Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց 2001 թ. պետական բյուջեի կատարողականը


Կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել եւ հավանություն է տվել 2001թ. պետական բյուջեի կատարողականին, ըստ որի անցյալ տարվա բյուջեն եկամուտների մասով կատարվել է 97 տոկոսով, իսկ ծախսերի մասով՝ 95 տոկոսով։ Հավաքվել է 194 միլիարդ դրամի ընդհանուր եկամուտ, որից 155 միլիարդը հարկային եկամուտներն են: Մինչդեռ նախապես ծրագրվել էր հավաքել 165 միլիարդ։

2001 թվականի հունվարի 1-ից հետո, երբ գործողության մեջ դրվեց հարկային լայնածավալ բարեփոխումների փաթեթը (որը նոր փոփոխություններ կրեց նաեւ ընթացիկ տարեսկզբին), պաշտոնյաները վստահեցնում էին, որ թե' հարկային բեռը կթեթեւանա եւ թե' բյուջեի մուտքերը կավելանան: Սպասելիքները, սակայն, չիրականացան:

Իսկ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը այսօր հայտարարեց, թե կառավարությունը «միանգամից զգալի փոփոխություններ չէր էլ ակնկալում հենց տվյալ տարվա բյուջետային ցուցանիշների իմաստով»:

Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ աշխատավարձի ու նպաստների գծով պարտքեր չեն մնացել, մինչդեռ կապիտալ շինարարությունը ֆինանսավորվել է ընդամենը 87 տոկոսով: Թերֆինանսավորվել է նաեւ արտաքին պարտքի սպասարկումը։ Ընդ որում՝ չեն սպասարկվել ամենաթանկ՝ ռուսաստանյան եւ թուրքմենական պարտքերը։

Ռուսաստանին Հայաստանի պարտքը մոտ 98 միլիոն դոլար է, իսկ Թուրքմենստանին՝ շուրջ 12 միլիոն։ Իսկ դրանց սպասարկման վճարը (տոկոսները եւ մարվող մասը միասին) կազմում է շուրջ 20 միլիոն դոլար։

Թուրքմենական պարտքը որոշվել է մարել ապրանքով, իսկ ռուսականը՝ գույքով: Թեեւ Ռուսաստանի հետ քաղաքական համաձայնությունները հայաստանյան հինգ ձեռնարկությունների փոխանցման շուրջ կայացել են, սակայն, ըստ գլխավոր գանձապետի, դրանց գների ու փոխանցման պայմանների շուրջ որեւէ փաստաթուղթ առայժմ չի ստորագրվել:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG