Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության մասին օրինագծի հեղինակը վստահ է, որ խորհրդարանը կհաստատի այն





«Ագրոարդյունաբերողների ժողովրդավարական միավորում» պատգամավորական խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանության իրավական երաշխիքներին վերաբերող օրինագծի հեղինակն է, շաբաթ օրը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանը կհաստատի այն:

Շրջանառվող օրինագծի հիմնական դրույթը հետեւյալն է. Թուրքիայի կողմից իրագործված հայերի ցեղասպանությունը ժխտելու, որեւէ ձեւով կասկածի տակ առնելու կամ արդարացնելու ուղղությամբ կատարված գործողությունները ճանաչվում են հանցագործություն եւ պատժվում օրենքով:

Դեռ փետրվարից, երբ առաջին անգամ խոսվեց օրինագծի մասին, Ազգային ժողովը վերապահումով էր մոտեցել դրան եւ չէր ընդգրկել մեծ օրակարգում: Օրինագիծը եզրակացության է ուղարկվել կառավարություն եւ, ինչպես այսօր ասաց Հովհաննիսյանը, արժանացել է կառավարության հավանությանը:

Կառավարությունում, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասացին, թե իրենց եզրակացությունում նշված է, որ օրինագիծը լրամշակման եւ վերջնական տեսքի բերելու անհրաժեշտություն ունի, եւ կառավարությունը պատրաստակամ է նախագծի հեղինակների հետ կատարել այդ աշխատանքները:

Հովհաննիսյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ չի անդրադարձել Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբին: Հանձնախմբի ընդդիմախոսները ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում փաստարկում էին, թե դրա գոյությունը խոչընդոտում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Ի պատասխան իր առաջարկած օրինագիծը քննադատողներին, Հմայակ Հովհաննիսյանը այսօր պնդեց, թե այն «դեկլարատիվ չէ»: Նրա համոզմամբ, դա «շատ գործնական նշանակություն ունեցող օրենք է»:

«Երբ որ տարբեր տեսակի լիպարիտյաններ, բոջոլյաններ կպատժվեն օրենքի ուժով, այդ դեպքում բոլորս կհասկանանք, որ սա դեկլարատիվ օրենք չէ», - ասաց Հմայակ Հովհաննիսյանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG