունը պատրաստել է դիմում-հայտարարություն հանցագործության մասին՝ Արմեն Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար», - ասաց նա: - «Նա թույլ է տվել հանցագործություն եւ պետք է պատժվի»:

Վաղը Ազգային ժողովը կրկին կփորձի շարունակել աշխատանքը:


Արմեն Զաքարյան եւ Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG