Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի մատուցմամբ, Կարեն Դեմիրճյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ամենահետաքրքիր իրադարձությունը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ելույթն է եղել: Դրանում նուրբ ակնարկներ են նկատվել գործող իշխանությունների հասցեին:

«Այս ելույթից հետո հասկանալի է դառնում, որ ներքաղաքական կյանքին վերաբերող կանխատեսումներ անելիս ամենեւին էլ պետք չէ անտեսել Սահմանադրական դատարանի նախագահի գործոնը», - զարգացնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Գագիկ Հարությունյանը, ըստ էության, կարող է դառնալ նախագահի մի թեկնածու, որը ընդունելի է քաղաքական հիմնական ուժերի համար: Խոսքը վերաբերում է թե' գործող ընդդիմությանը, թե' իշխանության տատանվող հատվածին եւ թե', այսպես կոչված, նախկին իշխանությանը: Եվ տպավորություն կա, թե Գագիկ Հարությունյանը այդ թեկնածուն դառնալու հայտ է ներկայացնում»:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, երեկ նա իր ելույթում «Դեմիրճյանին մատնացույց անելով՝ ցույց տվեց երկրի ղեկավարի այն հատկանիշները, որոնցից այնքան զուրկ են ներկա իշխանությունները», եւ ընդհանրապես ողջ ելույթը եղել է ներկա իշխանությանը խոցող ակնարկների հավաքածու:

«Հայոց Աշխարհ» թերթում այսօր երկու շեշտադրում կա: Նախ, որ հանրահավաքային շարժում սկսած 14 կուսակցությունների համագործակցությունը երկարատեւ ապագա չի ունենա. «Նախընտրական զարգացումներին զուգահեռ, իշխանության թեւում եւս կսկսվեն անխուսափելի հստակեցումներ: Երբ կորոշակիանա նախագահական ընտրություններում ներկայիս նախագահին աջակցող քաղաքական ուժերի բեւեռը, ընդդիմության դաշտը եւս կտրոհվի մի քանի միավորումների»:

Այս թերթի մեկ այլ մեկնաբան էլ գրում է. «Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ մեզանում սկիզբ առնող հանրահավաքային ալիքը, այնուամենայնիվ, արտաքին ծագում ունի... Հայաստանին եւ Արցախին կոտրելու համար ներկայումս փորձ է արվում զորաշարժի ենթարկել այստեղ գերտերությունների «ներքաղաքական ռեսուրսները»: Ներքաղաքական կացության ապակայունացումը հնարավորություն կտա արդեն մոտակա ամիսների ընթացքում Հայաստանին կանգնեցնել անելանելի երկընտրանքի առաջ՝ կա'մ մեղմել առաջադրվող պահանջներն ու գնալ միակողմանի զիջումների, կա'մ ասպարեզը թողնել այն ուժերին, որոնք միշտ պատրաստ են՝ նման զիջումների միջոցով տիրանալու իշխանությանը»:

«Օր» թերթի մեկնաբանի հայացքով՝ «Մշտապես թեժացնելով իրավիճակը եւ չուզենալով վերջնական լուծում տալ այս հարցին վերաբերող տարբեր միջադեպերին, իշխանությունը բացահայտորեն ցույց է տալիս, որ դեպքերի նման զարգացումը ուղղակի ձեռնտու է իրեն՝ անձամբ նախագահին»:

«Այդ հանրահավաքները կարող են հանգեցնել կա'մ ուժեղ քաղաքական պոռթկման, կա'մ խորը հիասթափության: Սա է հիմնական վտանգը ընդդիմադիր ուժերի համար», - առանձնացված է վերլուծականում: - «Եթե «Ա1+»-ի փակումը իրոք նախագահական նստավայրից էր հրահանգված, ապա կարելի է ընդունել, որ դա լրջորեն հաշվարկված քայլ էր: Սրանով, փաստորեն, ընդդիմադիր ուժերին սադրում են, քանի որ դրան հետեւած բազմաթիվ ցույցերի ու երթերի արդյունքը արդեն զգալի է: Հանրահավաքային քաղաքականությունը չի կարող անվերջ շարունակվել, իսկ մինչեւ ընտրությունները առնվազն մեկ տարի կա»:

«Ա1+» հեռուստաընկերության փակումից հետո մամուլի երկու ծայրահեղ հակադիր, գրեթե թշնամական բանակների ստեղծումը ճիշտ արտացոլանքն է ներկայիս հայ իրականության», - սահմանել է այսօր «Օր» թերթը:

«Ազգ»-ի մեկնաբանի ընկալմամբ էլ, «հակադիր հայտարարություններով լրատվական դաշտն իրեն ամբողջովին դարձրեց քաղաքական դաշտի նախընտրական քարոզչամիջոցը եւ ինքն առաջարկեց իր ծառայություններն այդ շրջանակներին»։ Լրատվական դաշտին առնչվող՝ խորհրդարանում տապալված նիստն էլ, ըստ այս անդրադարձի, «դառնալու էր լրատվամիջոցների համար լավ պատրաստված թատերական ներկայացում»։

«Քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում արտահերթ նիստը տապալեց՝ հերթական անգամ թույլ չտալով փոքրամասնությանը Ազգային ժողովի ամբիոնը դարձնել պոպուլիստական հայտարարություններ անելու միջոց», - գնահատված է «Ազգ»-ում:

«Թերեւս սա այն եղակի դեպքերից է, երբ մեր Ազգային ժողովը ողջախոհություն դրսեւորեց՝ կուլ չգնալով ո'չ ընդդիմությանը եւ ո'չ էլ իշխանություններին», - նույն առիթով գնահատական է տալիս «Առավոտ»-ի խմբագրականը: - «Որքան հեշտ էր օրենքում փոփոխություններ անել եւ Գրաքննության (այսինքն՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի) հանձնաժողովի ձեւավորման իրավունքը նախագահից փոխանցել խորհրդարանին: Այդ դեպքում պատգամավորները հնարավորություն կունենային պոպուլիստական նպատակներով ճառեր արտասանել «Ա1+»-ի փակման թեմաներով: Մյուս կողմից էլ՝ դա առանձնապես չէր զայրացնի Քոչարյանին: Օրենքում փոփոխություններ մտցնելը վերջինիս համար այնքան էլ անցանկալի չէ: Ավելին, նման փոփոխությունները նրան հնարավորություն կտան ավելի ազատ գործել»:

«Մեր երկրի պես պետություններում համարյա բոլոր օրենսդրական բարեփոխումները ոչ թե հակակշիռ են գործադիր իշխանության դիկտատուրային, այլ գործում են նրա օգտին», - ընդհանրացրել է «Առավոտ»-ը: - «Ըստ այդմ, ամեն կարգի բարեփոխում (Եվրոպայի խորհրդի կողմից պարտադրված կամ չպարտադրված) նպաստում է հենց անպատժելիության մթնոլորտի ձեւավորմանը»:

Կրասնոդարում ծավալվող հակահայկական արշավի առնչությամբ «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը ընդգծում է. «Ավելի քան ակնհայտ է, որ երկրամասում սկիզբ առած գործընթացները միանգամայն ձեռնտու են Թուրքիային՝ եւ' հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու, եւ' թուրք-մեսխեթցիներին Վրաստան՝ Սամցխե-Ջավախքի երկրամաս տեղափոխվելու հարցը լուծելու համար... Ռուսական քաղաքական էլիտայի, ինչպես նաեւ երկրամասային մակարդակի պաշտոնեության առաջ ներկայումս պետք է հստակորեն բարձրացվի ու հիմնավորվի այն գաղափարը, որ հայ տարրը, անկախ նրանից, որտե՞ղ է նա բնակվում՝ Հարավայի՞ն, թե՞ Հյուսիսային Կովկասում, ռազմավարական առումով օբյեկտիվորեն եղել ու մնում է ռուսական պետականության հենարանը, եւ վերջինիս թուլացումը կամ դուրսմղումը ձեռնտու է միայն ու միայն Կրասնոդարի երկրամասի եւ ընդհանրապես Ռուսաստանի հարավի հանդեպ իրական հավակնություններ ունեցող Թուրքիային ու Չեչնիային աջակցող պանիսլամիստական շրջանակներին»:

Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի նշանակման կապակցությամբ «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը նշում է. «Բարեբախտաբար, հայ-ռուսական համագործակցությունն այնպիսի մակարդակի վրա է, որ հիմնական խնդիրները լուծվում են ոչ թե դիվանագիտական առաքելությունների, այլ շատ ավելի բարձր մակարդակով: Բայց եւ այնպես, իրար հաջորդող դեսպանների դիվանագիտական կարողությունների ու ծավալած գործունեության մակարդակի առումով մտահոգության լուրջ տեղ կա»:

Նոր դեսպանի՝ Արմեն Սմբատյանի նշանակումը մեկնաբանը հիմնականում պայմանավորում է եւ Ռուսաստանի հայերի միության, դրա «ծանրքաշայիններից» Սենիկ Գեւորգյանի հետ սերտ կապերով, հույս հայտնելով, որ սա կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսությունների հետագա առավել ինտեգրացմանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG