Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Արձանագրելով հանրահավաքի մասնակիցների թվի նվազում, «Առավոտ»-ի թղթակիցը մասնավորապես նշել է. «Մարդկանց որոշակիորեն հետաքրքրում է, թե ի նշան բողոքի ինչ միջոցներ են ձեռք առնվելու այս հեռուստաընկերություններին եթերից զրկելու առնչությամբ եւ, մեղմ ասած, այնքան էլ հետաքրքիր չէ հերթական անգամ լսել, որ Ալբերտ Բազեյանը քաղաքապետ եղած ժամանակ փողի վրա չէր նստած կամ քաղաքապետարանը հող օտարելու իրավասություն չունի»:

Միեւնույն ժամանակ, հանրահավաքից հանրահավաք կազմակերպիչների կողմից մեծ հաշվով արմատավորվում է համոզումը, որ «ցանկացած խնդրի լուծման համար անհրաժեշտ է այս իշխանություններից ձերբազատվել»:

«Ի տարբերություն նախորդ հանրահավաքների, այս մեկի մասնակիցները «Ա1+»-ի բացումը պահանջում են ոչ թե այս իշխանություններից, այլ այս իշխանությունների հեռացման դեպքում են հնարավոր համարում խնդրի լուծումը», - ձեւակերպել է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, ըստ որի. - «Համառորեն չեն իրականանում կանխատեսումները, թե «Ա1+» հեռուստաընկերության փակման արդյունքում սկսված շարժումը ժամանակի հետ կմարի», եւ ընդդիմությունն էլ պիտի շատ ավելի լուրջ վերաբերվի «իշխանափոխության հնարավորությանը. չէ՞ որ հրապարակում թրջվող բազմություն եւս մեկ անգամ վկայում է, որ իշխանափոխության հանրային պատվեր, այնուամենայնիվ, կա»:

Ներկայացնելու որեւէ նոր բան չհնչեց, - ընդգծվում է նաեւ «Հայաստանի Հանրապետություն» եւ «Օր» թերթերում: Վերջինիս պատկերմամբ՝ «Հանրահավաքի հարթակին նոր դեմքեր չեք տեսնի: Այն տպավորությունն է, որ քաղաքական էլիտա ասվածը մի փակ «կաստա» է դարձել, ուր օտարների մուտքը արգելված է: Նոր կոչեր նույնպես չեն լսվում: Մի անբացատրելի զգացում է առաջանում. թվում է, թե այս ամենը արդեն մեկ անգամ լսել ես»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի մատուցմամբ, «Ա1+»-ի հետ կապված իրադարձությունները ներքաղաքական նպատակներով օգտագործելու փորձը աստիճանաբար փակուղի է մտնում: «Եվ դրա վկայությունը ոչ միայն հանրահավաքի մասնակիցների նվազման իրողությունն է, այլեւ արտասանվող ճառերի իմաստային նույնությունը... Նման գործելաոճը ձանձրացնում է անգամ ամենադժգոհ ու հուսահատ մարդկանց: Այդ հանգամանքի գիտակցումը պետք է որ ստիպեր կազմակերպիչներին ամեն մի նոր միջոցառում դարձնել քիչ ավելի սուր ու հետաքրքիր, քան նախորդը: Սակայն այստեղ էլ հնարավորությունները անսահմանափակ չեն», - նշում է մեկնաբանը: - «Քանզի ցանկացած հանրահավաքում գոյություն ունի թույլատրվածի ու անթույլատրելիի սահման: Անցնել այդ սահմանը՝ նշանակում է խախտել օրենքը, չանցնել՝ նշանակում է ձանձրացնել ու հուսահատեցնել մարցկանց, որովհետեւ անվերջ քննադատությունից ու հայհոյանքից բացի, նրանք սպասում են նաեւ բանական ու տրամաբանված խոսքի, ծրագրի»:

«Այսօրվա հանրահավաքային գործընթացները սահմանափակվում են շատ նեղ շրջանակներում եւ ավելի շուտ կադրային բնույթի են՝ ո՞վ պետք է լինի իշխանության մեջ, ո՞վ պետք է զբաղեցնի այսինչ աթոռը: Այս իմաստով, չեմ կարծում, թե դրանք շարունակություն կունենան», - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է Լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը: - «Հասարակությունը մեկուսացված է այդ զարգացումներից: Մտավորականությունը քաղաքական այդ խաղերը օտար խաղեր է համարում եւ դրանց հետեւում այլ նպատակ չի տեսնում, բացի իշխանության հասնելու եւ իշխանական լծակները օգտագործելով՝ սեփականության վերաբաշխում իրականացնելու նկրտումներից»:

«Ի՞նչ միասնական քայլեր պիտի ձեռնարկի ընդդիմությունը՝ իր հաղթանակն ապահովելու համար» հարցին «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Հայկական ժամանակ»-ում պատասխանում է. - «Ընդդիմության միասնական քայլ կատարելու խնդիր չկա, եւ խոսքը ոչ թե ընդդիմության, այլ՝ ժողովրդի հաղթանակի մասին է: Կա գերխնդիր՝ ծառացած ողջ ժողովրդի առաջ. դա օր առաջ այս վարչակազմից ազատվելն է: Ցավոք, վերջիններիս հաջողվել է այնպիսի խարդավանքներ հյուսել, ուր ներքաշվում են անգամ իսկ ընդդիմադիր լրատվամիջոցները՝ հարվածներ հասցնելով ընդդիմադիր որոշ գործիչների»:

«Ես համոզված եմ, որ դուք եւս գիտեք, որ Քոչարյանի վարկանիշը չի գերազանցում 2-3 տոկոսը: Ինչո՞ւ եք ընտրողին եւ միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին այսօրվանից ապակողմնորոշում, թե Քոչարյանը շանս ունի երկրորդ փուլ անցնելու», - լրագրողներին է դիմում Գեղամյանը: Նրա համոզմամբ, արդար ընտրությունների դեպքում Քոչարյանը կլինի նախավերջինը, եթե անգամ նախագահի 20 թեկնածու լինի:

Ինչ վերաբերում է իրեն՝ «Ես հավատում եմ իմ հաղթանակին, կարծում եմ, դրանում չի կասկածում եւ Քոչարյանը»:

Անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի ելույթին, Արտաշես Գեղամյանը ասում է. «Ես Քոչարյանին դեմ կամ ընդդիմությանը կողմ որեւէ ենթատեքստ չեմ նկատել... Բայց Գագիկ Հարությունյանը, անելով նման լուրջ վերլուծություն, հրապարակայնորեն բարոյական երդում ընդունեց համայն հայության առաջ, որ 2003-ին, որպես ՍԴ նախագահ, ամեն ինչ կանի, որպեսզի առաջիկա ընտրություններում չկրկնվեն նախորդներում տեղ գտած՝ մեր ժողովրդի համար ճակատագրական խախտումները: Այդ առումով նա ոգեւորեց ընդդիմությանը»:

«Առավոտ»-ի թղթակիցը դիմել է նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին՝ «Դուք պատրա՞ստ եք քաղաքական պայքարի: Մտադի՞ր եք առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել Ձեր թեկնածությունը»: Պատասխանը հետեւյալն է. «Պայքարի պատրաստ ենք բոլորս: Եվ՝ առաջիկա տարվա ընտրական տարբեր հանգրվաններում: Սակայն, կարեւորը ոչ այնքան թեկնածուի անձն է, որքան թեկնածությունը՝ որպես հավաքական հասկացություն: Աներկբա է. «Նախաձեռնություն»-ը մասնակից լինելու է այդ հանրային թեկնածության սահմանմանն ու ճշգրտմանը»:

«Ներկա իշխանությունների շարքում կան առանձին աստղեր, բայց համաստեղություն, ըստ էության, չի գործում: Ցավալի է, որ հետադարձ կապը իշխանության սկզբնաղբուր՝ ժողովրդի հետ խզվել է», - գնահատում է Րաֆֆի Հովհաննիսյանը: - «Ընդդիմության մասին. կառուցողական մտածող ուժեր կան, սակայն ընդդիմությունը որպես արժեք պետք է բյուրեղանա, առավել կառուցված ու կազմակերպ դառնա, ավելի ճկուն ու հեռատես արձագանքի օրախնդիրներին: Եվ չմոռանա Աստվածաշնչի խորհուրդը՝ առաջինները կդառնան վերջիններ եւ վերջինները՝ առաջիններ: Ամեն ոք միշտ պիտի հիշի, որ հետոն լինելու է»:

«Ինչպե՞ս ապրել ամսական 4000 դրամ կենսաթոշակով» կարծես անիմաստ հնչող հարցն է այսօր հիշեցնում «Օր» թերթի ընթերցողներից մեկը: Դա կազմում է Հայաստանում ապրող մարդու գոյատեւման նվազագույն զամբյուղի՝ 28 հազար դրամի ընդամենը 14 տոկոսը:

«Եթե այդ թիվը բաժանենք ամսվա 30 օրերի վրա, ապա միայնակ ծեր թոշակառուի օրական հասանելիքը կկազմի 140 դրամ: Խղճուկ մի թիվ, որը կբավարարի ընդամենը գնելու 1 կգ սեւ հաց»: Կոմունալ ծառայությունների համար զեղչեր կամ օժանդակություններ էլ այլեւս չկան:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG