Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը խոստանում է օգնել «Ա1+»-ի վերաբացմանը





Ըստ հինգշաբթի օրը Հայաստանի նախագահի հետ հանդիպում ունեցած Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների, Ռոբերտ Քոչարյանը խոստացել է օգնել, որպեսզի «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը մոտ ապագայում վերսկսի հեռարձակումը:

Հայաստանի եւ Ադրբեջանի՝ Եվրախորհրդին անդամակցության կապակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին հետեւող Ագոյի խմբի ղեկավար, Եվրոպայի խորհրդում Իտալիայի դեսպան Պիետրո Ագոն այսօր Երեւանում Հայաստանի ղեկավարների հետ ունեցած հանդիպումներից հետո հրավիրած ասուլիսում, անդրադառնալով «Ա1+» անկախ հեռուստաընկերությանը իր զբաղեցրած կապուղուց զրկելուն, ասաց, որ նախագահ Քոչարյանից հավաստիացումներ է ստացել, թե «Ա1+» հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա նոր հաճախության մրցույթ հայտարարվելու դեպքում մասնակցել դրան:

Պիետրո Ագոն ասաց, որ Հայաստանի ղեկավարների հետ ունեցած հանդիպումների ժամանակ ինքը արտահայտել է Եվրախորհրդի մտահոգությունը «Ա1+» անկախ հեռուստաընկերությանը կապուղուց զրկելու կապակցությամբ: «Մենք արձանագրեցինք, որ ընդունելով հանդերձ կապուղուց զրկելու մասին որոշման կայացումը գործող օրենքների շրջանակներում, դա սահմանափակել է ընդդիմության՝ զանգվածային լրատվամիջոցներով տեսակետներ արտահայտելու հնարավորությունները», - ասաց Պիետրո Ագոն, ավելացնելով, որ նախագահ Քոչարյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կապուղիների նոր մրցույթների հայտարարման դեպքում «Ա1+»-ը կարող է հաջողությամբ մասնակցել դրանց:

«Ա1+»-ի աշխատակազմը շարունակում է պնդել, որ ապրիլի 2-ի մրցույթը անցկացվել է գործող օրենքների խախտումներով եւ որ հանձնաժողովը կատարել է նախագահ Քոչարյանի հրահանգը՝ գալիք նախագահական ընտրությունների նախաշեմին լռեցնելով ընդդիմադիր լրատվամիջոցներին: Տնտեսական դատարանը, այդուհանդերձ, մերժել է նրանց հայցը:

Հեռուստառադիոյի հանձնաժողովի որոշումը քննադատել էին Միացյալ Նահանգները եւ մի շարք հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ: Հավելումն՝ այն խթանեց ընդդիմադիր կուսակցությունների ու կազմակերպությունների հանրահավաքների ու բողոքի ցույցերի մի ամբողջ շարք:

Ասուլիսում Պիետրո Ագոն ասաց նաեւ, որ ընդհանուր առմամբ Հայաստանը հաջողությամբ իրականացնում է Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները, թեեւ նշեց, որ վերջին շրջանում «տեմպերը դանդաղել են»:

«Պետք է ասեմ, որ կառավարության տված բացատրությունները մեզ բավարարում են այն առումով, որ ավելի լավ է բարեփոխումներն ընդունել՝ դրանք ժողովրդին ներկայացնելուց եւ մարդկանց կողմից ընդունելի համարվելուց հետո», - ասաց Ագոն, շեշտելով, սակայն, որ նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտնի մինչեւ առաջիկայում կայանալիք տեղական ինքնակառավարման, նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:


Էմիլ Դանիելյան եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG