Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մեր ուժը ժողովուրդն է» նշանաբանի տակ «Առավոտ» թերթի մեկնաբանը երեկվա խորհրդարանաշուրջ անցուդարձի արդյունքները գրանցում է այսպես. «Ընդդիմադիր քաղաքական ուժերը երեկ մի թեթեւ «մատ» արեցին խորհրդարանի իշխանական թեւին: Դեռ նախորդ օրվանից շրջանառության մեջ մտած լուրը, թե 13 քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները երեքշաբթի սկսելու են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության ստորագրահավաքը, ստիպել էր խորհրդարանական որոշ ուժերի «փախած ման գալ», ինչպես բնութագրեց ժարգոնի սիրահար մեկը»: «Այս անգամ ընդդիմադիր ուժերը դիմել էին առավել սահմանադրական եղանակի՝ ոչ թե միանգամից վերցրել էին թերթիկը եւ դիմում էին իրենց գործընկերներին՝ միանալու ստորագրահավաքին, այլ՝ սպասում էին ժողովրդական պահանջին», - որակական առաջընթաց է տեսնում մեկնաբանը՝ նաեւ մատուցելով. - «Թե ինչու երեկ չսկսվեց ստորագրահավաքը, շատ պարզ է, նախ. ընդդիմությունը ժամանակ է շահում ոմանց համոզելու համար, եւ հետո. կա հարցը հերթական կամ արտահերթ նիստում քննելու տարբերություն»:

«Հայկական ժամանակ» թերթի խտացմամբ՝ «Ազգային ժողովի պատերը ժողովուրդը սպառնում է քանդել մի քանի օրից, եթե պատգամավորները շարունակեն խորհրդարանի գարաժից ճողոպրել եւ չստորագրեն Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության նախաձեռնության տակ»: «Հայկական ժամանակ»-ում, սակայն, նաեւ նշված է. «Եթե ստորագրահավաքի կազմակերպիչներին հաջողվի հավաքել 44 ստորագրություն, ապա, ըստ նոր կանոնակարգի, արդեն ստորագրած պատգամավորը չի կարող ետ վերցնել իր ստորագրությունը: Այդուհանդերձ, մենք որքան էլ քրքրեցինք ԱԺ նոր կանոնակարգը, այնտեղ չհանդիպեցինք որեւէ հոդվածի, որը հնարավորություն է տալիս նախագահի պաշտոնանկության հարցը մտցնել հերթական նստաշրջանի օրակարգ»:

«Ազգ» թերթում տրվում է հետեւյալ ուրվագիծը. «Եթե ստորագրահավաքը բարեհաջող ընթացք ստանա, ԱԺ նախագահությունը ստիպված կլինի իմփիչմենթի հարցը մեխանիկորեն օրակարգ մտցնել եւ քննարկման ներկայացնել, ինչից հետո, ըստ կանոնակարգի, տեղի կունենա փակ գաղտնի քվեարկություն։ Այս հանգամանքը խիստ ոգեւորում է նախագահի պաշտոնանկության ամենաշահագրգիռ կողմին, քանի որ հույսով են, որ «նախագահից զզված», բայց բացահայտ իրենց վերաբերմունքն արտահայտելուց վախեցող պատգամավորները անկաշկանդ կարող են իրենց կամքը ցուցաբերել»։ «Այս հանրահավաքը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինն է լինելու։ Վճռականորեն են տրամադրված եւ' նախաձեռնողները, եւ' «բետեեռ կանայք», եւ' միշտ սրա կամ նրա ջրաղացին ջուր լցնող միամիտ բազմությունը», - բազմակետ է դրված «Ազգ»-ում։

Երեկվա ժովովրդական շարժը առավել դժգույն, դատարկ ու անիմաստ է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանների հայացքով: Գործնական առումով այստեղ ներկայացվում է այսպիսի հաշվարկ. «Գործընթաց սկսելու համար անհրաժեշտ 44 պատգամավորի ստորագրություն ապահովելուց հետո, եթե ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի, պետք է քվորում լինի (66 ձայն), որոշում ընդունվի (66 ձայն), դիմում ներկայացվի Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու համար: Իսկ եթե Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն տա, ապա էլի անհրաժեշտ կլինի խորհրդարանի ձայների 2/3-ն ունենալ, որպեսզի հրաժարականի գործը գլուխ գա: Բնականաբար, հարց է ծագում, թե այդ ամենը գիտակցելով, էլ ինչո՞ւ են իմփիչմենթի գործընթաց նախաձեռնում», - ձեռնարկի անհուսություն է բխեցնում «Հայոց Աշխարհ»-ը՝ ի վերջո հանգեցնելով եզրակացության. - «Արմատականների հրաժարականապահանջ գործողություններն ընդամենը ցուցադրական են, քարոզչական նպատակներ են հետապնդում»:

Գնահատելով վարչապետ Մարգարյանի կառավարության աշխատանքի երկու տարին, գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը մեր երկրի խորքային ու լայն առաջադիմության ընթացք է արձանագրում. «Եթե անգամ չենք կարողանում օգնել, ապա գոնե չենք խանգարում: Այս միտքը հանրապետության նախագահը բազմաթիվ առիթներով արտահայտել է, եւ վերջինս կարծես դարձել է բոլորիս համար շատ կարեւոր թեզ: Այդ տեսակետից Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը, իրոք, բավական լավ գործ է արել: Այնպես որ, այս երկու տարվա ընթացքում առաջընթացը զգալի է» («Հայոց Աշխարհ»):

«Անգլիական դասական քաղաքատնտեսության հիմնադիրներից Ադամ Սմիթը դեռ հարյուրավոր տարիներ առաջ ասել է, որ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են 3 կարեւոր գործոն՝ խաղաղություն, լավ օրենքներ եւ ցածր հարկեր: Ավաղ, մեզանում այդպես չէ», - իրենց վերջին պլենումում ընկերներին է դիմել Ղարաբաղի կոմունիստների ղեկավար Հրանտ Մելքումյանը: - «Ամեն մի օրենք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են համապատասխան գումարներ, բայց այդ գումարները բացակայում են: Որպեսզի օրենքը գործի, բոլորի համար պետք է ստեղծել հավասար պայմաններ, ինչը նույնպես չկա մեզ մոտ... Պատահական մարդիկ անվարձահատույց ստանալով արդյունաբերական ձեռնարկություններ եւ այլ օբյեկտներ՝ նախապես պայմանավորվում են բացել աշխատատեղեր եւ կատարել ֆինանսական ներդրումներ: Բայց իրականում ոչինչ չի արվում»: Մի խոսքով, «Հայաստանի կոմունիստ» թերթում ներկայացվող այդ ելույթում Ղարաբաղից գնահատված է. «Գնալով ավելի է բարդանում ժողովրդի սոցիալական վիճակը... Հասարակության մեջ սպասվում են զանգվածային դժգոհություններ... Հարկավոր է ձեռնարկել միջոցներ՝ դրությունը արմատապես փոխելու համար»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG