Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայտարարելով, թե «Ա1+»-ի ստեղծագործական կոլեկտիվը կարող է օգտագործվել ապակայունացնող ուժերի կողմից, Քոչարյանը «ֆաս տվեց» իր լրատվամիջոցներին՝ նրանց ուղղորդելով իր ուզած հետքի վրա: Հիմա էլ վերջիններս, փոխանակ փակված հետուստաընկերությանն իրենց մասնագիտական համերաշխությունը հայտնեն, կաշվից դուրս են գալիս՝ ապացուցելու համար, թե «Ա1+»-ին հաճախականությունից զրկելը ոչ մի քաղաքական պատվեր էլ չէր. պարզապես վերջին տարիներին երկիրն ապակայունացնող ուժերը «Ա1+»-ի փակումը շահարկում են», - ձեւակերպում է «Առավոտ» թերթը:

«Քոչարյանը իսկապես կերազեր, որ «Ա1+»-ը հնարավորություն չունենար անկախ եւ ինքնաֆինանսավորվող ընկերություն լինելու (ինչպիսին կա) եւ ստիպված լիներ ծախվել ընդդիմադիր ուժերին», - նշված է «Առավոտ»-ի խմբագրականում: - «Քոչարյանը գաղտնի հույսեր է փայփայում, թե ընկերության տնօրինությունն այնքան միամիտ կգտնվի, որ անմիջապես կօգտվի նախագահի արժեքավոր խորհրդից եւ հաջորդ մրցույթին կներկայանա ընդդիմության փողերով»:

Նա ձգտում է ստեղծել այդ հեռուստաընկերության՝ իրեն հարմար իմիջը: Ի վերջո, «Առավոտ»-ի արժեվորմամբ, «նախագահը կոպտորեն խախտեց ազատ խոսքի մեր սահմանադրական իրավունքը: Եթե մենք սա էլ կուլ տանք, ապա լիարժեքորեն կիսում ենք այս իշխանությունների մեղքը: Իսկ այն, որ այսօր սրա դեմ բողոքում են միայն ընդդիմադիրները, հասարակության անառողջ լինելու եւս մեկ վկայությունն է»:

«Ուղտը նստել, կուզեկուզ ման են գալիս», «Ստի ռեկորդ». այս վերնագրերով են «Առավոտ»-ը եւ «Հայկական ժամանակ»-ը մատուցում Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը խոսքի ազատության ու ժողովրդավարության դրվածքի վերաբերյալ:

«Ո՞րն է ճիշտը՝ անտեսել օրինակա՞նը, թե՞ բարոյականը, գերադասել օրինականությո՞ւնը, թե՞ բարոյականությունը», - խորհում է «Հայաստանի Հանրապետություն» թերթի խմբագիրը եւ, հասնելով «ո՞րն է ելքը» հարցին, ակնարկում. - «Օրենքի շրջանակում պետք է արվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի եթերում դարձյալ հայտնվի «Ա1+»-ը՝ առավել նորացված ու առավել օբյեկտիվ»:

«Օր» թերթի խտացմամբ, «Մինչ հասարակությունն իրարանցման մեջ է մի լրատվամիջոցի փակման կապակցությամբ, այդ իրարանցման հերոսները խաղում են՝ յուրաքանչյուրն իր ձեւով: Այսպես կոչված ընդդիմությունը որեւէ կերպ չի սատարում իրեն հավատարմորեն ծառայող եւ ամիսներ շարունակ ֆինանսական ծանր վիճակում գտնվող «Ա1+»-ին, բայց աղմուկ է բարձրացնում, թե իրեն հալածում են, անաչառ լրատվամիջոց են փակում... Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը նույնիսկ չի էլ փորձում քողարկել իր տրամադրվածությունը «Ա1+»-ի նկատմամբ: Նախագահն «Ա1+»-ի փակումը չկանխելով՝ ասես հրահրում է ընդդիմությանը, ընդդիմությունն էլ, զոհի կեցվածք ընդունելով, հրահրում է ժողովրդին: Արդյունքում նրանք, ամեն մեկը յուրովի, նախապատրաստվում են ընտրություններին... Պարոնայք խաղում են, իսկ պարտություն կրողը միշտ էլ ժողովուրդն է եղել, ժողովուրդն է լինելու», - եզրափակել է «Օր»-ը:

Այս թերթի մեկնաբաններից մեկն էլ ուրվագծել է. «Այժմ հեռուստադիտողին հրամցվելու է մի հեռուստատեսային դաշտ, որը անպայման թվալու է սնանկ, կաղապարված ու ձանձրալի: Հրամցվելու է հեռուստաեթեր, որից հազիվ թե հնչի իսկապես սուր ու տեղին քննադատություն... Հեռուստադիտողին այսպիսով փորձելու են հեռու պահել «սուր» քաղաքականությունից՝ մատուցելով զվարճալի շոուներ, ավելի «անմեղ» հեռուստաարտադրանք: Սակայն պետք չէ մոռանալ, որ հեռուստադիտողը նույն քաղաքացին է՝ իշխանություններից, ապրուստից, անարդարությունից հոգնած քաղաքացին: Եվ նա ակնկալում է լսել ճշմարտությունն իր եւ այլոց մասին»:

«Առավել քան համոզված եմ, որ ինչ-որ փոխզիջումային լուծում մոտ ապագայում անպայման կգտնվի, եւ «Ա1+»-ը վերստին դուրս կգա եթեր», - գրում է այսօր «Հայոց Աշխարհ»-ի խնբագիրը: - «Չնայած ամենից շատ դա չեն ցանկանում հենց այն մարդիկ ու քաղաքական ուժերը, որոնք երկար ժամանակ օգտագործում էին հեռուստաընկերությունը սեփական նպատակներով եւ շարունակում են անել դա նաեւ այսօր՝ հագնելով պաշտպանների դիմակները... Շնորհիվ այս պատմության, ՀՀՇ-ն յուր արբանյակներով կրկին ողջ երեկո կրկեսի հրապարակում է»:

«Հայոց Աշխարհ»-ում ներկայացվող մի վերլուծականի համաձայն էլ, իշխանությունը, «որոշակի դաշտ բացելով ընդդիմության ակտիվացման համար, ձգտելու է ներկա անկայուն ու հեղհեղուկ միավորումը վերածել քաղաքական թակարդի՝ օր առաջ ակտիվացող իր հակառակորդի համար... Քաղաքական կյանքում ժամանակից շուտ արձանագրվող սրացումները խոստանում են «թեժ գարնան» ներկա առիթը դարձնել նրա իրական պատճառների լուսարձակվելու եւ նույնքան էլ արագ գունաթափվելու սկիզբ, քանզի միավորվող ընդդիմության քաղաքական ռեսուրսները չեն համապատասխանում նրա առջեւ դրվող խնդիրների մեծությանը»: Մի խոսքով, ըստ վերլուծաբանի, իշխանությունը, միանգամայն վստահ իր ուժերին, ընդդիմությանը գիտակցաբար ակտիվացնում-խաղացնում է հիմա՝ շատ շուտով հասցնելու ինքնաքայքայման:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանն էլ մասնավորապես Ազգային ժողովում է տեսնում միայն գոռգոռոցներով ընտրողներին գրավելու՝ ավելի ու ավելի ակնհայտ դրսեւորվող ընթացք՝ հավելելով. «Իսկ ի՞նչ անես, եթե կիսաձայն ասված բանական խոսքին չեն արձագանքում ու վազում են միայն դեպի գոռոցը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG