Մատչելիության հղումներ

Մուշեղ Սաղաթելյանը «իրական ապացույցներ» էր որոնում


Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունում հիմնական վկաներից մեկի ցուցմունքը այսօր էապես թուլացրեց մեղադրական եզրակացության դիրքերը:

Մուշեղ Սաղաթելյանը մեղադրվում է նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունքներ հավաքելու մեջ: Այդ մեղադրանքի հիմքում նախաքննական մարմնի կողմից որպես գործակալ օգտագործված Հարություն Գրիգորյանի ցուցմունքներն են, թե Սաղաթելյանը իրեն կեղծ ցուցմունք տալու համար 50 հազար ԱՄՆ դոլար էր խոստացել:

Դատավարության այսօրվա նիստում ցուցմունքներ էր տալիս Հարություն Գրիգորյանը: Վերջինս, որ ազատազրկման մեջ էր 1996 թվականից, պատմեց, որ իրեն տեղափոխել են «Հոկտեմբերի 27»-ի գործով կալանավորված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի խուցը՝ վերջինիս հետ գործակալական աշխատանք տանելու նպատակով:

Արդեն ազատվելուց հետո, իր խոսքերով՝ վախենալով Մովսիսյանից, գնացել է «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ, հանդիպել Ալբերտ Բազեյանին: Դրանից հետո արդեն սկսել է շփվել Մուշեղ Սաղաթելյանի հետ, որը, վկայի խոսքերով, ծանոթ է եղել իր գործակալական աշխատանքի արդյունքներին:

Հետագա հանդիպումների ընթացքում Մուշեղ Սաղաթելյանը Գրիգորյանին տվել է ընդհանուր առմամբ 1000 դոլարից ավելի գումար՝ ծնողների գերեզմանը բարեկարգելու, «տաքսու» համար: Գրիգորյանը Սաղաթելյանին ասել է, թե իր որոշ կարեւոր հայտարարություններ գործում բացակայում են, եւ պատմել է, թե գոյություն ունի Այգեկ գյուղում՝ Մուշեղ Մովսիսյանի տանը Նաիրի եւ Կարեն Հունանյանների, Մուշեղ Մովսիսյանի, Էդիկ Գրիգորյանի եւ Միսակ Մկրտչյանի խոսակցության ձայներիզը, որը, ֆինանսական միջոցներ ունենալու դեպքում, ինքը կարող է ձեռք բերել:

Վկայի խոսքերով, Սաղաթելյանն իրեն այդ ձայներիզը բերելու համար խոստացել է 50 հազար դոլար: Հարություն Գրիգորյանը, սակայն, չի կարողացել բերել ձայներիզը, քանի որ, ինչպես պարզվեց Մուշեղ Սաղաթելյանի եւ վերջինիս փաստաբանի՝ Գրիգորյանին ուղղված հարցերի պատասխաններից, նման ձայներիզ գոյություն չունի:

Ինչ վերաբերում է Սաղաթելյանին տված Մուշեղ Մովսիսյանի օրագրին, ապա վկան ասաց, որ ինքը կեղծել էր այն:

Մուշեղ Սաղաթելյանի փաստաբանի խոսքերով, ստացվում է, որ ամբաստանյալը ոչ թե Գրիգորյանին ստիպում էր կեղծ ցուցմունք տալ, այլ «իրական ապացույցներ էր որոնում»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG