Մատչելիության հղումներ

Կառավարությունը գումար է հատկացնում առողջապահության բնագավառին


Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունել 1 միլիարդ 649 միլիոն դրամ հատկացնել առողջապահության բնագավառին՝ նախորդ տարիներից մնացած պարտքերը մարելու համար:

Առողջապահության բնագավառում աշխատավարձերի ամիսներ շարունակ չվճարումները վերջերս հանգեցրել էին բնագավառի աշխատակիցների բողոքի ցույցերի եւ անգամ գործադուլերի:

Կառավարության նիստից հետո գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Ավետիսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ անբարենպաստ եղանակի պատճառով գյուղատնտեսության կրած վնասները ճշտելու նպատակով գյուղնախարար Դավիթ Զադոյանի հրամանով ստեղծված հանձնաժողովը դեռեւս չի ներկայացրել վերջնական հաշվարկները:

Արմեն Ավետիսյանի խոսքերով, քանի որ անբարենպաստ եղանակը շարունակվում է, հանձնաժողովի համար դժվար է վերջնական հաշվարկներ կատարելը:

Այդուհանդերձ, փոխնախարարը ասաց, որ ամենամեծ վնասը կրել են պտղատու այգիները: Գյուղատնտեսության կրած վնասների համար պետբյուջեով փոխհատուցում նախատեսված չէ: Ավետիսյանի խոսքերով, «այսօր գյուղատնտեսություն ապահովագրություն ընդհանրապես գոյություն չունի»:

Վնասները հաշվելուց հետո, ամենայն հավանականությամբ, կառավարությունը օգնության խնդրանքով կդիմի դոնոր երկրներին: 2000 թվականին երաշտի պատճառած 150 միլիոն դոլարի վնասի մեկ քառորդից քիչ ավելին՝ 40 միլիոն դոլար, հատկացրին դոնոր երկրները:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG