Մատչելիության հղումներ

Վանո Սիրադեղյանին որպես թեկնածու գրանցելու հարցը օրակարգ չի մտել


Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովը երեկ գրանցել է թիվ 75 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներին: Գրանցված երեք թեկնածուների մեջ չկա ՀՀՇ վարչության նախկին նախագահ Վանո Սիրադեղյանի անունը:

Վանո Սիրադեղյանի գրանցումը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմենուհի Զոհրաբյանի, ոչ թե մերժվել է, այլ հարցը օրակարգ չի մտել, քանի որ ներկայացված փաստաթղթերում չի եղել բնակության վայրի մասին տեղեկանքը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը Վիզաների եւ անձնագրային վարչությանը պարտադրել էր Սիրադեղյանի լիազոր ներկայացուցիչներին տրամադրել բնակության վայրի մասին տեղեկանքը՝ նշելով բնակության ժամկետը մինչեւ 2000 թվականի ապրիլի 3-ը:

Ըստ Արմենուհի Զոհրաբյանի, Սիրադեղյանի հարցը օրականգ չի մտել նաեւ այն պատճառով, որ Վիզաների եւ անձնագրային վարչությունը որոշել է բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը:

«Վանո Սիրադեղյանի թեկնածության գրանցման հարցը կարող է լուծվել դատական կարգով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արմենուհի Զոհրաբյանը:

Մարզային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել երկօրյա ժամկետում:

ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե քանի որ մարզային ընտրական հանձնաժողովը որոշում չի կայացրել Սիրադեղյանի թեկնածության գրանցումը մերժելու մասին, ապա իրենք համարում են, որ «Սիրադեղյանը պատգամավորության թեկնածու է, ինչպես մյուսները»:

«Մարզային ընտրական հանձնաժողովի արձանագրությունը ամբողջովին կեղծ է», - պնդում է Անդրանիկ Հովակիմյանը, - «որովհետեւ եղել են բազմաթիվ խախտումներ»: Հովակիմյանը ավելացրեց նաեւ, որ հանձնաժողովը գործել է «խիստ ճնշման ներքո»:

ՀՀՇ-ն մտադիր է մարզային ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկել թե' Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ թե' Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG