Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորները տապալում են Ազգային ժողովի նիստը





Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին հերթական առօրյայի առաջին նիստը երկուշաբթի օրը փաստորեն չկայացավ: Մոտ մեկ տասնյակ ընդդիմադիր պատգամավորներ, ի պատասխան խորհրդարանի ղեկավարության կողմից նախագահ Քոչարյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին որոշման նախագիծը օրակարգում չընդգրկելուն, բարձրացան ամբիոն՝ այդպիսով տապալելով նիստը:

Մայիսի 29-ին խորհրդարանում «Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի եզրակացության ներկայացումից նետո «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը ներկայացվող պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանը, վկայակոչելով ԱԺ նոր կանոնակարգը, հայտարարեց, որ հենվելով հանձնաժողովի եզրակացության վրա, առաջարկում է Աժ օրակարգ մտցնել նախագահ Քոչարյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին որոշման նախագիծ:

Դրանից հետո բազմաթիվ կողմ եւ դեմ կարծիքներ են հնչել: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի մեծամասնությունը դեմ էր արտահայտվել՝ պնդելով, թե առաջարկությունը չի բխում «Հոկտեմբերի 27»-ի հանձնաժողովի եզրակացությունից: Անցած ուրբաթ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը եռօրյայի օրակարգին նվիրված խորհրդակցությունից հետո ասել էր, թե իր որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը:

Այսօրվա նիստը, սակայն, սկսվեց ոչ թե խոսնակի որոշման հրապարակմամբ, այլ՝ «տրամադրությունների շոշափումից». քվեարկության դրվեց եւ չանցավ (43 կողմ, 42 դեմ եւ 5 ձեռնպահ) օրակարգի ձեւավորման ընթացակարգը հեռուստատեսությամբ հեռարձակելու մասին որոշման նախագիծը:

Դրանից հետո արդեն նիստը նախագահող Արմեն Խաչատրյանը ներկայացրեց օրակարգը՝ առանց նախագահի իմփիչմենթի հարցի: Դրան հետեւեցին 24 ելույթ: Պաշտոնանկությանը դեմ արտահայտվեցին «Միասնություն», «Օրինաց Երկիր», ՀՅԴ խմբակցությունները եւ Ագրոարդյունաբերողների պատգամավորական խումբը:

Արմեն Խաչատրյանը կրկնեց պաշտոնանկությանը դեմ հանդես եկողների փաստարկները, թե արված առաջարկությունը չի բխում «Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի եզրակացությունից:

«Հանձնաժողովի առջեւ դրված խնդիրների եւ հանրապետության նախագահի պաշտոնանկության հարցի միջեւ իրավաբանական կապ չկա», - ասաց Արմեն Խաչատրյանը: - «Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ որոշման նախագիծը հիմնված չէ հանձնաժողովի եզրակացության վրա»:

Պաշտոնանկության կողմնակիցներն էլ պնդեցին իրենց փաստարկները, թե հարցը արդեն օրակարգում է, եւ Արմեն Խաչատրյանը, հրաժարվելով դա ֆիքսել, խախտում է օրենքը:

Լարվածությունը գագաթնակետին հասավ, երբ մոտ մեկ տասնյակ պատգամավորներ, այդ թվում՝ Խորեն Սարգսյանը, Արամայիս Բարսեղյանը, Ալեքսան Կարապետյանը, Ստեփան Զաքարյանը, Ղուկաս Ուլիխանյանը, Մանուկ Գասպարյանը բարձրացան ամբիոն՝ այդպիսով խափանելով նիստի աշխատանքը:

Իսկ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները ու նրանց մի քանի հարյուր համախոհները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ, ինչպես մի քանի անգամ նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը՝ միայն ճնշում գործադրելու: «Մեր խնդիրն է Ազգային ժողովում քննարկման դնել այդ որոշման նախագիծը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բազեյանը:

Կազմակերպիչները հավաքվածներին հորդորում էին սադրանքների չգնալ, զգուշանալ եւ խորհրդարանի շրջակայքում հավաքված բազմաթիվ իրավապահների հետ կոնֆլիկտի մեջ չմտնել:

Երբ պարզ դարձավ, որ այսօրվա նիստը տապալվել է, եւ իրադարձությունները զարգանալու են վաղը, ցույցի կազմակերպիչները հավաքվածներին կոչ արեցին վաղը նույնպես հավաքվել ԱԺ շենքի մոտ:

«Անընդհատ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկության գործընթացից փախչել չի կարող: Այդ հարցը անպայման պիտի քննարկվի եւ ուղարկվի Սահմանադրական դատարան», - ասաց Ալբերտ Բազեյանը:


Արմեն Զաքարյան եւ Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG