Մատչելիության հղումներ

Սեւծովյան բանկը եւ Իզմիրլյան հիմնադրամը կվարկավորեն փոքր եւ միջին գործարարությունը Հայաստանում


Սեւծովյան բանկի խորհուրդը որոշում է կայացրել փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծրագրի շրջանակներում Հայաստանին 2,5 միլիոն դոլար հատկացնելու մասին։ Նույն ծրագրին եւս 2,5 միլիոն կհատկացնի Իզմիրլյան հիմնադրամը:

Այս մասին լրագրողներին հինգշաբթի օրը ասաց Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, հույս հայտնելով, որ դա կլինի լավագույններից մեկը նմանօրինակ ծրագրերի մեջ:

«Իրենք ցանկանում են դա ոչ թե բանկերի միջոցով անել, այլ անմիջապես ձեռներեցների», - ասաց նախարարը: - «Կգա մի խումբ, որը կընտրի նախագծեր եւ անմիջապես՝ առանց միջնորդների կֆինանսավորի դրանք»:

Ըստ նախարարի, մինչեւ մայիս ամսվա վերջը վարկային համաձայնագիրը կստորագրվի ու փոքր ձեռներեցները հնարավորություն կստանան եւս մեկ պատուհանից իրենց գործի համար ցածր տոկոսներով վարկեր ստանալ:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տվյալներով, Հայաստանում վերջին հինգ տարիներին փոքր եւ միջին բիզնեսին տարբեր ծրագրերի գծով հատկացվել են ավելի քան 40 միլիոն դոլարի վարկեր։

Վարդան Խաչատրյանը այսօր տեղեկացրեց, որ Սեւծովյան բանկի կանոնադրական կապիտալը ներկա դրությամբ 300 միլիոն դոլար է, թեեւ նշանակետ է ընտրված 1 միլիարդ դոլարը։ Հայաստանի մասնակցությունը այդ բանկի կանոնադիր կապիտալին 4 միլիոն դոլար է, դրան գումարած ամենամյա 500 հազար դոլարի անդամավճարը։ Սակայն մինչ այժմ մեր երկիրը այդ բանկին փոխանցել է ընդամենը 2 միլիոն դոլար։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG