Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում երեկ «ապoրինաբար օգտագործվել է Հմայակ Հովհաննիսյանի քվեարկելու իրավունքը»


«Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» (ԱԱԺՄ) պատգամավորական խմբի աշխատակազմը այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ խմբի ղեկավար, Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը չի մասնակցել երեկ կայացած ԱԺ արտահերթ նստաշրջանի նիստին, սակայն ապoրինաբար օգտագործվել է Հմայակ Հովհաննիսյանի քվեարկելու իրավունքը:

«Հանցագործ օրինազանցությունների գագաթնակետը եղավ այն, որ մայիսի 7-ի արտահերթ նստաշրջանի ընթացքում ապoրինաբար օգտագործվել է Հմայակ Հովհաննիսյանի քվեարկելու իրավունքը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ այս Ազգային ժողովի ղեկավարությունը կեղծիքների խրախուսման ճանապարհին խտրականություն չի դնում միջոցների մեջ», - տեղեկացնում է ԱԱԺՄ աշխատակազմը:

Մայիսի 2-ին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում Հմայակ Հովհաննիսյանը ընտրողներին խոստացել էր բոյկոտել առաջիկայում կայանալիք Ազգային ժողովի նիստերը, հայտարարելով, որ այդ քայլով ինքը նպատակ է հետապնդում իր բողոքը արտահայտել «Ազգային ժողովի ղեկավարության կրկնվող օրինազանցությունների եւ աճպարարությունների դեմ»:

Ազգային ժողովի ղեկավարությունը մեղադրվում է պատգամավորներին մոլորության մեջ գցելու եւ Հմայակ Հովհաննիսյանի հեղինակած «1915-1922 թվականներին Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանման իրավական երաշխիքների մասին» օրինագծի՝ Ազգային ժողովի նիստերի օրակարգում ընդգրկումը «վիժեցնելու» փորձ կատարելու մեջ: Այդ նպատակով պատգամավորներից թաքցվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանի ստորագրությամբ ԱԺ նախագահին հասցեագրված պաշտոնական գրությունը՝ օրինագծի դրական գնահատականով, ինչպես նաեւ դրա վերաբերյալ Ազգային ժողովի իրավաբանական վարչության դրական եզրակացությունը՝ օրինագիծը Ազգային ժողովում ընդունված կարգով քննարկելու նպատակահարմարության մասին:

ԱԱԺՄ-ի աշխատակազմի հայտարարության մեջ «խայտառակ» է որակվում փաստը, որ պետաիրավական հանձնաժողովը քվորումի բացակայության պայմաններում, երբ հանձնաժողովի նիստին մասնակցում էին հանձնաժողովի 32 անդամներից ընդամենը 8 հոգի, հնարավոր գտավ բացասական եզրակացություն տալ նշված օրինագծին. «Ցանկացած դուքանի սեփականաշնորհումը ավելի լուրջ քննարկման կարժանանար եւ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացներ այս խորհրդարանում»:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG