Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մամուլում այսօր ամենաբուռն ծավալվողը դարձել է նախագահական ընտրություններում հավանական թեկնածուների թեման: «Հասարակությունն արդեն անցել է նախընտրական տենդի փուլ եւ այսուհետ ականատես է լինելու թաքուն մտադրությունների ու հավակնությունների շարունակական բացահայտման», - արձանագրում է «Գոլոս Արմենիի» թերթը: Այս դաշտում առավել հետաքրքրություն շարժող հարցն այն է, թե ով կլինի միացյալ ընդդիմության թեկնածուն: «Գոլոս Արմենիի»-ի մատուցմամբ, առավել ժողովրդականություն ունեցողը դեռեւս Ստեփան Դեմիրճյանն է: Որպես ընդդիմության թեկնածու դիտարկելով նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը նշում է. - «Չի կարելի ասել, թե նրա քաղաքական կենսագրությունը հաղթանակի ապահով գրավական է: Բացի այդ, երկու նախագահներին հավատարմորեն ծառայած անձի կերպարը դժվար թե բողոքավոր ընտրազանգվածին ոգեշնչի»:

«Կարծես հաստատվում են լուրերը, թե արմատականները մտադիր են որպես միասնական թեկնածու առաջ քաշել Վազգեն Մանուկյանին», - առանձնացրել է այսօր «Հայոց Աշխարհ» թերթը եւ դրա շուրջ ներկայացնում է իր թղթակցի զրույցը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ: Վերջինիս կարծիքով, ցանկացած այլ տարբերակի դեպքում ընդդիմության թեկնածուն խոցելի է, եւ ընդդիմությունը վերջին հաշվով լուրջ պարտություն կկրի: «Վազգեն Մանուկյանը, ի տարբերություն բազմաթիվ քաղաքական գործիչների, բացասական գծերով հանդերձ՝ նաեւ դրական հատկանիշներ ունի եւ շատ փորձառու է», - ասում է Գառնիկ Իսագուլյանը: - «Նրա համար քաղաքական դաշտում այլեւս նոր երեւույթներ չկան, եւ եթե տվել է իր նախնական համաձայնությունը, նշանակում է իր հնարավորությունները հաշվարկել է: Եվ սա երեւի թե այն թեկնածուն է, որի դեմ աշխատելը հակառակորդների համար բավական դժվար կլինի»: «Մրցակցությունը առաջիկա ընտրություններում ծավալվելու է երկու հոգու միջեւ», - ի մի է բերել Իսագուլյանը: - «Վազգեն Մանուկյան, որին ՀՀՇ-ն զրկեց իշխանությունից, որը, միաժամանակ, բավական լուրջ ներդրում ունի Ղարաբաղյան շարժման մեջ, եւ Ռոբերտ Քոչարյան, որին ՀՀՇ-ն բերեց իշխանության, եւ որը նրանց զրկեց իշխանությունից: Ահա այս երկու անձերի միջեւ ՀՀՇ-ն պետք է կատարի իր ընտրությունը, եւ, բնականաբար, այս պարագայում հստակ նախապատվությունը տրվելու է Վազգեն Մանուկյանին»:

Արտաշես Գեղամյանի մասով էլ հարցազրույցում նշված է. «Ճիշտ է, նրա ժողովրդականության շուրջ լեգենդներ են պտտվում, բայց ինքը, երեւի թե, իր հնարավորությունների սահմանը լավ գիտի եւ հասկանում է, որ իր քաղաքական անցյալը եւ այսօրվա կարգավիճակը թույլ չեն տալիս լրջորեն մրցակցել գործող նախագահի հետ»:

Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո պատասխանատու Լեւոն Զուրաբյանը «Իրավունք» թերթում ասում է. - «Ակնհայտ ձախողումները եւ' ներքին, եւ' արտաքին քաղաքականության բնագավառներում հասարակությանն այն համոզմունքին են հանգեցնում, որ Հայաստանը չի կարող այսուհետ կապել իր ապագան Քոչարյանի հետ: Ռոբերտ Քոչարյանի դիրքերն այնքան թույլ են, որ ընդդիմության մոտ չսպանված արջի մորթին բաժանելու սինդրոմ է առաջանում, եւ սկսում են իրար դեմ պայքարել. դա էլ դառնում է Քոչարյանի առավելությունը», - ուշադրություն է սեւեռում նախկին խոսնակը: - «Նա ընդամենը կհոգա, որ երկրորդ փուլ իր հետ միասին անցնի մի թեկնածու, որն ի վիճակի է բավականաչափ ձայն հավաքել, բայց մյուս կողմից, վերահսկելի կլինի. օրինակ, Արտաշես Գեղամյանը»: Ըստ Լեւոն Զուրաբյանի, ներկա ռեժիմի համար վտանգ պարունակող միակ սցենարը կլինի, եթե երկրորդ փուլ դուրս գան Ռոբերտ Քոչարյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բայց՝ «Եթե Տեր-Պետրոսյանը պիտի առաջադրի իր թեկնածությունը, ապա մի քանի պայմաններ պետք է կատարվեն: Նախ՝ պետք է լինի քաղաքական, սոցիալական, հասարակական պահանջ»:

«Իշխանամետ ճամբարում չկա իմփիչմենթային տրամադրությունները հակակշռող կուռ միասնություն», - գործընթացներին է նայում «Իրավունք»-ի մեկնաբանը՝ մատնանշելով ցցուն տարաձայնություններ թե' Ազգային ժողովում, թե' տեղական ընտրություններում: Նախագահն էլ, մեկնաբանի հայացքով, «ավելի ու ավելի է հակվում ոչ թե քաղաքական երկխոսության, այլ «կամ-կամ» ոճով քաղաքական վերջնագրերի»: «Քաղաքական դաշտի վերջնական բեւեռացման եւ հնարավոր հանգուցալուծումների առաջին նախանշանները կերեւան հենց առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում», - կանխանշված է «Իրավունք»-ում:

«Հանրապետության ղեկավարության ամենամեծ ծառայությունն իր ազգին կլինի՝ հանրապետությունը ղեկավարելու ջահը հանձնել նոր, տաղանդավոր, օժտված երիտասարդ սերնդին», - «Ազգ» թերթում խնդիր է հատուկ կարեւորում բազմափորձ հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսան Կիրակոսյանը: - «Նման կադրերի պատրաստումն ու առաջ մղումը հնարավորություն կտա ձերբազատվել քաղաքականությամբ զբաղվող պոռոտախոսներից, խանութպաններից, շուկայատերերից, որոնց գործելակերպը նպատակ ունի սերունդների իմացական նիշը իջեցնել իրենց մակարդակին»։

Անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը Թեհրանի հետ ռազմական համագործակցության մեջ մեղադրվող հայկական որոշ ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին, «Հայկական ժամանակ»-ը եւ «Առավոտ»-ը ընդգծում են. «Իրականում բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում մասնավոր ընկերություններ, այն էլ՝ Իրանին սարքավորումներ մատակարարող, չկան։ Դրանք թեեւ մասնավոր են կոչվում, սակայն աշխատում են իշխանությունների տանիքի տակ։ Այսինքն՝ ըստ էության պետական են։ Իսկ սա արդեն այլ խոսակցություն է. ամերիկացիները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել պետության հովանավորության տակ գտնվող ձեռնարկությունների դեմ։ Ընդ որում, այն գործունեության համար, որով վերջիններս արդեն քանի տարի է, զբաղվում են։ Այնպես որ, ինչպես էլ ամերիկացիները ձեւակերպեն իրենց հայտարարությունը, պատժամիջոցներ կիրառվելու դեպքում դրանք նախեւառաջ ուղղված են լինելու Հայաստանի իշխանությունների դեմ»: «Իրանն ու ահաբեկչությունը տվյալ պարագայում պարզապես առիթ են», - զարգացնում է «Առավոտ»-ը։ - «Այնպես որ, ճիշտ ժամանակն է, որ Քոչարյանը մտածի ու եզրակացություններ անի՝ ինչո՞վ է հատկապես ինքը զայրացրել ամերիկացիներին»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG