Մատչելիության հղումներ

Հեղինակները շրջանառությունից հանում են խորհրդարանական կառավարում նախատեսող Սահմանադրության նախագիծը


Խորհրդարանական կառավարում նախատեսող Սահմանադրության նախագծի առաջին ընթերցմամբ ընդունելու համար քվեարկությունից անմիջապես առաջ նախագիծը, դրա հեղինակների ցանկությամբ, այսօր հանվեց շրջանառությունից՝ վերապահելով «հարմար պահին» կրկին շրջանառության մեջ մտցնելու իրավունքը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր բոլոր հրապարակային պայմանավորվածությունները՝ հաջորդաբար քննարկելու երկու նախագծերը եւ արդյունքում միասին քվեարկություն կատարելու մասին, խախտվել են... հեղինակները հանում են նախագիծը օրակարգից, հետեւաբար նաեւ՝ քվեարկությունից, եւ իրավունք ենք վերապահում մեզ հարմար պահին նորից մտցնելու», - համամեղինակների անունից հայտարարեց Շավարշ Քոչարյանը:

Պատագմավորի խոսքերով, ակնհայտ է, որ խորհրդարանում սահմանադրական քննարկումների «եւ' միտումը, եւ' գործընթացը տանում են դեպի սահմանադրական բարեփոխումների գործընթացի տապալում»:

«Կիսանախագահական» կառավարում նախատեսող նախագահ Քոչարյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների տարբերակին զուգահեռ Ազգային ժողովում շրջանառվում էր նաեւ խորհրդարանում ներկայացված քաղաքական 6 ուժերի կողմից առաջադրված խորհրդարանական կառավարում նախատեսող Սահմանադրության նախագիծ:

Ազգային ժողովի՝ Սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր հանձնաժողովը ի տարբերություն նախագահի առաջարկած սահմանադրական փոփոխությունների տարբերակին տված դրական եզրակացությանը, բացասական կարծիք էր տվել վեցյակի նախագծին: Նախագիծը պաշտպանող քաղաքական ուժերը, սակայն, հուսով էին սահմանադրական շարժման միջոցով հասնել այն բանին, որ հանրաքվեի դրվեն երկու տարբերակներն էլ:

Այսօրվա քայլը, թերեւս նպատակ ունի նախագիծը կրկին խորհրդարանական շրջանառության մեջ դնել նախագահի առաջարկած սահմանադրական փոփոխությունների տարբերակի՝ քվեարկության փուլին հասնելուն զուգահեռ:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG