Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյանի շահերի պաշտպանը պատրաստվում է բացարկ հայտնել դատավոր Ուզունյանին





«Հոկտեմբերի 27»-ի դատավարությունում Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի՝ Արամ Սարգսյանի շահերը ներկայացնող ռուսաստանցի փաստաբան Օլեգ Յունիշեւը չորեքշաբթի օրը հայտարարեց, թե կարող է բացարկ հայտնել դատավոր Սամվել Ուզունյանին՝ եթե վերջինս շարունակի խոչընդոտել արդարադատությանը:

Ռուսաստանցի փաստաբանն ասաց, թե բացարկ հայնելու մասին վերջնական որոշումը կընդունվի իր՝ դատարանին ներկայացնելիք մի շարք միջնորդություններից հետո: Այդ միջնորդությունների բովանդակությունը Յունիշեւը չհրապարակեց:

Իր մտադրությունը փաստաբանը հիմնավորեց գործին առնչվող տեսաերիզների կապակցությամբ ծագած խնդիրներով. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում իրականացված սպանդի եւ դրան հաջորդած իրադարձությունների երկրորդ տեսաերիզը վերջերս է միայն կցվել գործին, գործի նյութերում մինչեւ այժմ չկա 1999 թվականի հոկտեմբերի 28-ին նկարահանված տեսաերիզը, երբ պաշտպանության նախարարություն էր գնացել այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը: Վերջինս 2000 թվականի գարնանը «Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալվել էր, սակայն մի քանի ամիս անց
ազատ էր արձակվել՝ ապացույցների բացակայության պատճառով:

Իսկ դատավարության այսօրվա նիստում ցուցմունքներ էր տալիս ամենակարեւոր վկաներից մեկը՝ ազգային անվտանգության փոխնախարար Գրիգոր Գրիգորյանը, որը ոչ միայն Ազգային ժողովի դահլիճում էր ահաբեկչության ժամանակ, այլեւ հիմնականում ինքն էր վարել բանակցությունները Նաիրի Հունանյանի խմբի հետ: Այդ բանակցությունների արդյունքում, ինչպես նաեւ հանդիպելով Ալեքսան Հարությունյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, ահաբեկիչները որոշել էին հանձնվել՝ դռնբաց դատավարության, անվտանգության երաշխիքների եւ օբյեկտիվ նախաքննության շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG