Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ռոբերտ Քոչարյանի վերջին ելույթներն ու ասուլիսները քաղաքական որոշ ուժեր ու գործիչներ որակում են որպես նախընտրական քարոզարշավ: Նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը «Իրավունք» թերթում այս կապակցությամբ ասում է. - «Նախագահի քարոզարշավը կսկսվի այն ժամանակ, երբ նա պաշտոնապես կհայտարարի այդ մասին: Իսկ քաղաքական շատ ուժեր, հակառակ նախագահի, սկսել են այդ գործընթացը եւ ոչ թե այսօր, այլ անցյալ տարվա աշնանից»:

«ՀՀՇ-ի միտումը դեպի իշխանություն ո'չ տարօրինակ է, ո'չ էլ մեղադրելի», - անդրադառնում է Հարությունյանը: - «Բայց, ըստ իս, որոշակի պրոբլեմներ կառաջանան այդ ձգտումն իրականացնելու ճանապարհին: Կարճ ժամանակ է անցել ՀՀՇ-ական շրջանից, եւ բացասական այն լիցքերը, որոնք առկա են հասարակության մեջ, չեմ կարծում, թե հաղթահարված են, հետեւաբար միավորվելուց հետո էլ ՀՀՇ-ն բավական դժվարություններ է ունենալու, եւ չեմ կարծում, թե որեւէ ընտրություններում հաղթելու մեծ շանսեր ունի»:

Ռոբերտ Քոչարյանի խորհրդականը առայժմ խուսափում է որեւէ մեկնաբանություն տալ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքական ասպարեզ վերադառնալու եւ որպես նախագահի թեկնածու հանդես գալու թեմայով, միաժամանակ, հարցազրույցում նշում է, որ հհշամերձ ուժերը «փորձ են անում ուրիշ անձերով թաքնված վերադառնալ»:

«Եռյակը մեռավ» խորագրի տակ «Հայկական ժամանակ»-ը ուշադրություն է սեւեռում, որ երեկ, գյուղերից մեկում հանդիպման ժամանակ հնչած հարցին պատասխանելիս, թե ինչ ուժերի հետ է իր առաջիկա ծրագրերի իրականացման նպատակով համագործակցում Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), վերջինիս նախագահ Ստեփան Դեմիրճյանը Արտաշես Գեղամյանի կուսակցության անունը չի հիշատակել:

«Իրավունք» թերթն էլ այսօր փաստում է, որ հականախագահական եռյակն այլեւս գոյություն չունի եւ նշում է դրան նպաստող եւս մեկ հանգամանք. «Եթե մինչեւ վերջերս ՀՀՇ-ածին ուժերը պատրաստ էին Ռոբերտ Քոչարյանին վնասելու գերխնդրից ելնելով քողարկված աջակցություն ցույց տալու գործող նախագահի դեմ հանդես եկող ցանկացած քաղաքական ուժի, ապա այժմ դրված է Լեւոն Տեր-Պետրոսյանին հրապարակային քաղաքական ասպարեզ բերելու եւ նախագահական ընտրություններում առաջադրելու գերխնդիրը... Այս պայմաններում ո'չ ՀՀՇ-ն ցանկություն ունի թեկուզեւ քողարկված օգնություն ցույց տալու որեւէ մեկին, ո'չ էլ որեւէ քաղաքական ուժ ցանկություն ունի գործ ունենալ ՀՀՇ-ի հետ եւ դրանով վտանգի տակ դնել սեփական վարկանիշը»:

Ի նպաստ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ վերջերս Ադրբեջանից հնչող արտահայտումները «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը մատուցում է այսպես. - «Այն օրերին, երբ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է այցելել ԱՄՆ, որի ընթացքում անկասկած լինելու են նաեւ որոշակի շփումներ այդ երկրի քաղաքական շրջանակների հետ, Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է հասկացնել համաշխարհային հանրությանը եւ առաջին հերթին, իհարկե, Միացյալ Նահանգներին, որ եթե վերջիններս կանաչ լույս վառեն Հայաստանի նախկին նախագահի վերադարձի ճանապարհին, ապա դրանով կապահովեն նաեւ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հեռանկարը»:

«Մնում է հուսալ, որ փարիզ-քիուեսթյան պայմանավորվածությունները մինչեւ վերջ հասցնելու հարցում վճռականություն դրսեւորող ամերիկյան կողմը սթափ կերպով կգնահատի տարածաշրջանում ստեղծված կացությունը՝ հասկանալու համար, որ այլեւս հնարավոր չէ վերակենդանացնել ու պաշտպանել Ադրբեջանի եւ նրա կողմից երաշխավորվող Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական նպատակները», - ընդգծված է «Հայոց Աշխարհ»-ում:

«Երկիր» թերթի հայացքով, հիմա պատվիրված վերլուծություններով փորձ է արվում «համոզել հանրությանը, թե տարածաշրջանում ընդհանրապես եւ Հայաստանում հատկապես պատրաստվում է խաղարկվել ամերիկյան մի «սցենար», որի նպատակն է փոխել հանրապետության քաղաքական իշխանությունը եւ իշխանության բերել պրո-ամերիկյան դիրքորոշում ունեցող, արմատական լիբերալիզմ դավանող քաղաքական ուժի: Իսկ այդպիսի քաղաքական ուժը մեզանում ՀՀՇ-ն է»:

«Երկիր»-ի հատկանշմամբ, «զավեշտականն այն է, որ հհշական միջավայրում ստեղծված սույն միֆը սկսել է լուրջ ընկալվել ոչ միայն իրենց՝ հհշականների եւ լիբերալիզմի հայկական ներկայացուցիչների, այլեւ տարբեր քաղաքական ուժերի ու գործիչների կողմից»:

«Ծուղակ՝ զանգվածային լրատվամիջոցների համար» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ը արձանագրում է, որ Զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքի նախագիծն ընդհանրապես շրջանառությունից հանելու պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ, եւ դրա պատճառը հետեւյալն է. «Ըստ հավաստի տեղեկությունների, կառավարությունը որոշել է այս փուլում ավելորդ աղմուկից խուսափելու համար լրատվամիջոցների զայրույթը հարուցող դրույթները նախագծից հանել, եւ ԶԼՄ-ներին ներքաշել «կառուցողական քննարկումների» դաշտ: Ավելի ուշ, երբ լրագրողական համքարությունը կհայտարարի, որ շրջանառության մեջ դրվածը ընդունելի նախագիծ է, եւ այն կմտնի ԱԺ, իշխանությունները պետականամետ պատգամավորների միջոցով հանրահայտ դրույթները վերստին կդնեն շրջանառության մեջ: Նման նախադեպ արդեն եղել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի դեպքում»:

«Պետությունը եւ գյուղացին» հարթության մեջ գյուղնախարար Դավիթ Զադոյանի հետ «Ժամանակ» շաբաթաթերթի հարցազրույցում ուրվագծվում է, որ մեր պետությունը «ինչ հնարավորություն ունի, այդ չափով էլ օգնում է գյուղացուն»: Ընդհանուր առմամբ, նախարարը ներկայացնում է շարունակական առաջադեմ քայլերի առօրյա, իսկ «ինչո՞ւ են դժգոհ գյուղացիները» հարցին էլ ունի մասնավորապես հետեւյալ պատասխանը. - «Գյուղացին պետք է անընդհատ դժգոհի: Հենց դադարեց դժգոհել, նշանակում է՝ այլեւս ապագա չի տեսնում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG