Մատչելիության հղումներ

Կառավարությունը հետեւողական է մայրաքաղաքի անխափան ջրամատակարարումն ապահովելու խնդրում


Կառավարության այսօր ընդունած որոշմամբ գնահատվել եւ վերագնահատվել են ջրամատակարման համակարգի հիմնական միջոցները, ինչպես նաեւ՝ մայրաքաղաքի ջրամատակարարման աղբյուրները 40 տարով տրվել են Երեւան քաղաքին։

Ինչպես նիստից հետո ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը, ընդունված որոշմամբ նաեւ կանոնակարգվել են համատիրությունների եւ Երեւանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հարաբերությունները, ըստ որի բազմաբնակարանանոց շենքերը ներառող համատիրությունները ընկերության հետ պայմանագիրը կնքելուց հետո առաջին 6 ամսվա ընթացքում ստացած ջրի յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց վճարած 56 դրամից իրենց կարող են պահել 35 դրամը, երկրորդ 6 ամսվա ընթացքում՝ 31 դրամը, հաջորդ երկու 6-ական ամսիներին՝ համապատասխանաբար 21 եւ 14 դրամը։ Համատիրությունների բյուջե մտած ջրի վարձավճարները, ըստ Գագիկ Մարտիրոսյանի պետք է ծախսվեն շենքերի ներսում ջրատար խողովակների հիմնանորոգման եւ բնակարաններում ջրաչափերի տեղադրման վրա:

Սա նշանակում է, որ բազմաբնակարանանոց շենքերի մուտքագծի վրա հաշվիչը տեղադրում է «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը, իսկ բնակարանում ջրաչափ տեղադրելու հոգսը բնակչի վրա է, բայց՝ ի հաշիվ ջրի վարձավճարների։ Գագիկ Մարտիրոսյանն ասաց նաեւ, որ այսօրվա որոշմամբ կանոնակարգվել է նաեւ մայրաքաղաքին հարող 39 համայնքների ջրամատակարարումը. ջրի խորանարդ մետրը համայնքները կստանան 30 դրամով եւ բնակիչներին կփոխանցեն 42 դրամով: 12 դրամի տարբերությունը վեստին կծախսվի ջրագծերի հիմնանորոգման եւ ջրաչափերի տեղադրման վրա։

Կառավարությունը այսօր հաստատել է նաեւ ճանապարհային երթեւեկության նոր կանոնները, որոնք գործողության մեջ կմտնեն հունիսի 1-ից: Ներքին գործերի փոխնախարար Արարատ Մահտեսյանի ներկայացմամբ, նոր կանոնները լիովին համապատասխանեցված են միջազգային գործող համաձայնագրերին:

Նորամուծություններից փոխնախարարը ընդգծեց ավտոտեսուչի կողմից վարորդի իրավունքների ոտնահարման դեպքում փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորությունը, որը գործող կանոններով նախատեսված չէ։ Խստացվել է պատասխանատվությունը մեքենայի երթեւեկության ընթացքում վարորդի կողմից շարժական կապ օգտագործելու համար:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG