Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել Հայաստանի նախկին արտգործնախարարը





Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում գտնվող «Հեյնեկեն» սրճարանի մոտ միջադեպ է տեղի ունեցել, որի hետեւանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել նախկին արտգործնախարար, ներկայումս Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը:

Ըստ ՀՀՇ անդամ Տիգրան Հակոբյանի, սրճարանում պահակային ծառայություն իրականացնողները չեն ճանաչել տուժողներին: Տուժողների խոսքերով, իրենց ծեծողները երեք հոգի են եղել:

«Լկտի» որակելով պահակային ծառայության աշխատակիցների պահվածքը, Տիգրան Հակոբյանը ասաց, որ օրինախախտումներ են կատարվել «Կենտրոն» ներքին գործերի բաժանմունքում, որտեղ «ծեծվածներին թույլ չէին տալիս մոտ 3-4 ժամ բժշկական օգնություն ցուցաբերել»:

«Հեյնեկեն» սրճարանի տնօրեն Գագիկ Արզաքանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրեն հասած տվյալներով, տուժողները եղել են ոչ սթափ վիճակում եւ փորձել են ներխուժել սրճարան:

Միջադեպի մասնակից՝ պահակային ծառայության աշխատակից Խաչիկ Գրիգորյանը, որն այդ օրը «Հեյնեկեն» սրճարանի հսկիչն է եղել, զեկուցագիր է ներկայացրել, ուր նշված է, որ ժամը 20-ի սահմաններում, երբ ինքը պահակակետում ծառայություն էր կատարում, երկու անհայտ անձ իր նկատմամբ խուլիգանական արարքներ են կատարել:

Դեռեւս պարզ չէ, թե ինչու են Արզումանյանն ու Հայոցյանը փորձել ներս մտնել մի սրճարան, որը վերանորոգման մեջ է եւ մինչեւ մայիս չի աշխատելու: Սրճարանի տնօրենը կարծում է, որ այցելուները փորձել են ներս մտնել, ինչը կասեցնելը հենց Խաչիկ Գրիգորյանի պարտականությունն է եղել:

Տիգրան Հակոբյանի խոսքերով, տուժողներին մինչեւ գիշերվա երեքը պահել են ներքին գործերի բաժնում:

«Մենք փորձել ենք պարոն Արզումանյանին տեղափոխել հիվանդանոց: 10-15 հոգի այդ ներքին գործերի բաժանմունքի աշխատակիցներից խոչընդոտել են դրան, եւ պարոն Արզումանյանին բռնի ուժով պահել են բաժանմունքում, ինչը օրենքի կոպիտ խախտում է», - ասաց Տիգրան Հակոբյանը:

Միջադեպի առնչությամբ դատախազությունում նյութեր են հավաքվում: Քրեական գործ դեռեւս հարուցված չէ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը ճշտում է դեպքի հանգամանքները եւ դեռեւս հրաժարվում է պատասխանել որեւէ հարցի՝ մինչեւ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:

Իսկ ըստ Տիգրան Հակոբյանի, տուժողները ընդամենը ցանկացել են ճշտել «Առագաստ» սրճարանը մոտակայքում գտնվող ինչ-որ գարեջրատան տեղը: Խոսակցությունը նրանց եւ պահակային ոստիկանի միջեւ վերաճել է ծեծկռտուքի:

Հարկ է նշել, սակայն, որ այդ տարածքում պահակային ծառայություն իրականացնելու իրավունք պաշտոնապես ունեցել է միայն մեկ ոստիկան: Մինչդեռ տուժողներին ծեծել են երեք հոգի:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG