Մատչելիության հղումներ

Կրասնոդարում ձերբակալվել են հայկական գերեզմանատունը պղծած պատանիները


Այսօր Կրասնոդարի երկրամասի իրավապահ մարմինները հայտնեցին, որ ձերբակալվել է երեք երիտասարդ, որոնք այս շաբաթ Կրասնոդարում պղծել էին հայկական գերեզմանատունը:

Երկրամասի ներքին գործերի վարչության պետի տեղակալ գեներալ Վալենտին Բուրլաչենկոն այսօր հայտնել է, որ երեքշաբթի գիշերը երկու տասնյակ երիտասարդներից բաղկացած խումբը քանդել է 21 գերեզման, որոնցից 3-ը հայկական չեն:

Ձերբակալվածներից տարիքով ամենամեծը 17 տարեկան է, կրտսերը՝ 14: Մնացածի որոնումները շարունակվում են, շատերի ազգանուններն արդեն հայտնի են: Գեներալի վկայությամբ, խուլիգանները բահ կամ այլ գործիք չեն օգտագործել, սակայն նրանց գործողությունների արդյունքում ջարդվել է մի քանի մարմարե տապանաքար, որոնց արժեքը 10-40 հազար դոլար է:

Միաժամանակ Կրասնոդար քաղաքի հայ համայնքի ղեկավար Ռազմիկ Գեւորգյանը այսօր հեռախոսով հայտնեց, որ կատարվածից հետո դեպքի վայր են ժամանել երկրամասի իրավապահ մարմինների ղեկավարները, քրեական գործ է հարուցվել:

Ռուսաստանյան աղբյուրները մի վարկած են առաջ քաշում, ըստ որի, այդ օրը տեղի «Կուբան» ֆուտբոլային թիմի հերթական խաղի ժամանակ հայազգի ֆուտբոլիստը երեք անգամ չի օգտագործել գոլ խփելու լավ հնարավորությունները, ինչը հարուցել է պատանի մարզասերների վրդովմունքը: Սակայն Ռազմիկ Գեւորգյանը չհամաձայնեց այդ վարկածին, պնդելով, որ մարզադաշտը եւ գերեզմանատունը քաղաքի հակառակ ծայրերում են գտնվում, խաղն ավարտվել է երեկոյան, իսկ գերեզմանների պղծումը կատարվել է կեսգիշերից հետո: Նրա վկայությամբ, իրական պատճառը Կրասնոդարի երկրամասում ստեղծված մթնոլորտն է:

«Ասոշիեյթեդ Փրես» ամերիկյան գործակալությունը հայտնել է, որ Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը խոստացել է անձնական վերահսկողության տակ պահել հայկական գերեզմանների պղծման գործով տարվող հետաքննությունը:

«Ես թույլ չեմ տա, որպեսզի անօրինական ներգաղթողների դեմ պայքարը վերաճի ազգամիջյան հակամարտության», - ասել է նահանգապետը:

Մինչդեռ Մոսկվայում լույս տեսնող «Իզվեստիա» թերթը, վկայակոչելով երկրամասի ներքին գործերի վարչության պետ Սերգեյ Կուչերուկին, հայտնում է այսօր, որ երկրամասից արդեն վտարվել է 43 մարդ: Կրասնոդարի հայ համայնքի ղեկավարը թեեւ փաստեց, որ հայերի զանգվածային վտարման մասին առայժմ խոսք չկա, բայց վկայեց, որ երկրամասում հաճախակի են դարձել անձնագրային ստուգումները, իսկ հայ երեխաներին երբեմն դպրոց ու մանկապարտեզ չեն ընդունում:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր մտահոգություն արտահայտեց կատարվածի կապակցությամբ եւ հայտնեց, որ դիվանագիտական խողովակներով այդ անհանգստությունն արդեն փոխանցվել է Ռուսաստանի ղեկավարությանը: Նա համոզմունք հայտնեց, որ ապագայում նման դեպքերը կկանխվեն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր իր ամենամյա ուղերձում հատուկ շեշտել է, որ ուժեղացվելու է պայքարը ծայրահեղականության դեմ:


Արմեն Դուլյան, Պրահա-Երեւան-Կրասնոդար

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG