Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Չինաստանի նախագահները ուղերձներ են փոխանակում


Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տասնամյակի առթիվ երկու երկրների ղեկավարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել:

«Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի կառավարության ջանքերը Հայաստանի պետականության ամրապնդման եւ տնտեսության զարգացման գործում», - ասված է ՉԺՀ նախագահ Ցզյան Ցզեմինին հղված Ռոբերտ Քոչարյանի ուղերձում:

«Անցած տասը տարիների ընթացքում մեր երկրների միջեւ հարաբերությունները՝ հիմնված լինելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ փոխըմբռնման վրա, անշեղ զարգացում ապրեցին հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի տարբեր բնագավառներում», - երկուշաբթի օրը հրապարակված ուղերձում գրում է Հայաստանի նախագահը՝ հույս հայտնելով, որ հայ-չինական հարաբերությունները «ունեն մեծ ապագա»:

ՉԺՀ նախագահ Ցզյան Ցզեմինը, իր հերթին, գոհունակություն է հայտնում այն կապակցությամբ, որ «երկու երկրները ունեն նույնատիպ եւ միանման մոտեցումներ եւ արդյունավետ համագործակցում են»:

«Չինական կողմը պատրաստ է հայկական կողմի հետ համատեղ ջանքերով ակտիվորեն համագործակցության նոր ուղիներ եւ միջոցներ որոնել», - ասված է Հայաստանի նախագահին ուղղված Ցզյան Ցզեմինի ուղերձում:

Անցած տարի Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով եղավ Չինաստանում, եւ երկու երկրների կառավարությունները պայմանավորվեցին խորացնել տնտեսական համագործակցությունը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG