Մատչելիության հղումներ

Կառավարությունը եւ դոնորները լավատես են բաշխիչ ցանցերի ապագայի հարցում


Հայաստանի միասնական էլեկտրաբաշխիչ ցանցի վաճառքի խնդիրը վերստին օրակարգում է: Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հավաստմամբ, ցանցը հինգ տարով մասնավոր կառավարման հանձնելու պայմանների վերաբերյալ առաջարկների փաթեթը պատրաստ կլինի մոտ երկու ամսից, իսկ մրցույթը կկայանա մինչեւ տարեվերջ: Նախարարը նաեւ չբացառեց, որ ցանկացած պահին պատշաճ գնորդ գտնվելու դեպքում ցանցը վաճառվի:

«Նախապատրաստվում են բաշխիչ ընկերությունները հավատարմագրային կառավարման: Միաժամանակ կա տարբեր ընկերությունների կողմից հետաքրքրություն բաշխիչ ընկերությունները գնման համար», - ապրիլի վերջին հայտարարել էր Արմեն Մովսիսյանը: - «Եթե նրանք ուզենան անպայման գնել, մենք պատրաստ ենք սեփականաշնորհել բաշխիչ ընկերությունները»:

Նախարարը թեեւ, չի մանրամասնում, թե դրանք ինչ ընկերություններ են, այդուհանդերձ, դժվար չէ կռահել, որ դրանք նախկին հավակնորդներն են: Վերջերս մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ էլեկտրացանցի գնման հարցում կրկին ընդգծված շահագրգռություն ունի իսպանական «Յունիոն Ֆենոսա» ընկերությունը։ Բնականաբար, հավակնորդների բազմությունից չպետք է բացառել նաեւ ռուսաստանյան «ՌԱՈԵԷՍ» եւ ամերիկյան «Սիլք Ռոուդ» ընկերություններին։

Իր վերջին ասուլիսում նախարար Մովսիսյանը բաշխիչ ցանցերի վիճակը գերադրական գնահատակններով որակեց՝ խոստանալով, առաջիկայում երեք անգամ կրճատել կորուստները: Լրատվամիջոցներում դրանից հետո հարցադրումներ երեւացին, թե ի՞նչ իմաստ ունի մասնավորեցնել ցանցերը, եթե դրանք այդքան լավ վիճակում են։

Վիճակը, սակայն, բարվոք է սոսկ արտաքուստ:
Թեեւ, էներգահամակարգը որոշ առումով կայունացել է, ոլորտի արմատական խնդիրները, այդուհանդերձ, մնում են չլուծված: Հոսանք արտադրող կայանները ու մատակարար ցանցը հնացած են թե' ֆիզիկապես եւ թե' բարոյապես, բնագավառի վթարայնության մակարդակը մնում է բարձր, տեխնիկական կորուստները՝ մեծ:

Միայն ցանցերի արդիականացման համար առնվազն 100 միլիոն դոլարի ներդրումներ են անհրաժեշտ։ Իսկ նման գումար պետությունը չունի: Միայն 150 միլիոն դոլար համակարգի ներսի պարտքերն են, եւս 50 միլիոն դոլար էներգահամակարգը պարտք է մասնավոր բանկերին։

Որոշ գնահատումներով, էներգետիկ համակարգի արդիականացման համար անհրաժեշտ է 10-15 տարվա ընթացքում 2,5-3 միլիարդ դոլարի ներդրումներ անել։ Նման գումարներ միայն մասնավոր ընկերությունները կարող են ներդնել։

Այնուամենայնիվ, ցանցը նախապատրաստվում է հենց մասնավոր կառավարման, այդ պատճառով, գլխավոր պահանջը հավակնորդների նկատմամբ լինելու է մենեջմենթի ավելի մեծ փորձառությունը:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ենթակառուցվածքների բարեփոխումների բաժնի ղեկավար Գեւորգ Սարգսյանի հավաստմամբ, մրցույթի հիմնական պայմանը հենց դա պետք է լինի. «Պետք է այնպիսի կազմակերպություն լինի, որ հաջող կառավարման մեծ փորձ ունենա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գեւորգ Սարգսյանը: - «ոչ թե ով ավելի շատ կվճարի, նա է հաղթում, այլ, ասենք՝ ով ավելի լավ պայմաններ, բարելավումներ կառաջարկի կամ ավելի քիչ գումար կուզի կառավարման համար»:

Ինչ վերաբերում է ներդրումներին, ըստ Գեւորգ Սարգսյանի, դա լինելու է կառավարության եւ միջազգային դոնորների հոգսը։ Իհարկե, դոնորները ներդրման գումարներ կտան, եթե կառավարումը դառնա արդյունավետ:

«Պետք է փորձենք դոնորների հետ համագործակցելով զուգահեռ ներդրումային ծրագիր առաջարկել, որպեսզի էֆեկտիվ լինի այն, ինչ փորձում ենք անել», - ասաց Սարգսյանը:

Բաշխից ցանցի մասնավորեցման կամ այն մասնավոր կառավարման հանձնելու հետ է շաղկապված Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների չորրորդ վարկի՝ վերջին, 20 միլիոն դոլարի վարկային հատկացումը։ Ըստ Սարգսյանի, հնարավոր է, որ այդ գումարը կառավարությունը ստանա մինչեւ սեպտեմբեր:

«Եթե այդ պայմանները կատարվեն, ներառյալ ինստիտուցիոնալ կառուցվածքային բարեփոխումները, ներառյալ որոշակի առաջընթաց [բաշխիչ ցանցի] կառավարման հետ կապված, տրանշը կտրամադրվի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գեւորգ Սարգսյանը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG