Մատչելիության հղումներ

Թուրքիան չի վերացնելու Հայաստանի շրջափակումը


Բաքու («Ֆրանս Պրես» գործակալություն). - Թուրքիայի փոխվարչապետ Դեւլեթ Բահչելին երեքշաբթի օրը ասել է, որ իր երկրի կողմից հարեւան Հայաստանի շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել վիճելի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքի վերահսկողությունից:

Բահչելին այդ հայտարարությունն արել է Ադրբեջան կատարած երկօրյա այցի ավարտին: Թուրքիայի մերձավոր դաշնակից Ադրբեջանը, որը նախկին Խորհրդային Միության հանրապետություններից է, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը կորցրել է 90-ականների սկզբին՝ պատերազմի հետեւանքով:

«Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կախված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումից եւ օկուպացված տարածքների ազատագրումից», - ասել է Բահչելին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:

Այցի ընթացքում փոխվարչապետին ուղեկցող Թուրքիայի պաշտպանության նախարար Սաբահադդին Չաքմաքօղլուն նույն օրը ավելի վաղ ասել էր, թե Անկարան «այդ հարցում [Լեռնային Ղարաբաղի] կաջակցի Բաքվին՝ ինչպիսին էլ որ լինի վերջինիս որոշումը»:

Միաժամանակ, Ալիեւը չհաստատեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի երեկշաբթի օրն արած հայտարարությունը, թե Ադրբեջանի զինված ուժերը պատրաստ են անհրաժեշտության դեպքում ուժով իրենց վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը:

«Ես շատ եմ մտածել այդ մասին, վերլուծել եմ հարցը եւ հանգել այն տեսակետին, որ մենք պետք է փորձենք հիմնախնդիրը լուծել խաղաղ միջոցներով», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Թուրքիայի պատվիրակության երկօրյա այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաեւ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցությունը ընդլայնելու ծրագրերը: Խոսվել է կառուցվելիք Բաքու - Թբիլիսի - Ջեյհան խողովակաշարի պաշտպանության նպատակով «անվտանգության միջանցք» ստեղծելու համատեղ ջանքերի մասին:

Քննարկվել է նաեւ տարածաշրջանում ահաբեկչության եւ միջազգային հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու հարցը: Հեյդար Ալիեւը մատնացույց է արել Լեռնային Ղարաբաղի հայ ղեկավարներին, պնդելով, թե վերջիններս թույլ են տալիս, որ տարածքն օգտագործվի որպես միջազգային ահաբեկիչների, զենքի եւ թմրանյութերի մաքսանենգության հենակետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG