Մատչելիության հղումներ

Հայաստանին դիտորդի կարգավիճակ է շնորհվել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում





Երկօրյա այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռաֆայել Էստրելան, ըստ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի, ասել է, թե Հայաստանը արդեն կարող է համարել, որ դիտորդի կարգավիճակ է ձեռք բերել այդ կառույցում եւ մոտ ապագայում քննարկվելու է Հայաստանին ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհելու հարցը:

Ռաֆայել Էստրելայի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի ղեկավարության, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանի, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ:

Նշելով, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը համագործակցում է «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ այդ փոխգործակցությունն ընդլայնման միտում ունի: «Հանրապետության նախագահը կարեւորել է Հայաստանին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդի կարգավիճակ շնորհելու փաստը եւ ասոցիացված անդամ դառնալու մեր երկրի հայտը՝ այն էական համարելով նաեւ եվրոպական կառույցներին ինտեգրման տեսանկյունից», - ասված է նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Այցի ավարտին հրավիրած մամուլի ասուլիսում պատասխանելով հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցին, Ռաֆայել Էստրելան ասաց, որ ինքը իրավաբան չէ եւ չի կարող կոնկրետ սահմանել, թե ինչն է ընկնում «ցեղասպանություն» սահմանման տակ, սակայն, մարդկայնորեն գնահատելով իրողությունները, ինքը գտնում է, որ այն, ինչ տեղի է ունեցել, «հանցագործություն է մարդկության նկատմամբ» եւ կարելի է գնահատել ցեղասպանություն:

Էստրելան ասաց նաեւ, ու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը շահագրգռված է այս տարածաշրջանի հետ համագործակցությամբ, վստահության մթնոլորտի ստեղծմամբ:

Վրաստանը արդեն ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ասոցիացված անդամ է, դիտորդի կարգավիճակ ունեցող Ադրբեջանը ասոցիացված անդամ կդառնա մայիսի վերջին:

Մայիսի 25-ին արդեն Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակությունը դիտորդի կարգավիճակով կմասնակցի Սոֆիայում կայանալիք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG