Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում


Ինչպես այսօր հայտարարել է Պենտագոնը, պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հանդիպում կունենա ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հետ:

Պենտագոնի հայտարարության մեջ ասված է, որ Ռամսֆելդը Սարգսյանին կդիմավորի Պենտագոնի շքամուտքի աստիճանների վրա՝ պատվո պահակախմբով: Երկկողմ ռազմական կապերի քննարկմանը նվիրված բանակցություններից հետո Սերժ Սարգսյանն ու Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Փոլ Վոլֆովիցը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն:

Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը լրագրողներին ասել էր, թե ԱՄՆ-ում քննարկելու է «հայ-ամերիկյան ռազմական համագործակցություն սկսելու եւ շարունակելու խնդիրները»: Պաշտոնական այցի առաջին իսկ օրը Հայաստանի պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետեւանքով փլուզված Համաշխարհային առեւտրի կենտրոնի մոտ:

Ուրբաթ օրը Սերժ Սարգսյանը առանձին հանդիպումներ կունենա փոխարտգործնախարար Ռիչարդ Արմիթեյջի եւ Ազգային անվտանգության խորհրդի փոխտնօրեն Սթեֆան Հեդլիի հետ: Ծրագրված է նաեւ նրա այցելությունը Վաշինգտոնի Ազգային պաշտպանության համալսարան:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG