Մատչելիության հղումներ

Հայաստանյան կուսակցությունները մտահոգված են Կրասնոդարի երկրամասում ստեղծված իրավիճակի կապակցությամբ


Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի իշխանությունները ճնշումների են ենթարկում այլազգի տեղաբնակներին՝ փորձելով երկրամասից վտարել տեղի գրանցում չունեցողներին: Դա մեծապես անդրադառնում է նաեւ երկրամասի հայազգի բնակիչների վրա, որոնց թիվը երկրամասում, ըստ ոչ պաշտոնական գնահատումների, մոտ 800 հազար է:

Հարցին, թե արդյո՞ք Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Տկաչովը, որը վերջերս ասուլիսում ցանկություն էր հայտնել այս խնդրով հանդիպել Հայաստանի նախագահի հետ, որեւէ պաշտոնական նամակ հղել է, նախագահի լրատվական ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը փոխանցեց, որ նախագահի աշխատակազմում Կրասնոդարի նահանգապետից որեւէ թղթագրություն չի ստացվել:

Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը օրերս տեսակետ հայտնեց, թե Կրասնոդարի նահանգապետը չպետք է «բռնության գործողություններ թույլ տար երկրամասի ազգային փոքրամասնությունների՝ մանավանդ հայերի նկատմամբ՝ հաշվի առնելով հայ֊-ռուսական ռազմաքաղաքական սերտ համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները»:

«Սա ռուս֊-հայկական հարաբերությունների կոնտեքստում չի: Ընդհանրապես երկրամասը ունի մեծ պրոբլեմներ կապված միգրանտների հետ», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայկոմկուսի ղեկավար անդամ, Ազգային Ժողովի սոցիալական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը: - «Հայաստանի իշխանությունները պիտի կարողանան երկրամասի ղեկավարության հետ հանդիպել, ամեն ինչ անել, որպեսզի արտագաղթը Հայաստանից դեպի այդ երկրամաս պակասի»:

Թադեւոսյանը տեղեկացրեց նաեւ, որ Կրասնոդարից ընտրված՝ Պետդումայի կոմունիստ պատգամավոր Բորիս Կիբերեւից մանրամասն տեղեկանք են խնդրել, որը ստանալուն պես կհրապարակեն: Նա նաեւ չբացառեց, որ Կոմկուսի ներկայացուցիչները մեկնեն Կրասնոդար՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, հանդիպելու նահանգապետ Տկաչովի հետ, որը նույնպես կոմունիստ է:

Կրասնոդարի երկրամաս մեկնելիք խորհրդարանական պատվիրակություն ձեւավորելու առաջարկով երեկ հայտարարությամբ հանդես եկավ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա նաեւ նշեց, թե ցանկալի է, որ այցը երկրամաս լինի Ռուսաստանի Պետդումայի պատվիրակության հետ համատեղ:

Իր հայտարարությամբ Ռուստամյանը խնդրի շուրջ ոչ միայն մտահոգություն փոխանցեց, այլեւ հիշեցրեց, որ գործողության մեջ են Հայաստանի եւ Ռուսաստանի միջպետական երկու պայմանագիր ու մեկ համաձայնագիր, որոնցով պետք է որ կարգավորվեին Ռուսաստանում եւ Հայաստանում մշտապես բնակվող միմյանց քաղաքացիների կարգավիճակը, կամավոր վերաբնակեցման գործընթացը:

Ինչպես Կրասնոդարում, այնպես էլ Մոսկվայում դիտորդների զգալի մասը համոզված է, որ պատժամիջոցներ բանեցնելով տարածաշրջանում առանց գրանցման ապրող մարդկանց դեմ, Կրասնոդարի երկրամասի իշխանությունները հետապնդում են զուտ քաղաքական նպատակներ:

Այս տարվա աշնանը կայանալիք երկրամասի օրենսդիր ժողովի ընտրություններում իր կողմնակիցների հաղթանակն ապահովելու նպատակով, Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը, զինվելով իր նախորդի՝ սիոնիստների, մեսխեթցի թուրքերի եւ հայերի դեմ պայքարում առաջատար մարտիկի համբավ ձեռք բերած Նիկոլայ Կոնդրատենկոյի կարգախոսներով, փորձում է բարձրացնել իր՝ ներկայումս 10 տոկոսից էլ ցածր վարկանիշը:

«Կուբանը՝ կուբանցիների համար» կարգախոսը նշանակում է, որ անկոչ հյուրեր են ճանաչվում եւ վտարման հեռանկարի առջեւ են հայտվում նրանք, ովքեր չունեն տեղի գրանցում: Իսկ այդպիսիք կազմում են երկրամասի հայերի շուրջ կեսը: Իսկ դա, եթե ելնենք տեղի իշխանությունների եւ հայ համայնքի ղեկավարների տվյալներից, կկազմի մոտ 400 հազար մարդ:

Իրավիճակը երեկ քննարկվել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) վարչության փակ նիստում: Որոշում է ընդունվել տեղում ուսումնասիրել դրությունը, ինչպես նաեւ կազմակերպել տեղաբնակ սլավոնների եւ հայերի միջեւ հարաբերությունների բարելավմանն ուղղված միջոցառումներ: ՌՀՄ պատվիրակությունը Կրասնոդարի երկրամաս կմեկնի ապրիլի 21-ին կամ 22-ին:

ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը վերջերս հարցը քննարկել է նախագահ Պուտինի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ: Մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում:

ՌՀՄ Կրասնոդարի երկրամասի տարածքային բաժանմունքի ղեկավար Նաիրի Հովհաննիսյանի խոսքերով, երկրամասում այսօր խախտվում են ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի հայազգի քաղաքացիների շահերը, ինչը պարտադրում է ավելի ակտիվ աշխատել դաշնային եւ երկրամասային իշխանությունների հետ:

Երկրամասում այսօր պաշտպանության կարիք ունեցող հայերին կարելի է բաժանել 3 խմբի. ընտանիքներ, որտեղ ամուսիններից միայն մեկն ունի տեղի գրանցում, Ռուսաստանի այլ շրջաններից վերաբնակված ընտանիքներ, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, սակայն չունեն տեղի գրանցում եւ այն հայերը, ովքեր ո'չ քաղաքացիություն ունեն, ո'չ էլ տեղի գրանցում: Այս վերջին՝ ամենախոցելի խմբին պետք է պաշտպան կանգնեն Հայաստանի իշխանությունները, այլ ոչ թե ՌՀՄ-ն:


Ռուզան Խաչատրյան, Երեւան եւ Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG