Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եթե Քոչարյանի ժամանակաշրջանը ինչ-որ ձեւով հիշվի, ապա՝ Օպերայի շրջակայքում կառուցված սրճարաններով», - ժամանակի խորհրդանիշ է առանձնացնում «Առավոտ»-ի խմբագրականը։ - «Կհիշվի նաեւ, թե ճարտարապետական ու մշակութային այդ աննախադեպ վանդալիզմը տարբեր չինովնիկներ փորձում էին արդարացնել՝ երեւանցիների հանգստի մասին ինչ-որ մտահոգություններով։ Սակայն նորածնին էլ պարզ է, որ նման ցինիկ ձեւով իշխանությունները փորձում են զավթել քաղաքի «յուղոտ» տարածքները՝ իրենց մերձավորների եւ հարազատների «օբյեկտները» աշխատեցնելու նպատակով»։

«Օրրան» թերթում, արձագանքելով քաղաքական կուլտուրա չունենալու՝ ընդդիմությանը հասցեագրված նախագահի մեղադրանքին, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ուղղակի հակադարձել է. - «Եթե նախագահը «քաղաքական կուլտուրա» ասելով նկատի ունի, որ օրը ցերեկով կարելի է մտնել Ազգային ժողով եւ սպանդ կազմակերպել, որ 200 մարդու ներկայությամբ «Առագաստ»-ում կարելի է ծեծելով մարդ սպանել ու հանգիստ խղճով ապրել՝ իսկապես, մենք նման քաղաքական կուլտուրա չունենք»:

«ՀՀՇ-ի երկրորդ գալուստը» վերնագրի տակ «Իրավունք»-ի մեկնաբանը մատնանշում է, որ Բաբկեն Արարքցյանի ասուլիսով ՀՀՇ-ն առաջին անգամ լուրջ հայտ ներկայացրեց մասնակցելու երկրի ներքաղաքական կյանքին եւ, ըստ էության, ընդգրկվեց ընտրարշավի մեջ: «Անշուշտ, ՀՀՇ-ն ցանկություն չուներ այդքան վաղ բացահայտորեն երեւալ ասպարեզում, սակայն ոչ ՀՀՇ-ական ընդդիմությունը, ըստ էության, չցանկացավ իր վրա վերցնել իշխանության նավակը ինքնանպատակ ճոճելու գործընթացը, եւ պարզ դարձավ, որ ՀՀՇ-ի փոխարեն այդ գործը գլուխ բերող այլ ուժեր չեն լինի», - մեկնաբանվում է «Իրավունք»-ում: - «Եթե երեւան լուրջ արտաքին աջակցության առաջին իսկ նշանները, ապա բավականին հավանական է դառնում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը հրապարակային քաղաքականության ասպարեզ»:

«Դատելով ամենից, իշխանափոխության մասին երազողների վերջին հույսը նախագահ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սարգսյանի միջեւ իբր թե առկա ինչ-ինչ հակասություններն են», - իրավիճակին է նայում «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, նույնատիպ հարթության վրա տեսնելով եւ Դաշնակցություն - Սերժ Սարգսյան հակամարտության վերաբերյալ տարածումները: «Երկիր» թերթի համադրմամբ էլ, պատահական չէ, որ երկրի քաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունենալու՝ ՀՀՇ-ի միտումը ուղեկցվում է նրա համար միակ գաղափարական հակառակորդ ՀՅԴ-ի հանդեպ հին «թեզերի» վերաթարմացմամբ: «Նրանք վախենում են Դաշնակցության կամ ազգային արժեքներ ու գաղափարներ դավանող որեւէ այլ կազմակերպության ու անձանց՝ մեր պետության մեջ դերակատարման մեծացման իրողությունից», - նշված է «Երկիր»-ում: - «Փորձում են ամեն կերպ իրենց վախն արտահանել հասարակության մեջ, վախեցնել հասարակությանը Դաշնակցության հաջողությունների հեռանկարներով»:

Իսկ հայտնի դաշնակցական, Հայ դատի երեւանյան գրասենյակի տնօրեն, դոկտոր Էդուարդ Հովհաննիսյանը «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է. - «ՀՅԴ-ն այսօր հայտնվել է այնպիսի պայմաններում, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իր նկարագրին: Դաշնակցությունն ազգային կուսակցություն է, բայց գործում է մի վարչակարգի պայմաններում, որտեղ միջազգայնականությունն այնքան տարածված է եւ այնքան մեծ դեր է կատարում հայ ժողովրդի ու Հայաստանի կյանքում, որ ազգային կուսակցությունը գրեթե անելիք չունի: ՀՅԴ-ն հեղափոխական կուսակցություն է, բայց այսօր նրան դեմ են տվել պատին՝ դեմ են տվել պառլամենտական սիստեմ, որը բացարձակորեն հարիր չէ մեր նկարագրին»:

«Ներկա գործող նախագահին, եթե անկեղծ, չէի ուզի քննադատել», - կիսվում է Էդուարդ Հովհաննիսյանը: - «Որպես մարդ, իհարկե, ունեմ իմ ներքին դժգոհությունն ու քննադատությունը: Բայց որովհետեւ ես կարգապահ կուսակցական եմ, իսկ իմ կուսակցությունը քննադատելու վերաբերյալ որոշում չի ընդունել, չնայած կացությունն այնքան է սրվել, որ վաղը կարող է որոշում ընդունել, թե՝ մենք անցնում ենք ընդդիմադիր դաշտ, այն ժամանակ ես այլ կերպ կխոսեմ: Անհատապես չեմ ուզում ընդդիմադիր դառնալ»:

Հայաստան - սփյուռք հարաբերությունների մասին խորհելով, արձակագիր, պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը «Երկիր» թերթում ընդգծում է. - «Ցանկանանք, թե՝ ոչ, ՀՀՇ-ական գործելակերպը, եւ՝ ոչ միայն Հայաստան - սփյուռք հարաբերությունների ոլորտում, դեռեւս չի կորցրել իներցիայի իր ուժը... Միասնության վեհ գաղափարը մեզանում հաճախ շփոթում են նույնացման հետ... Նույնը չենք կարող լինել, եւ ապարդյուն են ջանքերը այս սին նպատակին հասնելու համար: Թերեւս , սա չգիտակցելով ենք անվերջ դոփում տեղում»:

«Եթե չկանխենք մեր երկու հատվածներն իրար դեմ լարելու անբարոյական երեւույթը, հնարավոր է եւ ներքին ահավոր փլուզում». «Ազգ» թերթում այս մտահոգությունը վերաբերում է արդեն Հայաստան - Արցախ անջրպետին: Ներկայացվում են մի սոցիոլոգիական հետազոտության տվյալներ, որի նպատակն է եղել պարզել, մասնավորապես, թե մարդկանց մեջ ինչքանո՞վ է խորացած Արցախյան շարժումն ու «ղարաբաղցիներին» մեղադրելու միտումը։ Հարցման մասնակիցների 43%-ը ճգնաժամի գլխավոր պատճառ է համարել տեղական մաֆիաների գործունեությունը, 24%-ը՝ գերտերությունների քաղաքականությունը, 12%-ը՝ Արցախյան գոյամարտը, 20%-ը՝ «ղարաբաղցիներին»: «Եթե 1988-94 թթ. արցախցիների կամ շարժման հասցեին բացասական խոսողին թշնամի կամ դավաճան էին անվանում, ապա այժմ դա խրախուսվում է», - արձանագրում է հոդվածագիրը: - «Այս ամենը Արցախում առաջացնում է հակադիր ռեակցիա։ Ձնագնդի նման այն աճում ու աճում է»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG