Մատչելիության հղումներ

Կառավարությունը տուգանում է «ԱրմենՏել»-ին


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօր ընդունված որոշմամբ Հայաստանի հեռախոսակապի մենատեր «ԱրմենՏել» ընկերությունը տուգանվեց 5 միլիոն դրամի չափով: Որոշումը նախատեսում է նաեւ այլ պատժամիջոցներ, որոնք հետեւել են «ԱրմենՏել»-ի կողմից իր մենաշնորհային իրավունքները չարաշահելուն:

Մարտի 8-ին «ԱրմենՏել»-ը ներկայացրել էր իր նոր՝ բջջային հեռախոսների քարտային ծառայությունը: Այն բացվում է 24 դոլարով. դրանով բաժանորդը հեռախոսահամարի հետ միասին 20 րոպե խոսելու իրավունք է ստանում: Վաճառքի են հանված 4 կարգի քարտեր՝ 10, 20, 40 եւ 80 րոպեանոց: Բայց «ԱրմենՏել»-ը քարտային րոպեները արդեն ոչ թե 100, այլ 250 դրամով է հաշվում: Բացի այդ՝ ընկերությունը պարտադրում է, որպեսզի նոր ծառայության բաժանորդները վճարեն նաեւ 128 դոլար՝ հեռախոսասարքի համար:

Ըստ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սամվել Ստեփանյանի, «ԱրմենՏել»-ի այդ ծառայությունը սկսվելուց հետո հանձնաժողովը հեռախոսասարքերի բիզնեսով զբաղվող ընկերություններից, ինչպես նաեւ անհատ քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ է ստացել։ Նրանք համարում են, որ ծառայության հետ հեռախոսասարքի պարտադրումը իրենց իրավունքների կոպիտ ոտնահարում է։

Հանձնաժողովն էլ այդ բողոքների հիման վրա ուսումնասիրություն է սկսել ու հանգել հետեւության, որ, իրոք, «ԱրմենՏել»-ը չարաշահում է իր մենաշնորհային դիրքը ու այդ կերպ գերշահույթներ է ստանում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այսօրվա նիստին հրավիրվել էին նաեւ «ԱրմենՏել»ի գլխավոր Ֆինանսական տնօրեն Վասիլիս Կապսիսը եւ ընկերության գլխավոր իրավաբանը։

Ըստ Կապսիսի, շարժական կապի ծառայության հետ նաեւ հեռախոսասարքը վաճառելը նախատեսված է իրենց տրված թիվ 60 լիցենզիայով, ու իրենք մենաշնորհային դիրքը ամենեւին չեն չարաշահում։ Կանխավճարային ծառայության փաթեթի հետ հեռախոսասարք տրամադրելը նորմալ պրակտիկա է, որ կիրառում են այդ ոլորտում աշխատող միջազգային ընկերությունները:

Վասիլիս Կապսիսը չկարողացավ հստակ պատասխանել հարցին, թե ինչու՞ «ԱրմենՏել»-ը չի կիրառում այն ընկերությունների փորձը, որոնք սպառողներին պարզապես նվիրում են հեռախոսասարքերը, ասելով, թե իրենք շտապեցին այս նորույթը օր առաջ ներդնել, ծախսերը մեծ են՝ ուստի շահույթներն էլ պետք է բարձր լինեն:

«ԱրմենՏել»-ի փոխտնօրենը խոստովանեց, որ նոր ծառայության շահութաբերությունը 30 տոկոս է, ու հնարավորություն կա դրա հաշվին էապես իջեցնել ծառայության սակագինը:

Վասիլիս Կապսիսը քննարկման ընթացքում զգալով, որ որոշումը «ԱրմենՏել»-ի համար նպաստավոր չի լինելու, հայտարարեց, թե երկու օր առաջ «ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրենը որոշում է ընդունել վերանայել սակագները՝ իջեցման ուղղությամբ։

Սակայն, այս հայտարարությունը ամենեւին չազդեց հանձնաժողովի ընդհանուր տրամադրության վրա, ու նախօրոք մշակված որոշման նախագիծը առանց փոփոխության ընդունվեց։ Դրանով, նախ օրենքը խախտելու համար «ԱրմենՏել»ը տուգանվեց 5 միլիոն դրամի չափով։

Որոշումը «ԱրմենՏել»-ին պարտադրում է հինգ օրվա ընթացքում կենտրոնական լրատվամիջոցներով նոր ծառայությունից օգտված բաժանորդներին տեղեկացնել հեռախոսասարքը վերադարձնելու եւ դրանց դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորության մասին։

Սարքերի ետգնումն «ԱրմենՏել»-ի կողմից պետք է կատարվի մեկամսյա ժամկետում։ Միեւնույն ժամանակ, ըստ որոշման, օրենքի խախտմամբ գոյացած ողջ շահույթը պետք է բռնագանձվի պետական բյուջե։

Վասիլիս Կապսիսը հայտարարեց, թե իրենք չեն կատարելու ոորշումը ու դիմելու են դատարան։

«ԱրմենՏել»-ի լրատվական ծառայությունից մեզ այսօր տեղեկացրին, որ մինչ այժմ 810 բաժանորդներ արդեն հասցրել են օգտվել կանխավճարային քարտերի ծառայությունից ու, իհարկե, նաեւ ձեռք են բերել «ԱրմենՏել»-ի հեռախոսասարքերը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG