Մատչելիության հղումներ

«Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովը դադարեցրեց գործունեությունը


Անցած տարվա մայիսի 23-ին ստեղծված «Հոկտեմբերի 27»-ի գործի քննության ընթացքում մեղադրյալների, ապա նաեւ ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը այսօր գումարեց իր վերջին նիստը, որի ընթացքում ձեւակերպեց չորեքշաբթի օրը Ազգային ժողովին ներկայացվելիք եզրակացությունը:

Հիմնական եզրակացությունն այն է, որ եթե չլինեին խոչընդոտներ կամ, ավելի մեղմ ձեւակերպմամբ՝ լիներ աջակցելու բարի կամք, ապա հանձնաժողովը կարող էր ավելի արդյունավետ աշխատել եւ հիմքեր ստեղծել ավելի շոշափելի բացահայտումների համար:

Հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Կոստանդյանը կատարած աշխատանքը համարում է բավարար՝ իրենց տրված իրավասությունների սահմաններում:

«Այնպիսի փաստեր հայտնաբերեց հանձնաժողովը, որ յուրաքանչյուր նախաքննական մարմին կերազեր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կոստանդյանը: - «Օրինականության կոպիտ խախտումներ եղել են նախաքննության պրոցեսում»:

Միաժանական, չփարատվեցին եղած կասկածներ: Կոստանդյանի խոսքերով, չփարատվեց ժողովրդի շրջանում առկա կասկածը, թե ահաբեկիչների «հետեւում կանգնած են ինչ-որ քաղաքական ուժեր»:

«Համենայնդեպս, մենք իրավասու չենք ասելու՝ ուժեր եղե՞լ են, թե՞ ոչ, քանի որ ո'չ դրանք ապացուցող եւ ո'չ էլ հերքող փաստեր չենք հայտնաբերել», - ասաց նա, ավելացնելով, որ որոշակի փաստեր աստիճանաբար երեւան գալիս էին, բայց «ինչ-ինչ պատճառներով հանձնաժողովը որոշում կայացրեց դադարեցնել ուսումնասիրությունները»:

Հանձնաժողովի եզրակացությունը Ազգային ժողովին կներկայացվի չորեքշաբթի օրը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG