Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի մատուցմամբ, «ղարաբաղյան բանակցությունների ֆորմատի ընդլայնմամբ ընդամենը ավելի ինտենսիվ բանակցային գործընթացների իմիտացիա է ստեղծվում՝ դրանով թոթափելով երկրների նախագահների ուսերից բանակցությունների ընթացքի անմիջական պատասխանատվությունը: Ստեղծվում է մի արհեստածին մարմին, որի վրա նախագահները կարող են պարբերաբար հղումներ կատարել»:

«Ազգ» թերթի մեկնաբանն էլ նշում է. «Նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի շուրջ երկու տասնյակ հանդիպումները նկատելի առաջընթաց չարձանագրեցին։ Նախագահների մակարդակով բանակցությունների շարունակումը կոնկրետ արդյունքների բացակայության պայմաններում, ըստ երեւույթին, կարժեզրկեր խաղաղության գործընթացը։ Ե'վ Արազ Ազիմովը, եւ' Թաթուլ Մարգարյանը լրջորեն չեն զբաղվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացով։ Բայց սա այնքան կարեւոր չէ, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս փուլում առավել շահագրգռված է Ղարաբաղի հարց լուծողի պատրանք ստեղծելով»։

Ռուսաստանցի լրագրողուհի Նատալյա Պուլինան «Եվրասիան այսօր» ամսագրում հրամցրել է Ռոբերտ Քոչարյանի այնպիսի բարեմասնություններ, որոնք մենք չգիտես ինչու չենք տեսնում, - անդրադարձել է «Առավոտ» թերթը: - Բայց եթե նա այդքան իրազեկ է, ուրեմն նաեւ լավ գիտի, որ, օրինակ, «Հայաստանում քաղաքական ուժ են համարվում միայն Քոչարյանի համակիրները։ Ընդդիմադիրները կուսակցությունների շարքերում չեն։ Եվ ոչ իշխանամետ մամուլն էլ մամուլ չէ»: Այնպես որ դրանք հենց անտեսման էլ արժանի են:

«Իրավունք» թերթի վերլուծությամբ, Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հենարանների սուր պակաս է զգում, նրան, որպես նախագահի թեկնածուի, պաշտպան առաջադրված ՀՌԱԿ-ը շատ դժվար է համարել ծանրակշիռ հենարան, եւ դա է պատճառը, որ ֆոն ստեղծելու համար կրկին ասպարեզ է բերվում եւ Հայրիկյանը: Մեկնաբանը չի բացառում, որ «իրավիճակը հօգուտ իրեն փոխելու նպատակով, նախագահը կարող է տեղաշարժել խորհրդարանական ընտրությունների ժամկետները՝ ասենք, մայիսին լուծարելով Ազգային ժողովը: Եվ այդ դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրություններում բազմաթիվ քաղաքական ուժեր խորհրդարանում ներկայացված լինելու համար հարկադրված են լինելու հավատարմության երդում տալ գործադիր եւ ուժային լծակներ ունեցող նախագահին, ու դրանով կլուծվի նախընտրական քաղաքական հենարան ունենալու հարցը»:

«Գոլոս Արմենիի» թերթը հիշեցնում է, թե ինչպես էին չորս տարի առաջ հեռացողների կարկառուն դեմքերը միմյանց սուր հրապարակային մեղադրանքներ նետում: Այդ ժամանակ պատասխանատվության վախ կար, հետո հանգստացան՝ տեսան, որ պատիժ չի լինելու, որովհետեւ երկիրը ինչպես ապրել էր, այդպես էլ շարունակում էր ապրել ոչ թե օրենքներով, այլ, այսպես ասած՝ հասկացություններով: «Եվ հիմա վերադառնում են, որովհետեւ վախենալու բան չունեն», - էվոլյուցիան է ներկայացնում մեկնաբանը: - «Նախընտրական բեմում նույն դեմքերն են, շրջանառության մեջ նույն կիսագողական, կիսազորանոցային չափանիշերը, ու հետեւաբար ամենաթույլ հույսն անգամ չկա,, որ ինչ-որ բան կփոխվի»:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ըստ «Գոլոս Արմենիի»-ի, ելնելով նույն հասկացություններից, ՀՀՇ-ն որոշում է ընդունել առաջ մղել Ստեփան Դեմիրճյանին, եւ նախկին նախագահի ու ՀԺԿ ղեկավարի հանդիպումները վերջերս պարբերական են դարձել:

Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ընտրության առնչությամբ «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը ընդհանրացրել է. «Ինչպես ցանկացած ընտրություն Հայաստանում, այս ընտրություններն էլ չի կարող ազատ ու թափանցիկ համարվել, քանզի մեծ խորհրդի ներկայացուցիչ հանդիսացող դեկանների ու ամբիոնի վարիչների ներկա կարգավիճակը նրանց պարզապես չի տալիս ո'չ այդ ազատությունը, ո'չ էլ անկախությունը... Երեկ ռեկտորը, որպեսզի խուսափի նոր քննադատական ալիքից, պարզապես որոշել էր իր ասուլիսին չհրավիրել անհաճո թերթերի ներկայացուցիչներին, ինչ բնականաբար, զավեշտի վերածվեց», - նշվում է «Հայոց Աշխարհ»-ում:

Իսկ «Հայկական ժամանակ»-ը առաջին էջում դրան անդրադարձել է այսպես. «Ռադիկ Մարտիրոսովիչ Մարտիրոսյանը այլեւս ԵՊՀ-ի ոչ թե սովորական, այլ ինքնակոչ ռեկտոր է: Նա այդ պաշտոնը զավթել է ՀՀ օրենսդրության ակնհայտ խախտումներով... Նա երեկ չի դիմացել խաչաձեւ հարցաքննությանը եւ մի քանի՝ իր համար ոչ նպաստավոր արտահայտություններ է արել: Նեղն ընկնելով՝ դիմել է հանրահայտ տրյուկին, ըստ որի, երբ ասելիքդ վերջանում է, սկսում ես «քացու տակ» գցել նախկին իշխանություններին»:

«Բայց չէ՞ որ լավ ենք հիշում, որ նա ընդգրկված էր նաեւ նախկինների «Հանրապետություն» միավորման նախընտրական ցուցակում: Աստված գիտի, թե ինչքան ջանք է գործադրել պարոն Մարտիրոսյանը՝ գոնե 98 համարի տակ տեղ գտնելու համար մի ցուցակում, որի առաջին տեղում Բաբկեն Արարքցյանն էր, երկրորդ տեղում՝ Տեր-Հուսիկ քահանա Լազարյանը», - մեծություններ է համադրում «Հայկական ժամանակ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG