Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում ներքաղաքական պայքարի թիվ մեկ զենքը կոմպրոմատն է», - ձեւակերպել է «Օրրան» թերթը, այս ելակետից շարունակելով. - «Մինչ հանրապետության ղեկավարները (ղեկավարներ ասելով՝ պետք է հասկանալ բացառապես Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որովհետեւ մնացած բոլոր պաշտոնյաները ընդամենը սպասարկման ոլորտի աշխատակիցներ են) աջուձախ պառակտում ու ոչնչացնում են Հայաստանի քաղաքական դաշտը, միջազգային հանրությունն իր հերթին կոմպրոմատներ է հավաքում Հայաստանի իշխանությունների մասին: Իսկ դրա համար մեծ ջանքեր պետք չեն: Պետք է պարզապես հետեւել մեր իշխանությունների գործունեությանը եւ գրի առնել»: Եվ դա անպայման օգտագործվելու է (եթե արդեն չի օգտագործվում)՝ ՀՀ իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով: «Դրա համար ենք ասում՝ չի' կարելի փակել «Ա1+»-ը, չի' կարելի խաղաղ հանրահավաքների մասնակիցներին ձերբակալել, չի' կարելի ընտրություններ կեղծել», - շեշտում է «Օրրան»-ը: - «Այսօր բոլոր այդ խայտառակությունների մասին «պետականամետ» դիրքերից լռողները պետք է գիտակցեն, որ այդպիսով իրենք նպաստում են ղարաբաղյան հարցում անթույլատրելի զիջումների, ատոմակայանի փակմանը, Մեղրին կորցնելուն...»: «Երբ ժողովուրդը հանդուրժում է բռնապետությունը, արտաքին աշխարհը ստիպված է պատժել ոչ թե բռնապետին, այլ պետությանը», - ակնարկում է «Օրրան»-ը:

Այս թերթի հարցազրույցում նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հավաստիացնում է. - «Նախապատրաստական փուլն անցած է, մոտ ապագայում հնարավոր են կտրուկ քայլեր, որոնք էլ կհանգեցնեն իշխանափոխության»: «Ի՞նչ երաշխիք, որ հաջորդ իշխանությունը ավելի վատը չի լինելու». այս հարցին նախկին վարչապետը, մասնավորապես, պատասխանել է. - «Ընդդիմադիր դաշտի կուսակցությունները եւ մարդիկ որոշակի ճանապարհ են անցել: Այդ մարդիկ նաեւ էական արժանիքներ ունեն: Արժեքներ են կրում եւ կարող են պարտադրել դրանք հասարակությանը»: Ինչ վերաբերում է ծրագրերին՝ Արամ Սարգսյանի խոսքերով, «եթե ծրագիր ասելով նկատի ունեք նախագահի ծրագիրը, որով եկավ իշխանության, նման ծրագրեր բոլորն ունեն՝ դրանք բարի ցանկությունների հռչակագրեր են ընդամենը»:

Եվրախորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում գործող Հայաստանի պարտավորությունների վերահսկման պատվիրակության վերջին այցի առիթով «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. «Հայաստանի իշխանությունները՝ նախագահ Քոչարյանի գլխավորությամբ, համոզված են, որ իրենք չափազանց խելացի են ու կարող են ֆռռցնել ում ասես, հատկապես Արեւմուտքից եկած պատվիրակություններին... Ու քանի որ Հայաստանի իշխանություններին դա կարծես բազմիցս հաջողվել է, նրանք ավելի ու ավելի են խորանում իրենց խելացիության գիտակցման մոլորության մեջ»: Ազգային ժողովից Շավարշ Քոչարյանն էլ լրագրողին ասել է, որ «այնքան էլ վստահ չէ, թե միջազգային կազմակերպությունները շահագրգռված են ճշմարտության բացահայտմամբ»: Իսկ ինչո՞ւ են միջազգային կազմակերպությունները հակված համագործակցել ու հավատալ իշխանությանը եւ ոչ թե ընդդիմությանը: Շավարշ Քոչարյանը կարծում է, որ եթե մեր երկրում լիներ լուրջ ընդդիմություն, որը ընդունակ լիներ հակազդելու իշխանության անօրինական քայլերին, ապա միջազգային կազմակերպությունների վերաբերմունքը նույնպես այլ կլիներ. ««Ա1+-ի» դեպքը ցույց տվեց մեր ընդդիմության կատարյալ անզորությունը», - նշել է նա:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի հայտարարությունը, թե Հայաստանից Իրան են առաքվում զանգվածային ոչնչացման զենքի համար անհրաժեշտ սարքավորումներ, ենթադրում է, որ այդ սարքավորումները անցել են մաքսային կետով: ՀՀ մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում դա բացառել է, ավելացնելով. - «Իմ համոզմամբ, եթե ամերիկացիները ունենային կոնկրետ փաստեր, կնշեին դրանք, եւ ոչ թե ընդհանրացված հայտարարությամբ հանդես կգային»: «Մեր պաշտոնյաների արձագանքը ԱՄՆ-ի հայտարարությանը չափազանց թեթեւամիտ է», - նկատում է «Հայկական ժամանակ»-ը: - «Թվում է, որ մերոնք, առաջիկայում համոզվելով, որ ԱՄՆ-ը իր ասածները «դակազատ» անելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում, բազար բացեն Միացյալ Նահանգների վրա»:

Հայաստան - սփյուռք 2-րդ խորհրդաժողովին ընդառաջ «Ազգ» թերթը նշում է. «Անշուշտ բացառվում է, որ այնտեղ քննարկվեն կամ, առավել եւս, որոշումներ կայացվեն Հայաստանի եւ հայ ժողովրդի դիմագրաված աշխարհաքաղաքական մի շարք գերզգայուն հարցերի շուրջ... Նմանապես, այդպիսի ֆորումների ժամանակ անկարելի է անհրաժեշտ խորությամբ արծարծել հայության ֆինանսական ուժի եւ Հայաստանի տնտեսության զարգացման մի շարք խնդիրների հետ կապված հարցեր... Երկրի ու ժողովրդի, համայն հայության ճակատագրի հետ կապված հարցերը պետք է իրենց լուծումը գտնեն կա՛մ համաժողովից առաջ եւ կամ հետո»։ Հոկտեմբերի 27-ի աղետին հետեւած հուսախաբությունն էլ առկա է մինչեւ օրս. «Գաղտնիք չէ, որ այս խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները սփյուռքի տարբեր գաղութներում հաճախ հանդիպեցին խորը վերապահությունների, կասկածանքի եւ չկամության»: Խորհրդաժողովից շատ բան չի կարելի ակնկալել նաեւ այն պատճառով, որ Հայաստանի ու հայության դիմագրաված բազմաթիվ հարցեր դեռեւս իրենց գիտական ու փորձագիտական սահմանումը չեն ստացել: «Հայտնի չէ նույնիսկ, թե Հայաստանի կառավարությունը զարգացման ի՞նչ առաջադրանքներ է դրել իր առջեւ առաջիկա 5, 10 եւ ավելի տարիների համար։ Հայտնի չէ անգամ, թե ինչպես է պետք հաղթահարել ներսում թե դրսում առկա հիմնական պառակտումները, երկփեղկումներն ու հակասությունները»: Հետեւաբար, ըստ «Ազգ»-ի՝ «առավելագույնը, որ պետք է ակնկալել այս խորհրդաժողովից, անկեղծ ու աներկդիմի զրույցն ու քննարկումներն են, ձեւականություններից ու շողոքորթ արտահայտություններից զերծ ինքնաճանաչման եւ ախտաճանաչման փորձերը»:

«Այս տարիներին անտեղի, չպատճառաբանված պրագմատիկ հայացքով նայեցինք մեր սփյուռքին», - «Հայոց Աշխարհ»-ում ասում է գրող-պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: - «Սփյուռքի հանդեպ չի կարող հայաստանցին միայն սպառողի հայացք ունենալ: Այսօր Հայաստանն ասում է՝ եկեք այստեղ, դրամ վաստակեք, մեծ դաշտ է: Եվ ոչ մի ստահակության այս հարցում այլեւս թույլ չի տա, ո'չ օրենսդրական դաշտում, ո'չ այլ հարթության վրա: Չէ՞ որ «Մեկ ազգ, մեկ հայրենիք» կարգախոսն էլի է եղել, բայց սփյուռքին խաբեցին: Հավատով եկան՝ թալանվեցին, խաբվեցին: Կարծում եմ, սփյուռքահայ ներդրողների հետ հարաբերվելու շատ լուրջ համակարգ է այսօր ստեղծվում, եւ երաշխավորը պետության ղեկավարն է: Ես լավատես եմ», - ամփոփել է Ալվարդ Պետրոսյանը: Մյուս կողմից, «Հայկական ժամանակ»-ում եւ «Օրրան»-ում փաստագրումներ կան, թե ինչպես են մինչեւ օրս էլ ոտնահարվում սփյուռքահայ ներդրողների իրավունքներն ու շահերը:

Ընդհանրապես, հայրենիքի հետ մարդու հոգեկան կապի առկայությունն ու ամրապնդումն է խիստ կարեւոր համարում հոգեբան Ալբերտ Նալչաջյանը: «Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցազրույցում նա բնութագրել է. - «Զրկվածության զգացումը ծնում է մի շարք հոգեբանական հետեւանքներ, որոնցից մեկն էլ նախանձն է եւ փոխադարձ ագրեսիվությունը... Այսօրվա մեր հասարակությունը ընդհանուր առմամբ ագրեսիվ մրցակցությամբ եւ չարությամբ հագեցված հասարակություն է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG