Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի հաջորդ տարի


Երկուշաբթի օրը նախագահ Քոչարյանը Երեւան - Մոսկվա - Լոս Անջելես հեռուստակամուրջի ընթացքում ասաց, որ Սահմանադրության հանրաքվեն, հավանաբար, տեղի կունենա 2003 թվականի գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին զուգահեռ:

«Մենք ֆիզիկապես չենք հասնում արդեն հանրաքվե ունենալ հունիսին եւ ... չենք հասցնելու նաեւ աշնանը», - ասաց նախագահը: - «Շատ հավանական է, որ կփորձենք պառլամենտական ընտրությունների հետ զուգահեռ կազմակերպել հանրաքվեն»:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվելու են եկող տարվա գարնան վերջին՝ նախագահական ընտրություններից հետո: Հանրաքվեի հետաձգումը Քոչարյանը պայմանավորեց այլընտրանքային նախագծերի առկայությամբ, որոնց քննարկումները շատ ժամանակ խլեցին:

Երեւան - Մոսկվա - Լոս Անջելես հեռուստակամուրջը կազմակերպվել էր Հայաստան - Սփյուռք 2-րդ համաժողովի առիթով, որը մեկ շաբաթից մեկնարկելու է Երեւանում:

«Ներքաղաքական կայունությունը դա առաջին կետերից մեկն է ներդրումային ռիսկերը գնահատելու ժամանակ», - ասաց Ռոբերտ Քոչարյանը: - Եթե ուզում ենք ներդրումային լուրջ ծավալներ ունենանք, ուրեմն «պետք է մտածենք, որ ամեն մի անպատասխանատու հայտարարությունը ուղղակի հարված է ամեն մի քաղաքացու գրպանին»:

Իսկ ներքաղաքական վիճակը նախագահը միանշանակորեն կայուն գնահատեց. - «Ընտրությունները լինելու են ճիշտ ժամանակին, Սահմադրությամբ»:

Պատասխանելով հարցին, թե որն է սփյուռքահայի համար Հայաստանում բիզնես սկսելու ամենակարճ ճանապարհը, նախագահը ասաց. - «Երեւի առաջին հերթին պետք է լինել Հայաստանում: Առնվազն վերջին 3 տարվա ընթացքում ես չեմ հիշում ներդրումային որեւէ ձախողված փորձ Հայաստանում: Չունենք այդպիսի օրինակ»:

Նրա գնահատմամբ, բիզնեսի համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի եւ սա միայն մեր կարծիքը չէ, միջազգային մի շարք կազմակերպություններ եւս Հայաստանի ներդրումային մթնոլորտը բարենպաստ են համարում: Դժվարությունները վերագրվեցին վարչարարությանը, հարկային, մաքսային մարմիներին՝ նշելով հանդերձ, որ այդ ուղղություններով եւս իրավիճակը բարելավելու աշխատանքներ են տարվում:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի նախագահը ասաց, որ դա նուրբ թեմա է, ժառանգված հսկայական ծանր բեռ կա: Բայց կան նաեւ այսօրվա իրողությունները:

«Արդյո՞ք մենք միայն անցյալին ենք նայում, թե՞ փորձում ենք նաեւ առաջ նայել», - նշեց Ռոբերտ Քոչարյանը: Այս հարցում նրա հիմնական ասելիքն այն էր, որ Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է փորձել ավելի լայն կոնսենսուսով հանդես գալ. հարցերը համաձայնեցնել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում՝ որպեսզի հետո տարաձայնություններ չլինեն:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG