Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը պահանջում է հրավիրել ԱԺ-ի արտահերթ նիստ


Մոտ 200 ցուցարարներ այսօր հավաքվել էին Ազգային ժողովի մուտքի մոտ՝ նիստի գնացող պատգամավորներից պահանջելու, որ պաշտպանեն պատգամավոր Շավարշ Քոչարյանի՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու հարցով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը:

Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներից եկել էին միայն «Հանրապետություն» կուսակցության առաջնորդները՝ նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Արամազդ Զաքարյանը մեկ անգամ էլ կրկնեց ուրբաթ օրը ի պաշտպանություն «Ա1+» հեռուստաընկերության կազմակերպված հանրահավաքում հնչած պահանջները:

«Մենք մեր ներկայությամբ պետք է կարողանանք պատգամավորներին ստիպել, որպեսզի օրենքի մեջ փոփոխություն կատարեն, որից հետո Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կլուծարվի», - ասաց Զաքարյանը:

Ըստ այսօրվանից ուժի մեջ մտած խորհրդարանական նոր կանոնակարգի, արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի ստորագրությունը: Շավարշ Քոչարյանը նախաձեռնել էր ստորագրահավաքը եւ մինչեւ երեկո նրան հաջողվել էր հավաքել արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունից 35-ը:

Արտահերթ նիստը չի հրավիրվի, եթե մինչեւ վաղն առավոտյան ժամը 11-ը նախաձեռնությունը չպաշտպանեն եւս 9 պատգամավոր:

Շավարշ Քոչարյանը ցուցարարներին ասաց, որ, բացի հանրահավաքը նախաձեռնած կուսակցությունների ներկայացուցիչներից, արտահերթ նիստ հրավիրելու պահանջի տակ ստորագրել են նաեւ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն»-ը ներկայացնող պատգամավորները:

Իսկ պատգամավոր Արշակ Սադոյանը ասաց, թե խորհրդարանում մթնոլորտի լուրջ փոփոխություն է զգացվում: «Մի քիչ ամուր կանգնեք, որովհետեւ շատ շուտով հարցերը կլուծվեն», - ավելացրեց նա:

Նույնքան լավատես չէր Ալբերտ Բազեյանը. - «Հասարակության այս քանակով մենք խնդիր լուծել չենք կարող»:

Նրա խոսքերով, իշխանությունները միտումնավոր կերպով իրենց պայքարը շեղում են դեպի օրենսդրական փոփոխություններ պահանջելը:

«Օրենքը վատը լինելով հանդերձ, այդ օրենքի բազմաթիվ դրույթներ խախտվել են: Խախտումներով է իրականացվել մրցույթը», - ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը, ավելացնելով, որ «Ա1+»-ի խնդիրը լուծող ատյանը դատարանն է եւ կոչ արեց հեռանալ ու վաղը հավաքվել դատարանի մոտ, որտեղ լսվելու է անկախ հեռուստաընկերության հայցադիմումը:



Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG