Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն գրանցում է նորընտիր պատգամավորներին


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր բուռն քննարկումներից ու բանավեճերից հետո գրանցեց Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններում թիվ 67 եւ 75 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ Հակոբ Մաթիլյանին եւ Հովիկ Աբովյանին:

Այսօրվա նիստը նման չէր սովորաբար կարճատեւ ու խաղաղ ընթացք ունեցող նման նիստերին, որոնք ավարտվում են նորընտիր պատգամավորներին մատդատների հանձմամբ:

ԿԸՀ-ում «Հայրենիք» դաշինքը ներկայացնող Արմեն Խոջոյանը նոր ընտրախախտումներ ներկայացրեց թիվ 67 ընտրատարածքի ընտրություններից, ուր «Հայրենիք» դաշինքի մեջ մտնող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության թեկնածու Վարդան Մակեյանը պարտություն էր կրել: Մակեյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովից ստացած 1070 անձնագրային տվյալների մեջ 62 կեղծ անձնագրային տվյալներ են հայտնաբերել: Խոջոյանը տեղեկացրեց նաեւ, որ Շիրակում անցկացված այդ ընտրություններում որոշ տեղամասերում օգտագործվել են Սյունիքի մարզի կնիքներ:

Ընտրակեղծիքների փաստն արձանագրելուց եւ ափսոսանք հայտնելուց հետո, թե դրանք տարիներ շարունակ կրկնվում են, հանձնաժողովը, այնուամենայնիվ, որոշեց անցնել պատգամավորի գրանցմանը:

Ի պատասխան Արմեն Խոջոյանի բողոքին, ԿԸՀ-ի նախագահ Արտակ Սահրադյանը ասաց. - «Մեծամասնականի հարցում, ըստ օրենսգրքի 41-րդ հոդվածի, լիազորությունները տրված են մարզային ընտրական հանձնաժողովին, իսկ մենք պարզապես գրանցում ենք»:

Արմեն Խոջոյանը, սակայն, պնդեց, որ ԿԸՀ-ն ոչ թե մեխանիկական գրանցող է, այլ որոշում ընդունող: Բուռն վիճաբանությունն ավարտվեց պատգամավորի գրանցման հարցը քվեարկության դնելու որոշմամբ: Սակայն երբ պարզվեց, որ կողմ են քվեարկել միայն ԿԸՀ նախագահը, քարտուղարը եւ նախագահի տեղակալը, Արտակ Սահրադյանը ընդմիջում հայտարարեց: Նրա առանձնասենյակում կայացած աշխատանքային քննարկումից հետո, արդեն, քվեարկությամբ՝ 7 կողմ, 1 դեմ, 2 ձեռպահ, Հակոբ Մաթիլյանը գրանցվեց որպես Ազգային ժողովի պատգամավոր:

Գրանցվեց նաեւ թիվ 75 ընտրատարածքում հաղթանակած Հովիկ Աբովյանը՝ նույնպես տեղ գտած լուրջ ընտրախախտումները արձանագրելուց հետո:

ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող նախագծում 41-րդ հոդվածը իրենք առաջարկել են վերաձեւակերպվել՝ ԿԸՀ-ին՝ սոսկ գրանցելու փոխարեն, իրավունք տալով «ստուգել, հաստատել եւ գրանցել»:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG