Մատչելիության հղումներ

Տուժողներն ու վկաները ցուցմունք են տալիս մահացածների դեմ


Ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարության այսօրվա նիստում ցուցմունքներ տված տուժողներն ու վկաները հիշատակեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի անունը:

1995 թվականին ներքին գործերի նախարարության նախկին բարձրաստիճան սպաներին ծեծի ենթարկելու առնչությամբ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը հետաքննությունը շարունակելու ցուցում էր տվել դեռ անցած փետրվարին՝ պնդելով, թե նպատակ է հետապնդում վերջ տալ շահարկումներին եւ թույլ չտալ, որ Վազգեն Սարգսյանի անունը արատավորվի:

Ըստ որոշ ականատես վկաների եւ տուժողների նախաքննական ցուցմունքների, Մուշեղ Սաղաթելյանից բացի, դրանից որոշ ժամանակ առաջ ՆԳՆ համակարգից հեռացված մի խումբ սպաների նկատմամբ գործադրված բռնություններին մասնակցել են այն ժամանակ պետնախարար Վազգեն Սարգսյանը, նրա թիկնազորի պետ Մովսես Գեղանգուլյանը, ինչպես նաեւ այդ տարիներին ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանը: Վերջին երեքն էլ այսօր կենդանի չեն:

Այսօր սպաներից երկուսը՝ փոխգնդապետ Գեորգի Գրիգորյանը եւ գնդապետ Յուրի Մխիթարյանը դատարանում պատմեցին, որ իրենց ծեծողների մեջ էր նաեւ Վազգեն Սարգսյանը: Ըստ Գրիգորյանի պատմածի, երբ զինված մարդիկ իրենց տարել էին Երեւանի բուսաբանական այգի, այն ժամանակ պետնախարար Վազգեն Սարգսյանը ապտակել էր իրեն՝ ասելով. «Էս հեղաշրջում էի՞ք ուզում անել»: Դրանից հետո իրեն ուժեղ հարվածել է Գեղանգուլյանը, որից հետո արդեն ոչինչ չի հիշում:

Յուրի Մխիթարյանը, որին ներքին գործերի նախարարության այլ սպաների հետ միասին ծեծի էին ենթարկել Մարտունու ներքին գործերի բաժնում, իրեն ծեծողների վերաբերյալ հարցին պատասխանեց. - «Ես շատ վատ եմ զգում, որովհետեւ այդ չորսից երեքը կենդանի չեն»:

Պատասխանելով Մուշեղ Սաղաթելյանի մասնակցությանը վերաբերող հարցին, Մխիթարյանը ասաց. - «Մուշեղը կատարող է եղել»:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG