Մատչելիության հղումներ

Բարելավվել է ջրի վարձավճարների հավաքագրումը


Երեւանում ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգի կառավարիչ՝ իտալական «Էյ Յութիլիթի» ընկերության եւ Հայաստանի Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում հայտարարեցին, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արձանագրված ջրի վարձավճարների հավաքագրման աճը հնարավորություն է տալիս 2004 թվականին ապահովել մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարումը:

Այս տարվա առաջին եռամսյակում բաժանորդներից հավաքագրվել է 80 միլիոն դրամ վարձավճար: «Էյ Յութիլիթի» ընկերություն ներկայացուցչի խոսքերով, աճը հիմնականում ապահովվել է շարքային սպառողների մուծումների շնորհիվ: «Սա շատ կարեւոր է», - ասաց Մուրադ Գրիգորյանը, - «որովհետեւ ջրի ծավալի 80 տոկոսը օգտագործում է բնակչությունը»:

Երկու տարի առաջ, երբ իտալական ընկերությունը ստանձնեց Երեւանի ջրամատակարարման կառավարչի պարտականությունները, բնակչության՝ ջրի դիմաց մուծած գումարները կազմում էին ծախսվածի միայն 12 տոկոսը: Ըստ պաշտոնյաների, 1997 թվականից պաշտոնապես հաշվարկված պարտքը կազմում է 27 մլրդ դրամ, որից բնակչությանը բաժին է ընկնում 22 միլիարդը:

Մուրադ Գրիգորյանը կտրականապես հերքեց շրջանառվող լուրերը, թե Քանաքեռ եւ Նոր Նորք թաղամասերում ջրի սակավության պատճառը Ջրաշխարհն է, ուր լողավազաններում օգտագործվում է խմելու ջուր:

Գոհացուցիչ գնահատվեցին նաեւ աշխատանքները այն ծրագրի շրջանակներում, որի նպատակը 2004 թվականին մայրաքաղաքը շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելն է: «Էյ Յութիլիթի» ընկերություն ներկայացուցչի խոսքերով, արձանագրված դրական միտումները հնարավորություն են ընձեռում չփոփոխել ծրագրի ավարտի նախատեսված ժամկետը:

Պաշտոնյաները տեղեկացրին, որ Երեւանում 112 բազմահարկ շենքեր արդեն ունեն շուրջօրյա ջրամատակարարում: 2002 թվականին քաղաքում տեղադրվել է մոտ 2000 ջրաչափ, որից 1300-ը՝ բնակիչների կողմից: Կոտայքի մարզը ամբողջությամբ աշխատում է ջրաչափերով, իսկ Արարատի մարզի 39 գյուղերում ջրաչափերը կտեղադրվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Հատկապես այս մարզերի ընտրությունը «Էյ Յութիլիթի»-ի ներկայացուցիչը բացատրեց այն հանգամանքով, որ այս մարզերով են անցնում Երեւան մտնող ջրատարները, եւ այդտեղ վերահսկողության ուժեղացումը էապես կկրճատի խմելու ջրի՝ ներկայումս 65 տոկոս կազմող կորուստները:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG