Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Չնայած արդեն հնչած որոշ կանխատեսելի հերքումներին, «Իրավունք» թերթը անցած շաբաթվա ընթացքների ենթախորքերից առանձնացրել-առաջին պլան է մղում եզրահանգումը, թե «իշխանության մի թեւն ականներ է դնում մյուս թեւի տակ»: «Իշխանական որոշ թեւերի եւ ընդդիմադիր ճամբարի մի մասի միջեւ առկա են չգովազդվող շփումներ, որոնց արդյունքում ձեռնարկվում են որոշակի քաղաքական քայլեր», եւ այս ամենը, ըստ «Իրավունք»-ի, «ժամանակի ընթացքում կարող է բերել լուրջ վերադասավորումների, եւ չպետք է բացառել, որ այժմ իշխանամետ համարվող ուժերի մի մասը կհայտնվի ընդդիմադիր ճամբարում եւ ընդհակառակը, ներկայիս ընդդիմադիրների մի մասը ակնհայտ կամ քողարկված դաշինք կկնքի իշխանության այս կամ այն թեւի հետ»:

«Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ զրուցած «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը փոխանցում է. - «Սահակյանը, անողոք քննադատելով ընդդիմությանը, գովեստի խոսքեր շռայլեց Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի եւ Բաբկեն Արարքցյանի հասցեին՝ նրանց անվանելով հասուն քաղաքական գործիչներ»:

«Ինփիչմենթը տակտիկական հնարք է», - գրում է «Օր» թերթի մեկնաբանը: - «Այս հարցը Ազգային ժողովի օրակարգի մեջ ընդգրկելը, այն էլ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապելով, մեծ հարված է հասցնում Ռոբերտ Քոչարյանի նախագահական իմիջին»: Մյուս կողմից, «Օրրան» թերթի մեկնաբանի ձեւակերպմամբ, նախագահը բավական հաջող է սկսել նախընտրական առաջին փուլը եւ գոնե առայժմ կարողանում է պարտադրել խաղի իր կանոնները: 2003-ի թե' նախագահական, թե' խորհրդարանական ընտրություններում, սակայն, թելադրողը, ամենակարեւոր դերակատարը պաշտպանության նախարարն է լինելու, - շեշտված է «Օրրան»-ում, - քանզի «բանակը, համաձայն օրենսգրքի փոփոխությունների, ընտրություններում կօգտագործվի իր ամբողջ թվային ներուժով»:

«Իշխանություններն այսօր թույլ են ավելի, քան երբեւէ՝ բոլոր առումներով», - «Օրրան»-ի հարցազրույցում հավաստիացնում է Աշոտ Մանուչարյանը, որի պատկերավորմամբ, այսօր «ընդդիմություն - իշխանություն պայքարը ընթանում է «մթնոլորտի» համար: Մթնոլորտի փոփոխությունն է վճռելու՝ մարդիկ գնում են դեպի նոր դեպրե՞սիա, թե՞ իմպուլս է առաջանում՝ նորացվելու-փոփոխություններ կատարելու համար»: Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հանգել է այն եզրակացության, որ իր հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի դեմ նկատվող որոշակի քարոզարշավի ամենառաջին թիրախը հենց ինքն է, իսկ պատվերը՝ ենթադրաբար «օրվա իշխանությունների կամ էլ նրանում արդեն իսկ որոշակվող թեւերից մեկի»: «Ինչո՞ւ իմ անձը», - «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը: - «Չնայած անհատական առանձին բացառությունների՝ իշխանությունների տարօրինակ, անհասկանալի ու, հաստատապես, չհիմնավորված վախն եմ նշմարում: Չհիմնավորված, քանզի իմ արած որեւէ հայտարարություն, որեւէ քայլ կամ նախաձեռնություն, աներկբա, ուղղված չէ իշխանությունների դեմ... ոչ թե իմ, այլ իշխանությունների եւ միայն նրանց խնդիրն է, որ ազատ, առարկայական, հավասարակշիռ միտքը, խոսքը եւ գնահատականը հենց իրենց օգտին չեն: Իսկ նրանք, փոխանակ այս ամենի պատճառները փնտրեն իրենց մեջ եւ ջանան շտկել սխալները, անզուսպ ու անբարո արշավ են սկսել գրեթե բոլորի՝ այդ թվում նաեւ իմ դեմ»:

Վերջին շրջանում լուրեր են պտտվում, թե ՆԳՆ համակարգը ոչ այն է ցրվելու-վերակազմավորվելու է, ոչ այն է՝ կառուցվածքային խոշոր փոփոխությունների է ենթարկվելու: Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն Եղիազարյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում հաստատում է դա, ավելացնելով. - «Հենց միայն անվան փոփոխությունը, կարգավիճակի իջեցումն ու կառուցվածքի տրոհումը բարոյական ծանր հարված կհասցնեն համակարգի աշխատակիցներին... ՆԳՆ տրոհումը կհանգեցնի երկրում հանցավորության շեշտակի աճի... Հենց որ անպատժելիության մթնոլորտը մի քիչ խորացավ, երկրում սոցիալական պայթյուն տեղի կունենա»:

Հրապարակվեցին բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագրերը: Եվ դրանք, ինչպես նշում է «Հայկական ժամանակ»-ը, «չհիասթափեցրին մեզ. կրկին անգամ կարելի է համոզված պնդել, որ մեր իշխանավորները աշխարհի ամենաազնիվ, ամենաառաքինի, ամենաանկաշառ, ամենա... պաշտոնյաներն են»: Իսկ ավելի լուրջ՝ «Հայտարարագրերին թռուցիկ հայացք նետելով՝ հասկանում ես, որ շատ ավելի լավ կլիներ, եթե այդ օրենքը եւ դրանից բխող հայտարարագրերը չլինեին, քանի որ ժողովրդական բանահյուսությունը կամ մամուլը շատ ավելի ճշգրիտ են տեղեկություններ տալիս բարձրաստիճանների գույքի եւ ունեցվածքի մասին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG