Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վերջերս հեռուստաէկրաններին ավելի ու ավելի հաճախ են երեւում շինարարությունների ու պտտվող հաստոցների պատկերներ, որոնք ուղեկցվում են հույժ լավատեսական մեկնաբանություններով ու թվերով: Անշուշտ, դա չի նշանակում, որ ամբողջ Հայաստանը վերածվել է շինհրապարակների եւ գործող արտադրությունների, պարզապես հանրապետության նախագահից սկսած բոլոր փոքրիշատե հայտնի պաշտոնյաները իրենց պարտքն են համարում տեսագրվել ամբարձիչ կռունկների եւ գործող արտադրամասերի ֆոնի վրա, իսկ իշխանությունների նկատմամբ բարեհաճ բոլոր հեռուստաալիքները առիթը բաց չեն թողնում կադրի մեջ առնել այն ամենը, ինչ կարողանում են գտնել շարժվող կամ պտտվող վիճակում: Փաստորեն հեռուստաեթերում ստեղծվում է վիրտուալ մի իրականություն, որտեղ ոչ պակաս շինարարական եւ արտադրական եռուզեռ է, քան Խորհրդային Հայաստանում», - նմանեցնում է «Իրավունք» թերթի մեկնաբանը՝ հենց այս նպատակադրվածության մեջ տեսնելով ընդհանրապես լրատվական դաշտի վրա ճնշումների ուժեղացման պատճառը. բոլորը պիտի լսեն ու տեսնեն այնպես, ինչպես հարմար կհամարվի վերեւներում:

«Իշխանությունները ձգտում են ստեղծել սեփական անսասանության պատրանք, ընդդիմության հականախագահական հատվածն էլ իր հերթին գործողություններ է ծավալում նույն վիրտուալ տարածքում, փորձելով տպավորություն ստեղծել, թե իշխանական «նավակը» ուժգին ճոճվում է եւ շատ արագ շուռ կգա», - համադրել է մեկնաբանը: - «Յուրաքանչյուր ոք փորձում է ստեղծել այնպիսի վիրտուալ իրականություն, որ համընկնում է իր ճաշակի հետ, քանի որ ժամանակակից աշխարհում վիրտուալ իրականությունը վաղ թե ուշ վերածվում է գործող իրականության»:

Բայց սա չի կարող գործել Հայաստանի նման սուր սոցիալական խնդիրներ ունեցող երկրում: Հատկապես «քննադատական տեղեկատվությունն ու վերնախավի մասին բացասական կարծիքները վիրտուալ տարածքից դուրս մղելը նույնն է, ինչ փակել եռացող կաթսայի փականը»: Պայթյունը այդ դեպքում անխուսափելի է:

Նորից խոսակցություններ են սկսվել խորհրդարանը ցրելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ նախագահի ցանկության մասին, եւ դրանք, ինչպես «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն է մատնանշում, շաղկապված են ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ներկայիս գործընթացի հետ:

«Առաջարկությունների այս փաթեթի հետեւում կանգնած է Քոչարյանը: Նա ցանկանում է իր ներկայությունը ուժեղացնել հանձնաժողովներում՝ իր «վերընտրությունը» հաջողությամբ «սարքելու» համար: Իսկ այդ գործը պահանջում է ոչ միայն ընդունել տալ առաջարկվող փոփոխությունները, այլեւ դրանից անմիջապես հետո լուծարել ԱԺ-ն: Բանն այն է, որ ըստ առաջարկվող փոփոխությունների, ընտրական հանձնաժողովները պետք է ձեւավորվեն խորհրդարանական ընտրություններից 40 օր հետո: Այսինքն, եթե առաջարկությունների փաթեթն ընդունվի ու ԱԺ-ն չլուծարվի, նախագահամետ ընտրական հանձնաժողովները կձեւավորվեն 2003 թվականի ամռանը: Այսինքն, այն ժամանակ, երբ ավարտված կլինեն նախագահական ընտրությունները: Իսկ նախագահական ընտրությունները կանցկացնեն գործող ընտրական հանձնաժողովները, որտեղ ներկայացված են ՀՀՇ-ն, «Շամիրամը եւ այլ անցանկալիներ», - մատուցում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը:

Հանձնաժողովային ներկա հարաբերակցության պարագայում էլ երկու օր առաջ Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովը Վանո Սիրադեղյանին պատգամավորության թեկնածու չգրանցեց: «Նիստում նրա գրանցման հարցն անգամ քվեարկության չի դրվել՝ փաստաթղթերը լիարժեք չլինելու պատճառով», - փոխանցում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Չի ներկայացվել վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում բնակվելու վերաբերյալ տեղեկանքը»:

«Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերը իրենց հերթին բերում են ՀՀՇ վարչության ղեկավարների գնահատականը, թե հանձնաժողովի որոշումն ապօրինի է, ինչպեսեւ ընդգծումը, որ այն անընդհատ եղել է իշխանությունների բացառիկ ճնշման ներքո:

«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը «Իրավունք»-ի հարցազրույցում այսօր էլ պնդում է. «Իշխանափոխություն, որպես այդպիսին, չի եղել: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ իշխանությունը հանձնվել է նույն ՀՀՇ-ից սերված Քոչարյանին ու նրա մերձակա շրջապատին: Նրանք բոլորն ունեն նույն ակունքները, նույն գաղափարախոսության կրողներ են»:

«Ամեն ինչ պետք է անենք, որ բացառվի գալիք նախագահական ընտրություններում «նախկինների» ու «ներկաների» միջեւ ընտրություն կատարելու վիճակը», - շեշտադրում է Գեղամյանը: Ըստ նրա, Քոչարյանի հաղթանակը բացառվում է, իր հաղթանակն էլ «անխուսափելի է, եթե «պարտնյոր» կուսակցությունները սատարեն»: Հարցազրույցն ավարտվում է «Ի սեր Աստծո, հեռացե'ք» կոչով:

«Ըստ երեւույթին, Հայաստանի ներկայիս իշխանությունը լուրջ մտավախություն ունի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է վերադառնալ մեծ քաղաքականություն», - գրում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Իմ կարծիքով, նման պանիկայի համար որեւէ պատճառ չկա: Տեր-Պետրոսյանը չի վերադառնա: Կամ եթե իշխանությունը իրոք հավատում է, որ, ասենք, Ստեփան Դեմիրճյանի թիկունքում կանգնած է Տեր-Պետրոսյանը, ապա այստեղ էլ նրան հիասթափություն է սպասում՝ «նախկիններն» այնքան ամբիցիոզ են, որ «իրենց փոխարեն», նույնիսկ ժամանակավորապես, ոչ մեկին չեն հանդուրժի»:

«Այնպես որ, «ոտ ու ձեռ ընկնել» եւ Տեր-Պետրոսյանի վրա այդքան էներգիա ծախսել պետք չէ», - եզրափակել է խմբագիրը: - «Ավելի լավ է կենտրոնանալ նախագահական ընտրարշավում Քոչարյանի իրական մրցակիցների վրա՝ նույն Ստեփան Դեմիրճյանի, Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի: Հենց նրանց հասցեին է մոտ ապագայում խիստ մեծանալու 17 գլխանի «Պրավդայի» լուտանքների քանակը»:

«Սեփական կուռքի վերադարձի մասին սրանք իրենց կանխագուշակություններով արդեն զահլա են տանում», - գրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - Այս ողջ՝ «վերադառնում է, չի վերադառնում» հհշական բզզոց-տզզոցում ամենաանհեթեթն այն է, որ Տեր-Պետրոսյանի թիմակիցները հենց իրենից չեն ճշտում՝ վերջապես վերադառնում է, թե ոչ: Մեկնաբանի ձեւակերպմամբ, «ոչ թե ներկա իշխանությունն է ահաբեկված Տեր-Պետրոսյանի վերադարձով, ինչպես հորթային հրճվանքով արձանագրում են հհշական «վերլուծաբանները», այլ Հայաստանի քաղաքացիները, ողջ ժողովուրդը: Անգամ որպես չար կատակ, այդ մասին ժողովուրդը լսել չի ուզում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG