Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նորից անբարենպաստ ու անբարեհույս լույսի տակ է մամուլում Ազգային ժողովը, որն իր երեկվա աշխատանքով, մասնավորապես «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերում, հերթական անգամ արժանացել է «գործադիր իշխանության անկամ կցորդ» ու «որոշումների դակիչ» որակումներին:

«Չնայած պատգամավորները հնարավորություն չունեին ծանոթանալու քաղաքապետարանի ու Գաֆեսճյանների միջեւ կնքված պայմանագրին, գործադիրի կամքը սրբորեն կատարող պատգամավորների մեծամասնության համար սա էական հանգամանք չէր։ Ասել, որ այս գործարքը կասկածելի է, շատ մեղմ կլինի», - անդրադառնում է «Առավոտ»-ը։ - «Մեր կառավարության այս խանդավառ փութաջանությունն արդեն իսկ խոսում է, որ կառավարության որոշ օղակներ այս գործարքից «քյար» ունեն։ Նման աննախադեպ արտոնություններով ներդրումներ անելը (չէ՞ որ նրանք կառուցելու են ոչ միայն իրենց թանգարանը) արդեն իսկ բարեգործություն չէ։ Սա բիզնես է, այն էլ՝ շահավետ։ Հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարող մեր կառավարության համար», - եզրափակել է թերթը: Այս արձագանքների ընդհանուր նստվածքը կարելի է խտացնել «օդակայանն ու Երեւանի «կասկադ» հատվածն էլ տակով արեցին» ձեւակերպմամբ:

«Իսկ ո՞վ է ասելու վերջ՝ էլ չենք թալանում» վերնագրով վերլուծականում «Հայկական ժամանակ»-ում ընդգծված է. «Քոչարյանի հեռացումով երկրում, անշուշտ, որոշակի փոփոխություններ տեղի կունենան. այդ թվում՝ տնտեսության վերաբաշխում, կադրային փոփոխություններ եւ այլն: Հնարավոր է, որ որոշ ժամանակ իսկապես լինի առողջացում: Բայց ավելի երկար ժամանակահատվածի համար ծագելու են խնդիրներ, որոնք իրենց խորքում ունենալու են խիստ ընդհանրություններ այսօրվա պրոբլեմների հետ»: Մեկնաբանը գրում է. - «Ո՞վ պետք է ասի՝ վերջ, ընտրություններ այլեւս չեն կեղծվելու, թեկուզ իմ պարտության հաշվին, ո՞վ պետք է ասի՝ ընդունելության քննություններն այսուհետ համատարած կաշառքով չեն, որովհետեւ 5 տարի հետո միջին մակարդակի մասնագետ չենք ունենալու, ո՞վ պետք է ասի՝ վերջ, դատարաններին պատվեր չենք իջեցնում, ու դատախազներին, քննիչներին չենք թույլատրում «բեսպրեդել» եւ այլն: Յուրաքանչյուր ոլորտում մեկը պետք է ասի՝ վերջ, սկիզբը պետք է դրվի, որովհետեւ այսպես շարունակվելու դեպքում վերջը արդեն երեւում է»: Իսկ այսօր բանավեճ էլ չկա. այն, ինչ կա, «համազգային քաղաքական որոճ է»: Մեկնաբանի հայացքով՝ «Հաղթանակից հետո ավելի լուրջ գաղափար, քան սեփական երկրի թալանը, մենք չկարողացանք ձեւակերպել: Եվ այս պայմաններում, առանց լուրջ հետազոտությունների, կարելի է կռահել հասարակության եւ նրա ռեսուրսների վիճակը: Եվս մեկ փուլ այն չի ձգելու: Հասարակության բարեփոխման համար կա մեկ պարտադիր քայլ՝ թույլ չտալ, որ 2003-ի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները կեղծվեն», - առաջիկա ամենահրատապն է առանձնացվում «Հայկական ժամանակ»-ում:

Դիտարկելով նախագահի թեկնածուների ուրվագծող ցանկը, «Ազգ» թերթի մեկնաբանը արձանագրում է. «Ամեն պարագայում՝ հայաստանյան ընտրողին հարկ կլինի ընտրություն կատարել վաղուց հայտնի գործիչների միջեւ։ Նոր դեմք առայժմ չի հայտնվել եւ հազիվ թե հայտնվի։ Այս հանգամանքը, ավա՜ղ, միակ անտարակուսելի եզրակացությունն է՝ խիստ տարակուսելի ենթադրությունների մեջ»։

«Հայոց Աշխարհ» թերթում այսօր շեշտված է. «Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման համար ԵԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը թեւակոխում որակապես նոր շրջափուլ: Մայիսի 12-15-ը Պրահայի արվարձանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների առաջին հանդիպման անդյունքում անխուսափելի է լինելու ոչ միայն բանակցությունների անցկացման ձեւի, այլեւ բովանդակության որոշակի փոփոխությունը», - գրում է մեկնաբանը: - «Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում մոտենում են նախագահական ընտրությունները, ուստի միջնորդները լավ են հասկանում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական կարծիքը, որն առանց այդ էլ պատրաստ չէ ընդունելու հիմնահարցի վերջնական կարգավորման որեւէ տարբերակ, գալիք տարվա ընթացքում կարող է հիմնավորապես խափանել իրենց ջանքերը, եթե դրանք առաջարկությունների ներկայացման շրջափուլից տեղափոխվեն անմիջական գործադրման հանգրվան», - առանձնացրել է տեսաբանը: - «Նման պայմաններում, երբ հնարավոր չէ խնդիրը շուտափույթ կարգավորել, բայց միաժամանակ խիստ վտանգավոր է այն բարձիթողի վիճակում թողնելու հեռանկարը, բանակցող կողմերին հատկացվող նոր կարգավիճակը ապահովում է գործընթացի շարունակականության ու ժառանգորդական կապի պահպանման եւ միաժամանակ՝ երկու երկրների ու ժողովուրդների հասարակական կարծիքի վրա ներազդելու ավելի մեղմ ու նուրբ տեխնոլոգիաների կիրառման համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները»: Ընդհանուր առմամբ, այս պայմաններում «Հայաստանի համար առաջին պլանի վրա է հայտնվում ոչ թե բանակցությունների ճիշտ մարտավարության, այլ զարգացման հեռահար ռազմավարության մշակման խնդիրը», - ամփոփված է «Հայոց Աշխարհ»-ում:

«Ազգ»-ի մոսկովյան թղթակիցը փոխանցում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործնական քննարկումներ ծավալելու՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի կոչը: «Նման հարցերը լուծում են գտնում, երբ տարածաշրջանում իր ներկայությունն է փաստում ինչ-որ գերհզոր ուժ, որը կարող է սեփական շահերից ելնելով ձգտել միակողմանիորեն փոխելու այդ հարաբերակցությունը եւ վճիռներ պարտադրել հակամարտությունների կողմերին... Սեպտեմբերի 11-ից հետո ակնհայտ է, որ ԱՄՆ-ը ավելի ու ավելի է ընդգծում իր ներկայությունը այս տարածաշրջանում եւ փորձելու է լուծումներ գտնել», - նախադրել է քաղաքագետը։ - Այս ընթացքում մեզանում «գործնական հարցերի գործնական քննարկումը կարող է դառնալ համահայկական հարցերը որպես պահանջ ձեւակերպելու հիմք, ինչն, ի դեպ, շատ օգտակար կլինի թե՛ Հայաստանի կառավարությանը, թե՛ ԱԳՆ-ին թուրքերի եւ մնացած բոլոր շահագրգիռ կողմերի հետ բանակցություններում մանեւրի դաշտը ընդլայնելու առումով»։ Միեւնույն ժամանակ՝ «Հայաստանը, ճշգրիտ կողմնորոշվելու համար, հստակ ազդակներ պետք է ստանա ինչպես Մոսկվայից, այնպես էլ Վաշինգտոնից», - ակնկալում է պարոն Միհրանյանը: - «Ռուսաստանն այսօր ազգային շահերը շատ անհստակ արտահայտող պետություն է, եւ Հայաստանը կցանկանար ավելի հստակ իմանալ, թե ինչ դեր է ինքն իրեն վերապահում տարածաշրջանում Ռուսաստանը։ Եթե դա ինքնուրույն դեր է, խաղի կանոնները մեկն են, եթե Ռուսաստանը ԱՄՆ-ի ներկայացուցիչն է լինելու, կանոնները բոլորովին այլ են, եթե ԱՄՆ-ը նպատակահարմար է գտնում Ռուսաստանին ընդհանրապես դուրս մղել այս տարածաշրջանից, ստացվում են խաղի բոլորովին այլ կանոններ։ Այս բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում, եւ հայկական քաղաքական շրջանակների առջեւ բավական լուրջ խնդիրներ են դրվում։ Այսինքն, կոմպլեմենտար քաղաքականության մասին խոսելը դառնում է ավելորդ: Հայկական կողմի մանեւրելու դաշտն այսօր կտրուկ նեղացել է», - սահմանում է քաղաքագետը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG