Մատչելիության հղումներ

Վրաստանի պետանվտանգության նախարարությունը հերքում է, թե տվյալներ է տրամադրել «Ջորջիըն թայսմ» թերթին


Վրաստանի պետական անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Նիկոլոզ Լալիաշվիլին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում կտրականապես հերքեց, թե նախարարությունը «հայկական ահաբեկչության» գոյությունն ապացուցող նյութեր ու տվյալներ է հաղորդել Թբիլիսիում լույս տեսնող «Ջորջիըն թամյս» թերթին:

«Դա սուտ է, ոչ մի փաստաթուղթ չի եղել եւ ընդհանրապես դա շատ նման է սադրանքի»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Նիկոլոզ Լալիաշվիլին, վկայակոչելով Վրաստանի պետական անվտանգության նախարարության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարներին, որոնք կտրականապես հերքել են, թե ինչ-որ փաստաղթեր են փոխանցել այդ թերթին:

Մայիսի 27-ին տպագրված «Հայաստանի նախագահի ահաբեկչական անցյալը» ընդարձակ հոդվածում «Ջորջիըն թայմս» թերթը Հայաստանին ահաբեկչությունը հովանավորելու անհիմն, ծանր մեղադրանքներ էր ներկայացրել: Ըստ այդմ՝ հայկական ահաբեկչությունը ապակայունացնող գործոն է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Վրաստանի, Թուրքիայի, Արեւմտյան Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համար: Իբր կան ապացույցներ, թե Հայաստանի իշխանությունները ահաբեկչական կազմակերպություններին թույլ են տալիս ազատ գործել իրենց երկրում, թե պաշտոնական Երեւանը մի քանի ահաբեկչական կազմակերպությունների զենք է մատակարարում, թե նախագահ Քոչարյանը ահաբեկչական անցյալ ունի: Հրապարակվել է նաեւ տեղեկատվություն, թե այս տարվա մարտին հայկական ահաբեկչական կազմակերպությունները հանդիպում են ունեցել Շվեյցարիայում, ուր այդ կազմակերպությունների առաջնորդները Սամցխե-Ջավախքում անջատողականությունը խրախուսելու, երկրամասի հայկական կազմակերպություններին զինելու նպատակով հանգանակել են միլիոնավոր դոլարներ։

Այդ հոդվածի՝ այսօր տպագրված շարունակության մեջ բանն այնտեղ է հասել, իբր Վրաստանի հատուկ ծառայությունները ունեն հետախուզական տվյալներ, որոնք չեն բացառում հայկական ահաբեկչական կազմակերպությունների կապը Օսամա բեն Լադենի հետ: «Դա բացարձակ աբսուրդ է», - արձագանքեց Նիկոլոզ Լալիաշվիլին:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Վրաստանի պետական անվտանգության նախարարությունում իրական անջատողական վտանգներ են տեսնում Ջավախքում, այդ նախարարության խոսնակը ասաց. - «Անձամբ ես չեմ կարծում, թե նման բաներ կլինեն: Եթե Ջավախքում լարվածություն լինի, դա արհեստականորեն կստեղծվի: Տեղի բնակիչները Վրաստանի իշխանություններին դեմ չեն»:

Այսօր ստացանք նաեւ պաշտոնական Երեւանի արձագանքը: Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ մամուլում տպագրված Հայաստանին վերաբերող ցանկացած հոդված, բնականաբար, ուշադրության արժանանում է եւ, ելնելով հոդվածի բնույթից ու դրանում արծարծված խնդիրներից, համապատասխան վերաբերմունք է դրսեւորվում:

«Ինչ վերաբերում է վերջին հոդվածներին, որ հայտվել են վրացական մամուլում... դրանք կարելի է դասել գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների շարքին», - ասաց արտգործնախարարության խոսնակը: - «Նյութը ընթերցողի համար խիստ ակնհայտ է, որ սա այլ ուժերի թելադրանք , որը բացարձակապես չի կարելի լուրջ ընկալել»:

Բացատրելով «այլ ուժերի թելադրանք» արտահայտությունը, Ջյունիկ Աղաջանյանը ասաց. - «Սա ասվում է, որովհետեւ հայ-վրացական հարաբերությունները միշտ դրված են եղել շատ բարեկամական հիմքերի վրա, եւ չեմ կարծում, որ այդ հարաբերությունների տրամաբանության հետ որեւէ առնչություն կարող են նման հոդվածները ունենալ»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG