Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանի կողմնակիցներին «համբերատար» լինելու կոչ է արվում


Ներկայումս ազատազրկման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար, գերենալ Սամվել Բաբայանի պաշտպանության մարտական ընկերների կոմիտեն ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ համոզմունք է հայտնում, որ Սամվել Բաբայանը շուտով «վայելելու է ազատությունը» եւ կոչ է անում վերջինս մարտական ընկերներին «լինել համբերատար եւ զերծ մնալ ծայրահեղ գործողություններից»:

Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2000 թվականի մարտին՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով: Ստեփանակերտի դատարանը նրան մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 14 տարվա ազատազրկման: Արցախյան բանակի նախկին հրամանատարը հերքել էր բոլոր մեղադրանքները եւ ասել, որ դրանց դրդապատճառները քաղաքական են:

«Մենք համոզված ենք, որ արդարությունը հաղթելու է եւ Սամվել Բաբայանը շուտով վայելելու է ազատությունը», - ասված է տարածված հայտարարության մեջ, առանց մանրամասնելու նման լավատեսության հիմքերը: - «Նրա մարտական ընկերներին կոչ ենք անում լինել համբերատար եւ զերծ մնալ ծայրահեղ գործողություններից»:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը անցած նոյեմբերին ակնարկել էր, թե Բաբայանին կարող է ներում շնորհվել: Այս ամսվա սկզբին, սակայն, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը հերքեց, թե Երեւանն ու Ստեփանակերտը քննարկել են Բաբայանի ճակատագիրը:

«Արկադի Ղուկասյանը, հակառակ մեր բոլոր հորդորների, իր մեջ այդպես էլ ուժ չգտավ սթափ գնահատելու իրադրությունը եւ վեր կանգնելու անձնական մոտիվներից, փորձ անգամ չարեց սրբագրել իր սխալները», - ասում են հայտարարության հեղինակները:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG