Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը հրաժարվում է Քոչարյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու նախաձեռնությունից


Նախագահի պաշտոնանկության նախաձեռնություն Ազգային ժողովում այսպես էլ չսկսվեց: Այսօր ծրագրված ընդդիմության հանրահավաքն ու երթը դեպի Ազգային ժողով՝ ճնշում գործադրելու պատգամավորների վրա, որպեսզի սկսեն նախագահի պաշտոնանկության գործընթաց, չկայացան, քանի որ Ազատության հրապարակում հավաքվել էր ընդամենը մի քանի տասնյակ մարդ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) վարչության քարտուղար Վարդան Մկրտչյանը, հաշվի առնելով անցած աշնանը նման նախաձեռնության փորձը եւ դրա արդյունքները, ինչպես նաեւ երեկ եւ այսօր տնտղելով Ազգային ժողովում ստեղծված մթնոլորտը, նախաձեռնողները եզրակացության են հանգել, որ «Ազգային ժողովում նախաձեռնությունը հաջողությամբ չի պսակվի» եւ որ «Ազգային ժողովը ցույց տվեց իր դեմքը»:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մեկնաբանությամբ, ընդդիմությունը «խելոքացել է», քանի որ նախագահի պաշտոնանկության գործընթաց չսկսեց:

Մինչդեռ խորհրդարանական մեծամասնությունն ու գործադիր իշխանությունը այսօր Ազգային ժողովում տոնեցին եւս մեկ հաղթանակ: Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին կառավարության ներկայացրած եւ բուռն կրքեր բորբոքած «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային եւ այլ արտոնություններ տալու մասին եւ «Ավիացիայի մասին» օրինագծերը, որոնք ամբողջովին ընդունվելու համար եւս մեկ ընթերցում պիտի անցնեն:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG