Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Տխուր հարց» խորագրի տակ է «Օրրան» թերթի մեկնաբանը մտորում՝ «Ինչ-որ բան, ի վերջո, հնարավո՞ր է, թե՞ ոչ», եւ խտացրել է այսպիսի մտքեր. «Չեմ կարողանում հավատալ, որ նախագահ Քոչարյանին լրջորեն պաշտոնազրկում է սպառնում... Ինձ թույլ եմ տալիս կասկածել նրանց անաչառությանը, ովքեր նոր են նախաձեռնում նախագահին պատասխանատվության կոչելու գործը: Ինձ թույլ եմ տալիս կասկածել նաեւ քաղաքական ուժերի անկեղծությանը: Չափազանց շատ են փաստերը, երբ կուսակցությունների ղեկավարները հանկարծ հանդես են եկել իրենց տեսակետների հերքմամբ ու «նոր» դիրքորոշումներ են որդեգրել, որ իրենց համար արտահայտվել է անձնական հաջողություններով: Չեմ հավատում նաեւ այն պատճառով, որ իշխանափոխության ամբողջ հույսը դնում են խորհրդարանի վրա, իսկ խորհրդարանում քաղաքական մեծամասնությունը նախագահի թիկունքին է»: «Ընդհանրապես , գրեթե ամեն ինչ էլ քիչ է հնարավոր: Քանի դեռ, գոնե մեջտեղում, լուրջ մարդ չկա», - եզրափակել է մեկնաբանը:

«Հունիսի 2-ին Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները աննախադեպ էին անգամ այդ անկազմակերպ ու ներքնապես պառակտված երկրի համար», - անդրադարձել է «Հայոց Աշխարհ» թերթը: - «Վրաստանում փաստորեն չգործեց գործադիր իշխանության «կարգավորող» ուղղահայացը, որի առկայությունը ժողովրդավարական լուրջ ավանդույթներ չունեցող նորանկախ երկրներում, ըստ էության, կանխորոշում է ընտրությունների արդյունքները»: Առանց դրա «գործադիր իշխանությունն ինքը տրոհվում է կոռումպացված չինովնիկների առանձին խմբերի, սկիզբ է առնում դաժան պայքար եկամուտների բաշխման ու վերաբաշխման համար, ուր վճռորոշ դերակատարություն է ձեռք բերում կիսաքրեական-կիսաքաղաքական հեղինակությունների բարդ խճանկարը»: Այսպես անցնելով «Ինչպե՞ս խուսափել Վրաստանի տխուր փորձի կրկնությունից» զուգահեռին, «Հայոց Աշխարհ»-ի տեսաբանը նախ հուսադրում է, թե «ճիշտ է, երկու երկրներում էլ իշխանության տեղական մարմինների սերտաճումը տնտեսական ոլորտի ու մասամբ էլ քրեական հեղինակությունների հետ ընդունել է սպառնալից կերպարանք եւ ընտրությունների ընթացքում այն դրսեւորվում է համապատասխան լծակների ու կաշառքների գործադրման տեսքով: Սակայն մեզանում ավելի ուժեղ է գործադիր իշխանությունը եւ մանավանդ նրա ուժային հատվածը»: Այսուհանդերձ, վերլուծականի ավարտը միանշանակ լավատեսության չի հակում. «Աշնանը Հայաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում լուրջ դերակատարություն չստանձնելու դեպքում Հայաստանի քաղաքական կուսակցությունները իրենց դիրքերը վերջնականապես զիջելու են թաղային հեղինակություններին ու տեղական իշխանիկներին: Տվյալ վտանգը նույնիսկ ավելի մեծ է, քան Վրաստանում, ուր խորհրդարանն ու բազմակուսակցական համակարգը անկասկած ավելի ուժեղ են ու հեղինակավոր»:

«Վրացիները հաղթեցին», - մեկ այլ տեսանկյունից շեշտում է «Առավոտ» թերթը: - «Ժողովուրդն ընդդիմացավ ընտրելու իր իրավունքի վրա բռնացած իշխանություններին եւ ընտրությունները տարավ իր ցանկացած հունով։ Դժվար թե Շեւարդնաձեի կողմնակիցների փորձը ընտրություններ կեղծելու գործում զիջում է Հայաստանի իշխանությունների փորձին։ Ընդհակառակը, Եվրախորհրդի դիտորդների եզրակացությունից դատելով, ընտրակեղծիքների մասշտաբով վրացիները մեզնից էլ են անցել: Մենք՝ հայերս, բացառում ենք արդար ընտրությունների հնարավորությունը՝ ելնելով մեր սեփական փորձից։ Իշխանության լծակները իսկապես հզոր գործոն են ընտրություններում։ Սակայն», - վրացական օրինակն է մատնանշում «Առավոտ»-ը, - «դրանք կարելի է հաղթահարել, եթե ժողովուրդն իրեն անկեղծորեն երկրի տեր է համարում»:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատականով, այսօրվա իշխանությունները «ձեւականորեն ազգայնական են, բովանդակությամբ՝ պատեհապաշտ: Սկզբում գործում էին սոցիալիստական դիրքերից, վերջին շրջանում՝ լիբերալ-էգոիզմի»: «Մեզ «վայրի լիբերալիզմի» մեջ մեղադրող օրվա իշխանությունները իրականում շատ ավելի անվերահսկելի քայլեր կատարեցին», - ասում է նա «Օրրան»-ի հարցազրույցում: - «Ցանկացած պահի տնտեսությունը կարող է պայթել»: Նախկին վարչապետի հայացքով, առավելագույնս խորանում է պետականության քայքայմանը հանգեցնող եւս մեկ միտում. «Վաղը ուժայինները լինելու են ավելի հզոր, եւ նրանց իշխանությունը կբացարձակացվի... Դա աննորմալ եւ վտանգավոր զարգացում է: Հասարակությունը չի կարող երկար դիմանալ այս վիճակին, երբ ուժային նախարարություններում կազմվում են ապագա պատգամավորների ցուցակները, կազմվում է ներմուծվող ու արտահանվող ապրանքների քվոտավորումը»:

«Քաղաքական կուլիսներում գնալով ավելի համառ են դառնում խոսակցությունները ներքին գործերի նախարարության եռատման մասին», - փոխանցում է «Հայկական ժամանակ» թերթը: - Եվ ենթադրվում է, որ այսպես է լուծում տրվում «ներքին գործերի նախարարի պաշտոնի շուրջ ընթացող ներիշխանական պայքարին»: «Առավոտ»-ի մեկնաբանն էլ գրում է. «Ներքին գործերի համակարգի, այսպես կոչված, բարեփոխումներն, այն էլ 2003-ի ընտրությունների շեմին, զուտ քաղաքական նշանակություն ունեն: Ռ.Քոչարյանը տրամաբանորեն չի կարող իրեն շռայլություն թույլ տալ՝ ՆԳ նախարարի պաշտոնակռվի պատճառով իր երկու հիմնական հենարանների՝ ուժային կառույցների եւ ՀՅԴ-ի միջեւ ընտրություն կատարել»: «Առավոտ»-ի աղբյուրների պնդմամբ, այդօրինակ «բարեփոխման» ենթակա են նաեւ ազգային անվտանգության եւ պաշտպանության նախարարությունները: Առաջինը «տարանջատվելու է Հետախուզական եւ Հակահետախուզական վարչությունների, իսկ ՊՆ-ի պարագայում ներդրվելու է ղարաբաղյան մոդելը՝ գերատեսչությունը կարող է տարանջատվել բանակի եւ պաշտպանության նախարարության, ըստ էության, «գենշտաբի»: Թե այդ քայլն ում շահերն է շոշափում, կարծում ենք, պարզ է», - ակնարկում է մեկնաբանը:

Թուրք-հայ գործարար միության նախագահ Քաան Սոյաքը «Ազգ»-ի հարցազրույցում, անդրադառնալով թուրք հետազոտողների պատվիրակության Հայաստան այցի ձախողմանը, նշում է. - «Հայկական մամուլում խմբի այցելության մասին հրապարակվեց թյուրիմացությունից բխող սխալ մի լուր, որտեղ ասվում էր, որ խումբը Հայաստանում կայցելի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Երբ այդ լուրը հրապարակվեց, թուրք հետազոտողներն այցելությունը հետաձգեցին, այլ ոչ թե դա չեղյալ հայտարարվեց»։ «Թուրքիա վերադառնալուն պես աշխատելու եմ թուրք հետազոտողների այցելության նոր ժամանակացույցի վրա», - ասում է Սոյաքը, որի լավատես հայացքով՝ «անցած տարիների ընթացքում երկու երկրների միջեւ նկատելի աճել են եւ' առեւտրի, եւ' երկխոսության հնարավորությունները»։ «Որքան էլ թուրքական որոշ շրջանակներում ընդգծվի, թե Տեր-Պետրոսյանի իշխանությունը Թուրքիայի համար հարմար առիթ էր, կարծում եմ, նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք թուրք-հայկական հարաբերություններում կարեւոր քայլեր են կատարվել», - ամփոփում է թուրք գործարարը: - «Մեր երկու երկրների հարաբերություններն ամենեւին նահանջ չեն ապրել»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG