Մատչելիության հղումներ

Ատոմակայանի տնօրենը հնչեցնում է իր հրաժարականի իրական պատճառները


Մեծամորի ատոմակայանի տնօրեն Սուրեն Ազատյանը, որն այդ պաշտոնում ինը տարի աշխատելուց հետո երեկ հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետին, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում իր որոշումը փաստարկեց նրանով, որ կառավարությունը չի կատարել խոստումը եւ չի փակել աշխատավարձի պարտքը:

Աշխատավարձի գծով ընթացիկ պարտքեր թեեւ չկան, սակայն, անցյալ տարվանից փոխանցված 3 ամսվա աշխատավարձի պարտքի մարումը շարունակում է առկախ մնալ, ինչն էլ, ըստ կայանի տնօրենի, դարձել է հրաժարականի անմիջական դրդապատճառը:

«Ես ժողովրդին մի կերպ պահում էի, խոստացել էի, ասել էի, որ նոր նախարար է եկել, կկարգավորվի: Նախարարն էլ ինձ էր խոստացել: Մարտ ամսից պիտի սկսվեր հին պարտքերի մարումը», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Ազատյանը: Քանի որ պարտքերի մարման երաշխավորը ինքն էր, իսկ պարտքերը չմարվեցին, ինքը հրաժարական տվեց:

Որոշ տվյալներով, ներկայումս «Հայէներգո»-յի պարտքը ատոմակայանին անցնում է 130 միլիոն դոլարից։ Աշխատավարձը ժամանակին չստանալու պատճառով ատոմակայանի անձնակազմը մերթ ընդ մերթ սպառնում է գործադուլով։ Դրան գումարվում է միջուկային վառելիքի գնման համար անհրաժեշտ ֆինանսների մշտական դարձած դեֆիցիտը, ինչը, հաճախ դառնում է Ռուսաստանի կողմից քաղաքական ճնշումների հզոր լծակ։

Անցյալ տարի ավելի քան 4 ամիս պահանջվեց, որպեսզի գտնվեր միջուկային վառելիք գնելու համար անհրաժեշտ 4 միլիոն դոլարը: Իսկ այդ ընթացքում էներգահամակարգը ավելացրեց բնական գազի սպառումը, ինչի հետեւանքով ուղղակի կորուստները շուրջ 5 միլիոն դոլար կազմեցին։

Թեեւ անցյալ տարի վերցրած վարկից դեռ 7 միլիոն 800 հազար դոլարը մարված չէ, ատոմակայանը վառելիքի նոր խմբաքանակով վերալիցքավորելու հարցը կրկին օրակարգում է:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը օրերս ասաց, թե միջուկային վառելիքի գնման համար 13 միլիոն դոլար է անհրաժեշտ։ Նախարարը, միաժամանակ, կասկած հայտնեց, թե էներգահամակարգում հնարավոր է նման գումար հավաքել, ուստի ելքը կրկին վարկ վերցնելն է։

Վարկ հայթհայթելու եւ ընդհանրապես էլեկտրաէներգիա արտադրելու հոգսը կայանի վրա է, իսկ նրա վաճառքից գոյացած գումարների տնօրինման ու բաշխման «հոգսը»՝ անձամբ էներգետիկայի նախարարի: Ազատյանը հենց այստեղ է տեսնում ատոմակայանի պրոբլեմների արմատը:

«Այդ ֆինանսական խնդիրները տնօրինվում են նախարարության կողմից, անձամբ նախարարի կողմից», - ասաց, նա ավելացնելով, որ օրական 9 մլն կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա արտադրող ատոմակայանը երբեք չպետք է ֆինանսական պրոբլեմ ունենա:

Սուրեն Ազատյանի հրաժարակի դիմումը կքննարվի, հավանաբար, կառավարության առաջիկա նիստում:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG