Մատչելիության հղումներ

Քոչարյանը հայտարարում է աննախադեպ տնտեսական աճի մասին





Նախագահ Քոչարյանը երեքշաբթի օրը հայտարարեց այս տարվա առաջին եռամսյակում աննախադեպ տնտեսական աճի մասին: Նա նաեւ իր անհամաձայնությունը հայտնեց «Ա1+» հեռուստաընկերության եթերից դուրս մնալու կապակցությամբ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հայտարարության մեջ տրված գնահատականին:

Երեւանի «Արագած» տրիկոտաժի ֆաբրիկա այցելության ժամանակ Հայաստանի նախագահը ասաց, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նախնական տվյալներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 20 տոկոսով աճել է երկրի տնտեսությունը եւ 40 տոկոսով՝ արտահանումը: Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, տարին փակելու ենք «հետաքրքիր ցուցանիշներով»:

«Արագած» ֆաբրիկան պատկանում է Ավանի նախկին թաղապետ Ռուբեն Հայրապետյանին: Արտադրանքը ամբողջությամբ արտահանվում է եվրոպական երկրներ:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ անցած տարվա նոյեմբերից աշխատել սկսած ֆաբրիկայում 350 նոր աշխատատեղ է բացվել, որոնք մտել են նախագահի խոստումով անցած տարի բացված 40 հազարից ավելի աշխատատեղերի մեջ:

«Ինչպես տեսնում եք, վիրտուալ հաշվարկ չէ. շատ կոնկրետ գործարան է, ձեր աչքով տեսաք: Ծրագրեր կան: Հուսով ենք, որ դրանք կատարվելու դեպքում մինչեւ տարվա վերջ այստեղ 700 մարդ կաշխատի», - ասաց նախագահը:

Ընթացիկ տարի բացվելիք աշխատատեղերի քանակը Ռոբերտ Քոչարյանը կապեց «ընդդիմության ագրեսիվության հանգամանքների» հետ: «Քանի որ նախընտրական տարի է, աշխատատեղերի քանակը մի քիչ կախված կլինի ընդդիմության ագրեսիվության հանգամանքներից: Նվազագույնը 25 հազար է», - ասաց նա:

Ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ, զբաղեցրած 37-րդ դեցիմետրային կապուղուց զրկվել է «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը: Դա բողոքի լայն ալիք է բարձրացրել: Անցած ուրբաթ 14 քաղաքական կուսակցությունների նախաձեռնությամբ կայացած հանրահավաքում մի շարք պահանջներ ներկայացվեցին Ռոբերտ Քոչարյանին. անհապաղ վերականգնել Ա1+-ի հեռարձակումը, վերանայել մրցույթի արդյունքները, ցրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը:

Նախագահի խոսքերով, ամենահետաքրքիրն ու զավեշտականն այն է, որ այդ պահանջներից ոչ մեկը նախագահի լիազորությունների հետ կապ չունի:

«Ա1+»-ին եթերից զրկելու կապակցությամբ մտահոգություն էր արտահայտել նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը, որի ապրիլի 3-ի հայտարարության մեջ նշված էր, որ դրանով վտանգվում է մամուլի ազատությունը Հայաստանում: Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ նման գնահատականին:

«Դեսպանատունը կարող է շատ բան հայտարարել», - ասաց նախագահը, իր հերթին հարց ուղղելով ներկա լրագրողներին, թե նրանցից որեւէ մեկը իր վրա ճնշում զգացե՞լ է: - «Չեմ կարծում, որ ճիշտ է մասնավոր մեկ խնդիր ընդհանրացնել եւ կապել Հայաստանում խոսքի ազատության հետ կապված հարցերին»:

Նախագահի խոսքերով, շատ ավելի վատ կլիներ, եթե նույն դեսպանատունը հայտարարեր, թե ապրիլի 2-ի մրցույթը անօրինական է անցկացվել. «Կարծում եմ, ոչ մեկը նման կարգի հայտարարություն չի անի: Դա հնարավոր չէ, քանի որ այստեղ իսկապես օրենքի խախտում չկա»:

ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ ազատ եւ արդար ընտրությունների հիմնական չափանիշներից մեկն էլ այն է, թե կուսակցությունները եւ թեկնածուները որքանով հնարավորություն ունեն իրենց տեսակետները ներկայացնել ընտրողներին, մասնավորապես՝ հեռուստատեսության միջոցով:

Անդրադառնալով սրան, նախագահն ասաց, որ տեսակետներ ներկայացնելու երաշխիքները տրամադրվում են օրենքով, ըստ որի սահմանված է, որ քարոզարշավի ընթացքում կուսակցություններին ու թեկնածուներին եթեր պարտավոր է տրամադրել Հանրային հեռուստատեսությունը:

«Մնացածը մասնավոր ընկերություններին են, եւ տվյալ դեպքում մասնավոր ընկերությունների գործն է: Ես ինձ իրավունք չեմ վերապահում խառնվել որեւէ մասնավոր ընկերության աշխատանքներին», - ավելացրեց Ռոբերտ Քոչարյանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG