Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը եւս մեկ տեղ է ստանում Ազգային ժողովում


Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) խորհրդարանում իր տեղերը ավելացրեց եւս մեկով: Կիրակի օրը Շիրակի մարզում կայացած խորհրդարանական լրացուցիչ ընտրությունների նախնական արդյունքներով, հաղթել է ՀՅԴ անդամ Հակոբ Մաթիլյանը: Այսպիսով Դաշնակցությունը Ազգային ժողովում կունենա 9 ձայն:

Ըստ Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, ընտրություններին մասնակցած ավելի քան 15 հազար ընտրողների 38 տոկոսը քվեարկել են Մաթիլյանի օգտին: Երկրորդ տեղում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության անդամ, Վարդան Մակեյանն է:

Մակեյանի կողմնակիցները պնդում են, թե ընտրություններն անցել են բազմաթիվ օրինախախտումներով, թեեւ մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Մուրադ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ստացվել է ընդամենը մեկ դիմում-բողոք:

Սակայն մարզային ընտրական հանձնաժողովի անդամ Ջուլիետտա Ավետիսյանի խոսքերով, տեղամասերից մեկում ներքին գործերի աշխատակիցները եղել են տեղամասի ներսում, ինչի իրավունքը չունեին: Նրանք պետք է սոսկ հսկեին տեղամասի տարածքը:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը այսօր Գյումրիում հրավիրած ասուլիսում ասաց, թե ընտրությունների ընթացքին միջամտել են «ոստիկանության, հարկային տեսչության, սոցիալական ծառայության եւ իշխանական մնացած լծակները»:

Ոստիկանության եւ հարկային տեսչության աշխատակիցները, Մակեյանի խոսքերով, «ագրեսիվ ու սարձարձակ» կեցվածք են դրսեւորել: Հարկային տեսուչները, օրինակ Արթիկի շրջանում, առեւտրով զբաղվող ընտրողներին սպառնացել են տուգանել՝ եթե վերջիններս չքվեարկեն իրենց նշած թեկնածուի օգտին:


Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG