Մատչելիության հղումներ

Երկրորդ համահայկական խորհրդաժողովը ավարտվեց





Այսօր Երեւանում իր աշխատանքն ավարտեց Հայաստան - Սփյուռք երկրոդ խորհրդաժողովը: Չորս աշխատանքային խմբերը եզրափակիչ նիստում իրենց վերջնական զեկույցները ներկայացրին արտասահմանյան 45 երկրների հայության, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 3000 պատվիրակներին:

Եզրափակիչ նիստում աշխատանքային խմբերը ներկայացրին իրենց առաջարկությունները Հայաստան - Սփյուռք հարաբերությունների հետագա բարելավման ուղղությամբ: Որոշ առաջարկներ, սակայն, այնքան էլ հստակ չէին:

«Քաղաքական խնդիրներ, Հայաստան - Սփյուռք հարաբերություններ» աշխատանքային խմբի համադրող Ավստիայում եւ ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպան Ջիվան Թաբիբյանը, ներկայացնելով խմբի առաջարկները ասաց, որ Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերություններն ու գործակցությունը համակարգելու նպատակով ստեղծվելիք Ազգային խորհուրդը կորոշի մյուս՝ օրինակ, Հայաստանի կառավարության կազմում Սփյուռքի նախարարություն ստեղծելու մասին, առաջարկությունների ճակատագիրը:

Մյուս աշխատանքային խմբերում քննարկվել են տեղեկատվությանը եւ զանգվածային լրատվամիջոցներին, տնտեսությանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ կրթությանը, գիտությանը եւ մշակույթին վերաբերող հարցեր:

Խորհրդաժողովի ընդունած հռչակագրում նշվում է, որ հայությունը չի կարող անտարբեր մնալ նոր մարտահրավերներին, որոնք առաջացել են ԱՄՆ-ի սեպտեմբերի 11-ի ողբերջական իրադարձություններից հետո: «Մենք վճռականորեն դատապարտում ենք ահաբեկչությունը, որպես վտանգավոր չարիք մարդկության դեմ», - ասված է հռչակագրում:

Որպես հայ ժողովրդի նորագույն պատմության «մեծագույն նվաճում» հռչակագրում առանձնացվում է Լեռնային Ղարաբաղի ազատագրումը՝ վերահաստատելով ամբողջական պատասխանատվությունը եւ համապարփակ աջակցությունը Արցախի ազատ ինքնորոշման հարցում, ինչպես նաեւ՝ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ:

Հռչակագիրը վերահաստատում է նաեւ աշխարհի բոլոր երկրներում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու իր վճռականությունը: «Խորհրդաժողովը ողջունում է աշխարհի մայրաքաղաքներում հայ ժողովրդի արդարախոհ բարեկամների կողմից տարված բոլոր ճիգերը, որոնք ապացուցում են ցեղասպանության հարցում համաշխարհային հանրության աճող հանձնառությունը»:

Եզրափակիչ նիստում նախագահ Քոչարյանը, ի պատասխան Հայաստանից արտագաղթի չափերի կապակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հնչեցրած մտահոգությանը, ասաց, որ արտագաղթը նվազեցնելու լավագույն ճանապարհը Հայաստանում ներդրումներն ավելացնելն է: Հուրախություն սփյուռքահայերի, Քոչարյանը խոստացավ, որ առաջիկա սահմանադրական հանրաքվեն կվերցնի Հայաստանում երկքաղաքացիության արգելքը:

Եզրափակիչ նիստից հետո Հայաստանի ղեկավարությունն ու խորհրդաժողովի մասնակիցները ուղեւորվեցին Սարդարապատի հուշահամալիր՝ նշելու Հանրապետության տոնը:


Արմեն Զաքարյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG